Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ



Տարածքը – 2704 քառ. կմ

ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը –  9.1%

Մարզկենտրոնը` ք. Իջևան

Տարածաշրջանները` Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Տավուշ

Քաղաքները` Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում

Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 2993 մ (Մուրղուզ լ.)

Ամենացածր կետը ծովի մակարդակից – 370 մ

Բնակչությունը – 123.5 հազ. մարդ (2018թ. դրությամբ)

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՋուխտակ վանք

 

Ջուխտակ վանքը Դիլիջանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին է:

Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Ջուխտակ վանքը հիմնադրվել է XI-XII դարերում: Ջուխտակ անվանումը ժողովրդական է (Ջուխտ նշանակում է զույգ):

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կենտրոնագմբեթ է, որմնամույթերի վրա հենվող 4 կամարներով, սրբատաշ քարերով: Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով: Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել, քան Սուրբ Աստվածածինը:

Սուրբ Աստվածածինը ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201թ. վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ: Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանիքով շինություն է: Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա է: Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները: Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր: Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով:

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՄաթոսավանք

 

Մաթոսավանքը Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին է, Շամախյան գյուղից ոչ հեռու:

Մաթոսավանքը բաղկացած է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից:

Հուշարձանախմբի հարավ-արևելքում գերեզմանոցն է: Եկեղեցին կառուցվել է 1205թ, կիսամշակ խոշոր քարերով: Թաղակապ ծածկով փոքր շինություն է, մուտքը արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված է հիմնադրման արձանագրությունը: Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր: Գավիթը արևմուտքից կից է եկեղեցուն: Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն է: Լուսավորվում է արևմտյան պատի լուսամուտից: Կան մի քանի տապանաքարեր: Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից է գավթին: Նույնպես թաղակապ շինություն է: Մուտք ունի նաև արևելյան կողմից: Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ:

Ունի երկու տաճար և մեկ գավիթ: Վանքի համալիրի մեջ մտնում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը՝ Իվանե Զաքարյանի որդին, 1247 թ.: Այժմ կիսավեր է: Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ: Երբեմն նաև կոչվում է Պղնձահանք (Պղնձահանքի) Սուրբ Աստվածածին եկեղեցի:

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱղջկա բերդ

 

Հին ռազմական կառույց է Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին: Բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով, մուտքի ներսում առկա է փոքր պահակատուն:

Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի: Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները, կառուցված են կապտավուն բազալտից եւ ամուր կրաշաղախով:

 

Կիրանցի վանական համալիր

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԿիրանցի վանական համալիրը (XIIIդ.) Կիրանց գյուղի մոտ է: Բաղկացած է աղյուսաշեն, սրբատաշ երեք եկեղեցուց, սրահ-գավիթներից, սեղանատնից, հարավից` բնակելի և տնտեսական շենքերից, կամարակապ մեծ դարպասով պարսպից:

Գլխավոր եկեղեցին զույգ մույթով գմբեթավոր շենք է, որի ութանիստ թմբուկով գմբեթը կրում են մույթերի ու բեմի աբսիդի անկյունների միջև ձգվող կամարները: Աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ են: Արևելյան ճակատը մշակված է զույգ եռանկյունաձև խորշերով: Մուտքերի բացվածքների եզրերը, շարված սրբատաշ քարից, ծածկված են բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով: Գմբեթի վերձիգ թմբուկի զարդագոտիները կազմված են աստղեր ու լուսին պատկերող բազմագույն ջնարակած սալիկներից: Գլխավոր եկեղեցուն հյուսիսից և հարավից կից են մյուս երկու միանավ դահլիճ տիպի եկեղեցիները:

Սեղանատունը, կառուցված անմշակ և կիսամշակված ավազաքարից, գետաքարից, երեք թաղակիր կամարներով մեծ թաղածածկ դահլիճ է, միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից մեկն է: Գլխավոր եկեղեցու և սեղանատան ներսը որմնանկարազարդ է, մակագրությունները վկայում են վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին:

 

Սրվեղի վանքը

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՏավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավ, Խաչի տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին է Սրվեղի վանքը:

Սրվեղի վանքը կառուցվել է XIII դարում: Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված թրծած աղյուսով: Միայն պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Կիրանց հուշարձանախմբից հետո տարածաշրջանում սա երկրորդ աղյուսաշեն հուշարձանախումբն է:

Սրվեղի համալիրի վանքի ընդհանուր համալիրը բաղկացած է հետևյալ մասերից՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Խուցեր, Ձիթհանք, օժանդակ շինություններ (ժամանակին առնված են եղել շրջապարիսպի մեջ):

Վանքի տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, գերեզմանոցներ:

Սուրբ Նշան եկեղեցու պատերի վրա կան արձանագրություններ, որոնցից մեկը 1152 թվականի է: Հուշարձանի վրա կան նաև վերանորոգման վերաբերյալ արձանագրություններ:

Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը:

Համալիրի հյուսիսային կողմում պահպանվել են XIX դարի Սուրբ Աստվածածին միանավ, դահլիճ տիպի եկեղեցու պատերը: Եկեղեցին կոպտաշար քարերից է: Կառուցել է 1889թ. գյուղի համայնքը՝ քահանա Տեր Հովհաննեսի ղեկավարությամբ: Այդ մասին արձանագրված է մկրտության ավազանի մոտ գտնվող քարին: Սրվեղի շրջակայքում կան բազմաթիվ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր, թրծված կավե ջրատար խողովակներ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ   ԳԵՎՈՐԳՅԱՆ

ենթասպա

Խորագիր՝ #35 (1306) 11.09.2019 - 17.09.2019, Հոգևոր-մշակութային


12/09/2019