ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ ԵՎ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ
Վերահսկելով պարենամթերքը, դուք վերահսկում եք բնակչությանը:
Անոթի մարդիկ լսում են միայն նրանց, ովքեր հաց ունեն:
Սնունդը գործիք է: Այն զենք է ԱՄՆ բանակցությունների զինանոցում:
Հենրի Քիսինջեր 1969-1975 թթ.
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական:
1973-1977թթ. ԱՄՆ պետ. քարտուղար
Գենետիկորեն ձևափոխված կամ տրանսգեն օրգանիզմների, ինչպես նաև դրանց վերամշակումից ստացվող մթերքի կիրառման հիմնախնդիրը շարունակում է մնալ հրատապ՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն հասարակության շրջանում: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները ստեղծվում են իրենց գենոտիպի մեջ այլ կենդանի օրգանիզմների ԴՆԹ-ի (կենդանի օրգանիզմների ժառանգական նյութ կրողը) հատվածների տեղադրման միջոցով, ինչի շնորհիվ ձեռք են բերում նոր, մինչ այդ իրենց տեսակին ոչ բնորոշ հատկանիշներ:
Ներկայումս գոյություն ունեցող գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մեծ մասը ստեղծվել է հիմնարար և կիրառական գիտահետազոտական նպատակներով: Տրանսգեն օրգանիզմները մեծ նշանակություն ունեն կենսաբանական պրոցեսների և գեների ֆունկցիաների ուսումնասիրման համար: Դրանց միջոցով մոդելավորում են տարբեր հիվանդություններ և փորձում գտնել բուժման ուղիները: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների միջոցով ուսումնասիրվում են որոշ հիվանդությունների՝ Ալցհեյմերի հիվանդության, չարորակ նորագոյացությունների և այլնի զարգացման օրինաչափությունները, ծերացման և վերականգնման ընթացքը, նյարդային համակարգի գործունեությունը: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները կարելի է բաժանել երեք մեծ խմբերի՝
- գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմներ,
- գենետիկորեն ձևափոխված կենդանիներ,
- գենետիկորեն ձևափոխված բույսեր:
Գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմները հիմնականում կիրառվում են սննդի և դեղորայքի արտադրության ոլորտում: Գենային ինժեներիայի մեթոդներով ստացված առաջին դեղամիջոցը, որը հաստատվել է կիրառման համար, ինսուլինն է: Շաքարային դիաբետի բուժման համար անհրաժեշտ ինսուլինը 1923-ից մինչև 80-ական թթ. արտադրվում էր կենդանական հումքից՝ խոզերի և խոշոր եղջերավոր կենդանիների ենթաստամոքսային գեղձից: Ինսուլինի արտադրությունը բավականին բարդ էր և թանկ, չէր բավարարում պահանջարկը, պարունակում էր պրոինսուլինային խառնուրդներ, ինչի պատճառով հիվանդների մոտ բուժման ընթացքում առաջանում էին ուժեղ ալերգիկ ռեակցիաներ: Մարդու ինսուլինի գենը փոխադրելով խմորասնկերի կամ աղիքային ցուպիկի գենոմի մեջ, հնարավոր դարձավ արտադրել բժշկության մեջ լայնորեն կիրառվող ինսուլինը: Ներկայումս դեղատներում վաճառվող 100-ից ավելի դեղամիջոցներ արտադրվում են գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմների միջոցով:
Տրանսգենային միկրոօրգանիզմները կիրառվում են սննդային ֆերմենտների արտադրության մեջ: Օրինակ՝ որոշ ֆերմենտներ օգտագործվում են հացաթխման ընթացքում, ինչի շնորհիվ ալյուրը ձեռք է բերում ավելի սպիտակ գույն, իսկ հացը դառնում է ավելի փքուն: Գենային ինժեներիայի մեթոդներով ձևափոխված սնկերն ու խմորասնկերը ընդգրկված են գինեգործության, պանրագործության, գարեջրի արտադրության մեջ:
