ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Տարածքը – 2704 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը – 9.1%
Մարզկենտրոնը` ք. Իջևան
Տարածաշրջանները` Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Տավուշ
Քաղաքները` Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում
Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 2993 մ (Մուրղուզ լ.)
Ամենացածր կետը ծովի մակարդակից – 370 մ
Բնակչությունը – 123.5 հազ. մարդ (2018թ. դրությամբ)
ՄԱԿԱՐԱՎԱՆՔ
Մակարավանքը XIII դարի հայկական վանական համալիր է Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղի մոտ` Պայտաթափ լեռան լանջին: Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ միջնադարյան ճարտարապետության մեջ:
Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ.: Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի: Կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիսարևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան): Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով: Արևմտյան դուռն ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է: Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը: Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ: Եկեղեցու լուսավոր և ընդարձակ ներսակողմում խիստ տպավորիչ է ու լուծումով ինքնատիպ խորանի հարդարանքը: Աբսիդի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով՝ միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով: Բեմի ճակատի ամբողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով՝ երիզված հյուսկեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով: Ուշագրավ է ութանկյուն աստղերի մշակումը: Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական չկրկնվող զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն: Այստեղ առկա է նաև գավթի կառուցող Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց իշխան Վաչե Ա Վաչուտյանի զինանշանը՝ զույգ արծիվների պատկերով: Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով զուգահեռներ չունեն միջնադարյան հայ արվեստում: Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը՝ Երիտասարդ: Մակարավանքի գավիթը 1207թ. կառուցել է իշխանաց իշխան Վաչե Ա Վաչուտյանը: Այն արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից՝ գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Արևմտյան շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ: Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը: Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը:
Գավիթը (1224թ.) հյուսիսային կողմից կից է գլխավոր եկեղեցուն: Երկու եկեղեցիները դռներով հաղորդակցվում են գավթի հետ: Պատկանում է 4 սյունանի գավիթների տիպին: Քառակուսի դահլիճ է: Միակտոր գլանաձև սյուների վրա հենվում է կենտրոնական երդիկավոր ծածկը, որի հիմքի գոտին ու չորս անկյունների առագաստները քանդակազարդ են: Քանդակազարդ է նաև արևմտյան ճակատը և շքամուտքը: Նշխարատունը կից է հին եկեղեցուն, քառակուսի հատակագծով, թաղածածկ, 5,3 X 5 մ չափի շինություն է, արևելյան պատի հյուսիսային մասում բուխարու խորշով:
Մակարավանքի երկրորդ՝ հնագույն եկեղեցին (XI-XII դարեր) համալիրի հյուսիս-արևելքում է: Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով: Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ՝ հավանաբար սա նախօրինակ է ծառայել գլխավոր եկեղեցու բեմի զարդաքանդակների համար:
Հին եկեղեցին տեղակայված է սարահարթի հյուսիսարևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում: Ներսից խաչաձև է (10,1X 8,4 մ), իսկ արտաքինից քառանկյուն հատակագծով շինություն է, շարված կարմրավուն, խոշոր քարերով, կրաշաղախով: Ներսից պատերը սվաղված են, գմբեթը կառուցված է սրբատաշ բաց աղյուսագույն քարերով: Մուտքը բացվում է արևմտյան պատից՝ գավթի մեջ: Գմբեթի թմբուկը գլանաձև է: Բեմի ճակատը ծածկված է բուսական և երկրաչափական նուրբ քանդակազարդերով: Եկեղեցու կառուցման ժամանակը, դատելով ոճից, կարելի է համարել XI-XII դդ.: Գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հյուսիսարևելյան անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով, սպիտակավուն քարով շինված նշխարատան (XIII դար) պատերը:
Սուրբ Աստվածածին եկեղեցին 1198թ. կառուցել է Մակարավանքի առաջին վանահայր Հովհաննես Ա-ն՝ իր ծնողների և եղբայրների հիշատակին: Այն ներսից խաչաձև, արտաքինից ութանիստ, սրբատաշ քարերով կառուցված շինություն է: Լուսամուտները պսակված են ճոխ ձևավորված շրջանակներով: Եկեղեցու պատերին քանդակված են առյուծների, թռչունների և վարդյակների բարձրաքանդակներ: Դրանցից մեկը պատկերում է արագիլ՝ պարանոցին փաթաթված օձի կոկորդը բռնած, իսկ մյուսը` իրար հետ կռվող երկու կենդանի: Իր հատակագծային և ծավալատարածական ձևերով եկեղեցին յուրօրինակ է, մասամբ հիշեցնում է Անիի Ապուղամրենց եկեղեցին:
Տավուշի բերդ կամ Ցլիկ Ամրամի բերդ, միջնադարյան բերդ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում:
Տավուշի բերդն առաջին անգամ հիշատակվում է X դարի սկզբում` որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի): X-XI դարերում ամրոցը անցել է Կյուրիկյաններին:
XIV դարից բերդը եղել է լքված, այժմ այն վատ վիճակում է:
Տավուշի բերդը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից: Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը: Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիսարևմտյան մասերում: Մուտքը եղել է հարավային կողմից: Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել: Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք: Ստորին բերդը միջնաբերդի արևելյան ստորոտին է եղել, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճի տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր:
Կապտավանքը Տավուշի մարզի Չինչին գյուղից հարավ-արևմուտք է, անտառապատ լեռան լանջին:
Կապտավանքը ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով, գմբեթավոր հորինվածք ունի: Մուտքերը հարավից և արևմուտքից են: Կառուցված է կոպիտ տաշված ֆելզիտից: Գմբեթի թմբուկի վերին շարքի և քիվի վրա որպես զարդաքանդակ փորագրված են խաչեր:
Չինչին գյուղի շրջակայքում պահպանվել են խաչքարեր (XIII-XVIIդդ.), գյուղատեղիներ, գերեզմանոցներ (XIII-XVIIդդ.), քարայրեր, ամրոց:
(ԱՆԱՊԱՏ)
Ենոքավանը Իջևանի գյուղերից է: Ենոքավանից 3կմ հեռավորության վրա Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում է Լաստիվեր երկհարկ քարանձավը:
Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը:
Քարանձավը ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա է: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ Լաստիվեր անունով:
Սենյակների պատերին ոմն նկարիչ թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով: Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է:
(XII-XIII դդ.)
Դեղձնուտի վանքը Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից մոտ 15կմ հարավ-արևելք` անտառի խորքում է:
Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից և մատուռից: Շուրջը հին բնակավայրի ավերակներ են և գերեզմանոց: Եկեղեցին կառուցված է սրբատաշ մուգ վարդագույն տուֆով, ունի «գմբեթավոր դահլիճի» հորինվածք: Աբսիդի երկու կողմերում կան երկհարկանի ավանդատներ, որոնց երկրորդ հարկի մուտքերը բեմից են: Պատերը դրսից մշակված են հարդարանքով հարուստ որմնակամարաշարով: Գավիթը շինված է նույն քարից, ունի քառակուսի հատակագիծ: Պատկանում է կենտրոնակազմ, խաչվող կամարներին դրվող ծածկով գավիթների տիպին և ունի XIIIդ. նվիրատվական արձանագրություններ:
Շարունակելի
ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ենթասպա
Խորագիր՝ #34 (1305) 04.09.2019 - 10.09.2019, Հոգևոր-մշակութային