Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՈՏԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՆ ԷՐ…



ՈՐՈՏԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՆ ԷՐ...… 93-ի ամռան վերջին օրը Հայոց բանակի տարբեր ջոկատներ մտան Կուբաթլու քաղաք, և ազատագրվեց ևս մեկ հայրենի տարածք: Մտնելով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի կազմ՝ Կուբաթլուն վերանվանվեց Որոտան: Այժմ այստեղ իսկական տերն է ապրում, շենացնում: Քաղաքի ազատագրման 26-ամյակի առթիվ օգոստոսի 31-ին կայացավ տոնական մեծ միջոցառում: Այստեղ Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հիշատակին տարիներ առաջ կանգնեցված խաչքարի մոտ զինվորները պատվո պահակ էին կանգնել: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ, շրջվարչակազմի ղեկավարության կողմից դրվեց ծաղկեպսակ: Հնչեցին երկու հանրապետությունների օրհներգերը, հրապարակ բերվեցին պետական և զորամասի դրոշները, եղավ լռության րոպե: Զինվորների շարքի առջևով, ծաղիկները ձեռքներին, անցան քաղաքի այն երեխաները, ովքեր այս ուստարում կհաճախեն առաջին դասարան: Ողջույնի խոսքով հանդես եկավ զորամիավորման ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը:
Քաշաթաղի շրջվարչակազմի անունից որոտանցիներին և ներկաներին շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհ.Սահակյանը: Անդրադառնալով 1993թ. Հակարի գետի ավազանի մարտական գործողություններին՝ նա ասաց. «Ղուբաթլու-Որոտանի ազատագրման ճամփան անցնում էր մի քանի հանգուցային կետերով, որոնցից մեկը մայրուղին էր՝ Հակարի գետի երկայնքով փռված բնակավայրերով մինչև Իշխանաձորի կամուրջ, մյուսը՝ կոռնիձորյան բարձունքներից մինչև Որոտան գետի ձախափնյակը, երրորդը՝ Ամուտեղ-Բաշարաթի բարձունքը։ Այս բոլոր ուղղություններով Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, կենտրոնական պաշտպանական շրջանների, մոտոհրաձգային բրիգադի, «Սիսական» ջոկատի, ինչպես նաև տարբեր մարզերից կամավորագրված ազատամարտիկների համակցված և միաժամանակյա գրոհի շնորհիվ թշնամին համառ դիմադրությունից հետո ի վերջո թողեց քաղաքը»: Որոտանի քաղաքային համայնքի ղեկավար Վրույր Ասրյանն էլ իր ելույթում ասաց. «1993 թվականի օգոստոսի 31-ին ազատություն և բարություն սփռվեց նաև Հայոց ոստան Որոտանի վրա՝ տալով նրան հայի երբեմնի կորած շունչն ու ուժը, հայի մուրճի զրնգուն ձայնը»:
ՈՐՈՏԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՆ ԷՐ...Զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Էդգար Մաթևոսյանը Որոտանի ազատագրման ռազմական գործողության մշակումն ու իրագործումը համարեց փայլուն գաղափար, որի շնորհիվ համեմատաբար սակավ կորուստների գնով նվաճվեց մեծ հաղթանակը: Ելույթներից հետո եղավ պարգևատրման արարողություն: Շրջվարչակազմի ղեկավար Ստ. Սարգսյանի կողմից պատվոգրի արժանացան Որոտանի ազատագրման մասնակից ազատամարտիկներ Խաչատուր Իսունցը և Սեյրան Խաչիկյանը, ինչպես նաև՝ Որոտանի ներկա և նախկին քաղաքապետներ Վրույր Ասրյանը, Կոմիտաս Դավթյանը, բնակիչներ Արմինե Ղազարյանը, Աննա Բաբայանը: Քաղաքային համայնքի ղեկավար Վ. Ասրյանի կողմից նույնպես եղան պարգևներ: Զորամիավորման հրամանատարի կողմից էլ պատվոգրերի արժանացան Որոտանի քաղաքային և Հայկազյանի գյուղական համայնքների ներկայացուցիչները:
Հանդիսավոր մասից հետո ցուցադրական ելույթ ունեցան զորամասի հետախուզական ստորաբաժանման մարտիկները՝ ներկայացնելով իրենց արհեստավարժությունը: Այնուհետև զորամիավորման հրամանատարի տեղակալի ուղեկցությամբ ներկաները ծանոթացան ժամանակակից որոշ զինատեսակների: Տոնական օրն ավարտվեց համերգով:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #34 (1305) 04.09.2019 - 10.09.2019, Բանակ և հասարակություն


05/09/2019