Ներկայումս ստեղծված են գենետիկորեն ձևափոխված բազմաթիվ կենդանիներ՝ ֆիզիկաքիմիական հատկանիշներով կերակրող մայրերի կաթին համարժեք կաթ արտադրող կովեր, բնական ցեղակցի համեմատ ավելի արագ աճող և ավելի խոշոր սաղմոն, սպանախի գեն պարունակող խոզեր, որոնք ավելի քիչ ճարպ ունեն, տրանսգեն այծ, որի կաթից ստացվում է արյան մեջ թրոմբների առաջացումը կանխող հակաթրոմբինային պատրաստուկ, վառ գունավորում ունեցող ակվարիումային ձկներ, որոնք մթության մեջ լույս են տալիս և այլն:
Գենետիկորեն ձևափոխված բույսերը իրենց բազմազանությամբ և կիրառմամբ ամենամեծ խումբն են կազմում: Ի սկզբանե այս բույսերն ստեղծվում էին մոլորակի բնակչության արագ աճի պայմաններում, հատկապես Աֆրիկայի եվ Ասիայի երկրներում սովի դեմ պայքարելու նպատակով: Այդ պատճառով կենսատեխնոլոգիական բոլոր ուժերը ուղղվեցին ստեղծելու այնպիսի բուսատեսակներ, որոնք ունակ կլինեին աճելու գործնականում տարբեր կլիմայական գոտիներում՝ սառած հողերում, աղուտներում, անապատային պայմաններում, կունենային պահպանման երկար ժամկետներ՝ տեղափոխման և պահեստավորման համար, կլինեին կայուն վնասատուների և հերբիցիդների հանդեպ, կունենային համային լավ որակներ և ավելի բարձր սննդային արժեք:
Այժմ ամենամեծ կիրառություն ունեցող հերբիցիդը գլիֆոսատն է (Glyphosate), որը «Ռաունդափ», «Ուրագան», «Տորնադո», «Տրիումֆ», «Ագրոքիլլեր» և այլ առևտրական անվանումներով հայտնի թունաքիմիկատների բաղադրության ազդող նյութն է: Այս հերբիցիդը ոչ ընտրողական ներգործություն ունի բույսերի վրա, և նրա ազդեցության մեխանիզմը հիմնված է որոշակի ամինաթթուների սինթեզը ճնշելու վրա: Ուստի տրանսգեն մշակաբույսերի գենոմի մեջ ներդրվել է բակտերիայի գեն, որի կոդավորված ֆերմենտը, չենթարկվելով գլիֆոսատի ներգործությանը, մասնակցում է բույսի համար կարևոր նշանակություն ունեցող ամինաթթուների սինթեզին: Այդ գենը չունեցող բույսերը ոչնչանում են գլիֆոսատի կիրառման ժամանակ: Տրանսգեն բույսերի աճեցման ժամանակ կիրառվում են տարբեր հերբիցիդներ՝ ամոնիումի գլյուֆոսինատ, բիալաֆոս, իմիդազոլինային շարքի և այլն: Յուրաքանչյուր հերբիցիդի համար մշակաբույսերի գենոմի մեջ ներդրվում է որոշակի գեն, որը ընտրողականորեն նրան պաշտպանում է այդ նյութից: Եթե անհրաժեշտ է, որ բույսն ունենա կայունություն երեք տարբեր հերբիցիդների հանդեպ, ապա նրա գենոմի մեջ ներդրվում են համապատասխան երեք տարբեր գեներ:
Վնասատուների՝ թրթուրների, միջատների դեմ պայքարելու և դրանց դեմ կիրառվող թունաքիմիկատների օգտագործումը նվազեցնելու նպատակով մշակաբույսերի գենոմի մեջ ներդրվում է գեն, որը կոդավորում է տվյալ վնասատուի վրա թունավոր ազդեցություն ունեցող սպիտակուց: Օրինակ՝ Bt-մշակաբույսերի (եգիպտացորեն, կարտոֆիլ, սոյա և այլն) գենոմում ներդրված է Bacillus Thuringiensis բակտերիայի գենը, ինչի շնորհիվ դրանք ընտրողական թունավոր ազդեցություն ունեն կարծրաթևավոր միջատների թրթուրների վրա:
Ձեթի արտադրության համար ամենամեծ նշանակություն ունեցող գյուղատնտեսական կուլտուրաներից են արևածաղիկը, եգիպտացորենը, սոյան, արմավը և հլածուկը: Այժմ ստեղծվել են ճարպաթթվային փոփոխված կազմով գենետիկորեն ձևափոխված նոր կուլտուրաներ: Ներկայումս շուկայում կան օլեինաթթվի բարձր պարունակությամբ յուղատու տրանսգեն բույսերի սերմեր: Գենային ինժեներիայի տեխնոլոգիաներով ստեղծվել են խնձորի ցրտադիմացկուն և չսևացող տեսակներ, ցրտադիմացկուն ելակի տեսակներ, կարտոֆիլի տարբեր տեսակներ, որոնք չեն սևանում, ունեն սննդային ավելի բարձր արժեք, վիտամին «A» պարունակող «ոսկե բրինձ» կոչվող տրանսգենը և այլն:
Լուրջ խնդիրներ են առաջանում մրգերի և բանջարեղենի փոխադրման ժամանակ՝ կապված դրանց արագ հասունանալու և փափկելու հետ: Այդ պրոցեսներում ընդգրկված գեների ակտիվությունը ճնշելու միջոցով ստացվել են սեխի և լոլիկի գենետիկորեն ձևափոխված պտուղներ՝ հասունացման դանդաղեցված ընթացքով:
