Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԱՊԸ ԲԱՆԱԿԻ ՆՅԱՐԴՆ Է»



«ԿԱՊԸ ԲԱՆԱԿԻ ՆՅԱՐԴՆ Է»Սեպտեմբերի 14-ին կապավորները նշեցին իրենց մասնագիտական տոնը: ՀՀ ԶՈւ կապի զորքերը ձեւավորվել են Արցախյան ազատամարտի տարիներին եւ բավականին բարդ ու դժվարին ճանապարհ անցել՝ ապահովելով զինված ուժերի անընդհատ եւ հուսալի ղեկավարումը:

 

Կապի համակարգի «հնաբնակներից» է վարչության պետի տեղակալ, գնդապետ Գագիկ Զաքարյանը: Ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը, երկար ժամանակ աշխատել  էլեկտրոնային արդյունաբերության գործարաններում:  1992թ. որպես  երկտարեցի սպա զորակոչվել է բանակ (ուսանել է նաեւ ՌԴ կապի ռազմական ակադեմիայում) եւ մինչ օրս էլ բանակում է:

-Կապի արմատները ձեւավորվել են դեռեւս Շարժման օրերին: Այն ժամանակ կապի ոլորտի մասնագետների պակաս կար, ներգրավում էինք հայաստանյան քաղաքացիական կապի աշխատողներին, նրանք մեծ աջակցություն էին ցուցաբերում մեր ջոկատներին: Ճիշտ է, առանձնապես ռադիոմիջոցներ չկային՝ գծալարային սարքավորումներով էին հիմնականում մեզ օժանդակում: Նրանցից շատերը հետագայում մնացին բանակում, դարձան զինվորականներ, իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեցին երիտասարդներին:

«ԿԱՊԸ ԲԱՆԱԿԻ ՆՅԱՐԴՆ Է»Կապի միջոցներն էլ տարբեր ուղիներով էին հայթայթում՝ դյուրակիր ռադիոկայաններ, տակտիկական մարտավարական օղակում օգտագործվող ռադիոկայաններ: Օգտագործում էին նաեւ տաքսիների եւ կառավարական մեքենաների մեջ տեղադրված խորհրդային ռադիոկայանները, ռադիոհեռախոսները:

Այսօր զինված ուժերում գործում են կապի տարբեր տեսակներ՝ լարային (օպտիկաթելային),  ռադիո,  ռադիոռելեային, արբանյակային: Թվարկած կապի տեսակները  իրարից տարբերվում են ինֆորմացիայի տարածման միջավայրով: Որոշ կապի միջոցներ եթերով են տարածվում, մի մասն էլ՝ լարային-օպտիկական, պղնձե մալուխներով: Հայրենական արտադրության սարքավորումներ էլ ունենք: Ստեղծված է ճկուն համակարգ՝ մի կապի խափանման դեպքում այն արագ փոխարինվում է մեկ այլ կապով:

Ոլորտն անընդհատ զարգանում է. ժամանակակից միջոցներն ու նորագույն սարքավորումներն առավել հուսալի, արագ, անվտանգ, կայուն, շարժունակ են դարձրել կապը:

 

***

 

«ԿԱՊԸ ԲԱՆԱԿԻ ՆՅԱՐԴՆ Է»Առաջին զինվորական կապավորներից է գլխավոր ինժեներ, գնդապետ Գրիգոր Ավետիսյանը:

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով  ազգամիջյան բախումները առավել հաճախադեպ  էին դառնում, ու Գրիգորը  կամավորագրվեց Հատուկ գնդին: Մինչ այդ, ավարտել էր հեռուստակապի եւ ռադիոկապի ուսումնարանը ու բարձրագույն կրթություն ստացել պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոֆակուլտետում:

