Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ԱՊԱԳԱ ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ



ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ԱՊԱԳԱ ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ«Գերազանց եմ սովորելու, որ դառնամ լավ կապավոր»,- վստահ ու հաստատակամ ասում է շարքային Էրիկ Եփրեմյանը: Էրիկը երկու ամիս է, ինչ զորակոչվել է ազգային բանակ, բայց արդեն լավ գիտի իր անելիքը: Կապի ուսումնական զորամասում   նա արդեն անցել է նորակոչիկների նախապատրաստական դասընթացները, և հերթը հիմա մասնագիտական հմտությունները  զարգացնելունն է:

-Ուսումնական փուլը զորամասում հագեցած է, իսկ սպայական կազմն ամեն ջանք գործադրում է, որ  տղաները մասնագիտական հմտություններ ձեռք բերեն: Ակնկալում ենք, որ փուլի ավարտին կունենանք գերազանց արդյունքներ,- վստահեցնում է  զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական  ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ  Սասուն Ավթանդիլյանը:

Համաձայն ուսումնական ծրագրի՝ զինծառայողների  օրը  զորամասում սկսվում է շարահրապարակից: Լավ մարզավիճակ ձեռք բերելու, ֆիզիկապես կոփվելու համար Էրիկն ու իր ընկերները պարապում են անընդհատ՝ կատարելով սպաների առաջադրանքները և շտկելով  նկատված թերությունները: Մարզական վարժանքներին հաջորդում են մասնագիտական պարապմունքները.  «Արդեն երկու շաբաթ է, ինչ սկսվել են դասընթացները: Ամենայն մանրամասնությամբ մեզ մատուցվում են կապավորի մասնագիտության բոլոր նրբությունները: Սպաները ամեն ինչ անում են, որ մեզանից յուրաքանչյուրը այստեղից դուրս գա որպես լավագույն կապավոր»,- ասում է Եփրեմյանը:

Մասնագիտական դասերի ու պարապմունքների ընթացքում տղաները  սովորում են օգտվել կապի միջոցներից, տեղեկանում դրանց նշանակության, առանձնահատկությունների, մեր բանակի համար դրանց կարևորության մասին: Լսարանում ևս Էրիկն իրեն դրսևորում է գերազանց: Նա իր գիտելիքներով արդեն իսկ հասցրել է աչքի ընկնել. առաջադրանքները կատարում է ճիշտ եւ ժամանակին:

 

Կապ չկա` չկա կառավարում

 

ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ԱՊԱԳԱ ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸՈւսումնական զորամասում ապագա կապավորները սահմանված կարգով և ժամանակացույցով ստանում են անհրաժեշտ գիտելիքների հսկայական պաշար: Փոխգնդապետ Ավթանդիլյանը վստահեցնում է, որ վեց ամիս հետո զինծառայողները զորամասեր  «կուղևորվեն» որպես պատրաստված ու փորձառու կապավորներ: «Մենք պատրաստ ենք մեր բոլոր ջանքերը ներդնելու, որպեսզի մեր կուրսանտները ստանան գիտելիքների այնպիսի պաշար, որ զորքերում իրենց հետագա ծառայությունը լինի ավելի դյուրին ու կազմակերպված: Ամեն ինչ գերազանց է լինելու»,- վստահեցնում է կապի դասակի հրամանատար, կապիտան Խաչիկ Բարսեղյանը:

Թեեւ կապի ուսումնական զորամասում հանգստի ժամ է, բայց մեր հերոսը՝ շարքային Եփրեմյանը, հանգստի փոխարեն նախընտրում է   ստացած տեսական գիտելիքները ստուգել գործնականում և շտապում է հաստիքային տեխնիկայի տարածք: Նա մեկ առ մեկ մեզ բացատրում է, թե ինչպես է մեր բանակում գործի դրվում կապի համակարգը, ինչպես պետք է դրանից ճիշտ օգտվել և արագ կապ հաստատել: Էրիկն առայժմ կապ հաստատելու փորձեր է կատարում, բայց վստահ է, որ զորքերում իր առաքելությունը պատվով կկատարի: Նրա հետ համակարծիք են նաև ծառայակից ընկերները՝ շարքայիններ Արման Ամիրխանյանն  ու Վահե Ղարիբյանը, որոնք ևս անհամբեր սպասում են, թե երբ են գնալու զորքեր՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները նպատակին հասցնելու համար:

Զորամասի հրամանատարությունը վստահեցնում է՝ մեր զինված ուժերի կապի համակարգը գործում է անխափան եւ  պաշտպանված է գերազանց: Ե՛վ խաղաղ, և՛  պատերազմական պայմաններում մեր բանակն   ունենալու է կայուն, հուսալի կապ, քանի որ մեր կապավորները հրաշալի գիտակցում են իրենց մասնագիտության կարևորությունն ու նշանակությունը: Նրանք այստեղից զորքեր են մեկնելու որպես գերազանց մասնագետներ՝ իրենց մասնագիտական բարձր գիտելիքներով է՛լ ավելի հզորացնելու ու կատարելագործելու զինված ուժերի կապի համակարգը:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #34 (1305) 04.09.2019 - 10.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/09/2019