Առաջատար գիտնականները տարակարծիք են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մշակելու և սննդի մեջ օգտագործելու անվտանգության վերաբերյալ: Կողմնակիցները համարում են, որ գենետիկորեն ձևափոխված արտադրանքն անվնաս է, միտված է աշխարհում պարենամթերքի պակասը լրացնելուն և մարդկանց կողմից կիրառելու համար անհրաժեշտ հատկանիշներով օրգանիզմների ստեղծմանը: Նրանք կարծում են, որ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ստեղծումը բույսերի սելեկցիայի մի այլ միջոց է, և պնդում են, որ չկան փաստեր դրանց վտանգավոր լինելու մասին: Սակայն, ի տարբերություն գենային ինժեներիայում կիրառվող կենսատեխնոլոգիական մեթոդների, սելեկցիան ունի կարևոր սահմանափակում. վերջինիս միջոցով կարելի է ստանալ հիբրիդներ միայն ազգակից տեսակները միմյանց հետ խաչասերելու միջոցով:
Որոնք են էկոհամակարգի և սննդի մեջ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներդրմանը դեմ գիտնականների փաստարկները.
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները պարունակում են ժառանգական նյութի նոր, բնության կողմից չնախատեսված համադրություն, և դեռևս անհայտ են տրանսգեների երկարատև օգտագործման հնարավոր հետևանքները:
- Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները լայն տարածում են գտել ագրարային արտադրության էժանացման շնորհիվ: Տրանսգեն մշակովի բույսերի կայունությունը թունաքիմիկատների նկատմամբ հեշտացնում է մոլախոտերի և վնասատուների ոչնչացումը և թեթևացնում բերքահավաքի աշխատանքները: Այս ամենը ձեռնտու է խոշոր ֆերմերային տնտեսություններին և վերազգային ընկերություններին («Monsanto», «Syngenta», «Du Pont», «BASF», «Bayer»), որոնք գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների արտադրողներն են: Որպես կանոն, այդ խոշոր ընկերությունները միաժամանակ նաեւ գենետիկորեն ձևափոխված տեխնոլոգիաների և թունաքիմիկատների արտադրողն են: Տրամաբանական է, որ նրանք մեծ ներդրումներ են անում իրենց արտադրանքի լոբբիի համար: Սակայն գյուղատնտեսության մեջ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների արդյունավետ ներդրման հետևանքով աստիճանաբար անհետանում են ընտանի կենդանիների և մշակովի բույսերի ավանդական ցեղերն ու տեսակները, ինչի պատճառով մեծանում է պարենային մթերքի արտադրության՝ ազգային անվտանգության տեսակետից անցանկալի կախվածությունը օտար ընկերություններից:
- Առ այսօր մարդկանց առողջության վրա տրանսգեն օրգանիզմների ունեցած ազդեցությունը լիովին ուսումնասիրված չէ: Կա մի շատ վտանգավոր միտում՝ որպես կանոն տրանսգեն բույսեր արտադրողների հետազոտություններում դրանց օգտագործման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվում, իսկ անկախ գիտնականնները հաճախ բացահայտում են այնպիսի ազդեցություններ, որոնք կարիք ունեն հետագա ուսումնասիրության և հաստատման: Սակայն դա տեղի չի ունենում, քանի որ անկախ հետազոտությունների համար անհրաժեշտ ֆինանսավորում չի տրամադրվում: Ներկայումս անպատասխան են մնում մի շարք հարցեր. օրինակ՝ արդյո՞ք ժամանակի ընթացքում բույսերի գենոմում ներդրված տրանսգեն ԴՆԹ հաջորդականությունները փոփոխությունների չեն ենթարկվում: Անկախ փորձագետների նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ գենետիկորեն ձևափոխված բույսերի գենոմի մեջ ներդրված տրանսգեն հաջորդականություններում ժամանակի ընթացքում տեղի են ունենում վերակառուցումներ և վերախմբավորումներ, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ, օրինակ՝ փոփոխություն սպիտակուցի մոլեկուլի կառուցվածքում, արդյունքում՝ ալերգիայի առաջացում և այլն: Փոքրաթիվ հետազոտողներ տրանսգեն ԴՆԹ-ի հատվածներ են հայտնաբերել կենդանիների կղանքում, աղիքի պատերի մեջ, պերիֆերիկ արյան լեյկոցիտներում, լյարդում, փայծաղում, հղի կենդանիների սաղմում և նորածին ձագերի մոտ: Ի՞նչ մեխանիզմով է տեղի ունենում տրանսգեն ԴՆԹ-ի փոխադրումը օրգան համակարգեր, արդյոք այն չի՞ ներգրավվում բջջակորիզում տեղի ունեցող պրոցեսների մեջ. այս և այլ հարցեր մնում են անպատասխան: Այսպիսով՝ օրգանիզմի վրա տրանսգեն ԴՆԹ-ի հնարավոր ազդեցությունների և դրանց մեխանիզմների մասին ծագող տարբեր հարցեր մնում են անպատասխան և կարիք ունեն մանրակրկիտ հետազոտությունների:
- Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրանսգեն օրգանիզմները բացասաբար են ազդում հողերի բնական բերրիության, ինչպես նաև մարդու համար օգտակար միջատների, օրինակ՝ մեղուների վրա: ԱՄՆ-ում մեղուների ոչնչացման խնդիրը որոշ մասնագետներ կապում են գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների ծաղկափոշու հետ:
- Մեծ մասշտաբներով տրանսգեն բույսերի կիրառումը վտանգավոր է նրանով, որ արտաքին ազդեցությունների նկատմամբ կայունություն դրսևորող գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կողմից դուրս են մղվում տարբեր բուսատեսակներ, ինչը կհանգեցնի էկոհամակարգում տեսակների բազմազանության աղքատացմանը:
Ամբողջ աշխարհում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վարելահողերի մակերեսը անընդհատ ենթարկվում է փոփոխության, մի շարք երկրներում դաշտերի զբաղեցրած մակերեսը հետզհետե մեծանում է, իսկ այլ երկրներում դրանց աճից ու մշակումից լիովին կամ մասամբ հրաժարվում են: ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի երեք օկրուգներում, 2016 թվականից ՌԴ-ում, Հարավային Ավստրալիայում, Տասմանիայում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Իռլանդիայում, Ավստրիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Լյուքսեմբուրգում, Իտալիայում, Շվեյցարիայում լիովին արգելվել է գենետիկորեն ձևափոխված բույսերի մշակումը, սակայն թույլատրվում է այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելը:
Գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերի ամենամեծ մակերեսով ցանքատարածքներ ունեն ԱՄՆ, Չինաստանը, Կանադան, Հնդկաստանը, Արգենտինան, Մեքսիկան: Եվրոպական երկրներից՝ Գերմանիան, Չեխիան, Շվեդիան հավանություն են տվել տրանսգենային կարտոֆիլի, իսկ Իսպանիան, Սլովակիան, Պորտուգալիան և Ռումինիան՝ եգիպտացորենի մշակմանը:
Հայաստանում գենետիկորեն ձևափոխված մթերքների ներմուծումը սկսել է աճել 1990-ականներից մարդասիրական օգնության շրջանակներում: Առաջին մթերքներից էին տարբեր տեսակի սերմացուները, դրանց հաջորդեցին լոլիկի սերմերը, արագ աճող ծառերի տնկիները, պահածոյացված եգիպտացորենը և այլն: ՀՀ-ում շուկան ազատականացված է, և պետությունը չի միջամտում որևէ ընկերության գործունեությանը: Չկա որևէ օրենսդրական ակտ, որը կարգելի գենետիկորեն ձևափոխված սերմերի և բույսերի ներմուծումը երկիր:
Ներկայումս գործող «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում կա ընդամենը դրույթի պահանջ՝ սննդամթերքի «գենետիկորեն ձևափոխված մթերք», «գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք», «գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք», պիտակավորումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
կապիտան
ՌԱՖԱՅԵԼ ՓՆՋՈՅԱՆ
փոխգնդապետ
Խորագիր՝ #36 (1307) 18.09.2019 - 24.09.2019, Սոցիալ-իրավական