Շահումյան, Մարտակերտ, Լաչին, Արծվաշեն, Քարվաճառ…

-Այն ժամանակ չէինք առանձնանում՝ կապավոր ես, ու վե՛րջ, ազատամարտիկներից ով ինչից քիչ թե շատ հասկանում էր, գլուխ  հանում՝ այդ գործն էլ հանձն էր առնում,- նշում է գնդապետը:- Սկզբնական ժամանակահատվածում ոչ բոլոր հենակետերը կապ ունեին,  որոշ վայրերում լարային լոկալ կապ էին կազմակերպել: Վերադասի հետ ռադիոկապ էր միայն գործում, ու թե կապն էլ չէր լինում, ասես կտրված լինեինք աշխարհից: Կողքի հենակետերից կրակոցներ էինք լսում՝ ստույգ չգիտեինք՝ յուրայինն է կրակում, թե թշնամին, հենակետից այն կողմ մեր օգնության կարիքը ունե՞ն, թե ոչ:

…Լաչինի ազատագրումից հետո մեկնեցինք Լեռնային Ղարաբաղ, Շահումյանի շրջան: Մեզ հետ տարել էինք  նաեւ հրամանատարաշտաբային մեքենա, ռադիոկայաններ,  գծալարային կապի միջոցներ: Ղարաչինարի դիրքերում գծալարային կապն ուժեղացրինք եւ դիրքերը կապեցինք Խարխափուտին, որտեղ Հատուկ գնդի շտաբն էր: Ռադիոկապը հիմնականում ապահովվում էր «Վիոլաներով»: Նաեւ «Անգար», «Յաստրեբ» կայանքներ կային:

Այսօր մեր ունեցած միջոցները, մեր ներկայիս ռեսուրսները համեմատության եզր չունեն. կապի համակարգը թեւակոխել է նորացված  շրջափուլ:

Կապը բանակի նյարդն է, այն նույն գործառույթները, ինչ կենդանի օրգանիզմի կենսագործունեության ապահովման համար կատարում է նյարդը, այդ նույն կարեւորությունն էլ ունի բանակում կապը:

Եթե կապավորը ցանկանում է իր կապի համակարգը նորմալ գործի, պետք է բազմագիտակ լինի,  հստակ պետք է բոլոր զորատեսակներից հասկանա, որ կարողանա կապի համակարգը ճիշտ կառուցել:

 

***

 

«ԿԱՊԸ ԲԱՆԱԿԻ ՆՅԱՐԴՆ Է»Բաժնի պետ, գնդապետ Տիգրան Գալոյանը զինվորականների գերդաստանից է,  զինվորական էր պապը,  հայրը: Զինվորական կրթությունն ստացել է Ռուսաստանում: Գնդապետը  կապի շարունակական զարգացման ականատեսն է եղել:

-Այն ժամանակ  կապի կազմակերպման խնդիրները այլ էին, տեխնիկական միջոցները՝ այլ: Այժմ սարքերը չափսերով փոքրացել են, իսկ տեխնիկական հնարավորությունները զգալիորեն մեծացել են:

Գնդապետը կապը բնութագրում է հակիրճ՝ զորքի, զենքի կառավարման հիմնական միջոց, եւ մեջբերում արդեն թեւավոր դարձած խոսքը. «Միայն կապով հնարավոր չէ  կռվել, բայց առանց կապի էլ հնարավոր  չէ հաղթել»:

-Նոր տեխնոլոգիաների շնորհիվ կապի համակարգը այսօր առավելագույնս պաշտպանված է,- վստահեցնում է գնդապետ Տիգրան Գալոյանը:

 

***

 

Այսօր  տարբեր կապուղիներով, տարբեր  շառավիղներով իրար են միանում ամենահեռավոր, ամենածայրամասային զորամասերն ու զինված ուժերի ղեկավար կազմը:

Կապավորները կատակով միշտ ասում են՝ մեզ հիշում են, երբ կապ չի լինում:

Կատակով լրացնեմ՝ քանի որ կապն անխաթար է մշտապես, կապավորներին հիշում են մասնագիտական տոնի առիթով՝ տոնդ շնորհավոր, կապավո՛ր:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #36 (1307) 18.09.2019 - 24.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/09/2019