Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ



ՇԱՄՇԱԴԻՆԻ ՇՐՋԱՆ

Հայրենական Մեծ պատերազմ շրջանից զորակոչվել է 4501 հոգի, որոնցից 2318-ը զոհվեցին ահեղ մարտերում:
Պատերազմի սկզբին շրջանը պաշտպանության ֆոնդին նվիրեց ոսկե եւ արծաթե իրեր, փոխառության պարտատոմսեր, մթերք: 1941թ. շրջանի կոմերիտականները «Հայաստանի կոմերիտմիություն» տանկային շարասյան կառուցման ֆոնդին նվիրեցին 10.000 ռուբլի եւ 20.000 ռուբլու փոխառության պարտատոմսեր: Սպառկոոպի աշխատողներն իրենց սեփական խնայողություններից պետբանկ մուծեցին 105 հազար ռուբլի մարտական ինքնաթիռ կառուցելու համար, որը խնդրեցին կոչել Հովհ. Բաղրամյանի անունով եւ հանձնել Մերձբալթյան առաջին ռազմաճակատ:
1976թ. հոկտեմբերին Հովհ. Բաղրամյանը հյուրընկալվեց Շամշադինում: Նրան շնորհվեց Շամշադինի թիվ մեկ պատվավոր քաղաքացու կոչում: Նա իր ելույթի վերջում ասաց. «Շնորհակալություն այն պատվի համար, որ ձեր միջոցներով իմ անվամբ մարտական ինքնաթիռ ստեղծելու մասին խնդրանք էիք ներկայացրել»:
Շամշադինի շրջանը պատերազմի տարիներին բազում անվանի մարտիկներ է տվել: Նրանցից էր ավագ լեյտենանտ Հակոբ Դանիելի Ադամյանը, ով զոհվել է 1943թ. նոյեմբերի 26-ին ուկրաինական Գրիգորեւկա գյուղի մերձակա բլուրը ազատագրելիս: Նա արյունով ներկված վերնաշապիկն ամրացնում է սվինին եւ իր զինվորներին գրոհի տանում, գրավում բլուրը: Զինվորները նրան հուղարկավորեցին հենց բլրի վրա, որն այնուհետեւ կոչվեց Ադամյանի բարձունք:
Պապիկ Նավասարդի Ավալյանը ծառայել է Հայկական 89-րդ դիվիզիայի 526-րդ գնդում, որպես վաշտի հրամանատարի քաղգծով տեղակալ: Կերչի մատույցներից նա հասել է Օդերի Ֆրանկֆուրտ: Զոհվել է 1945թ. ապրիլի 14-ին՝ գրոհող զինվորներին ոգեշնչելիս: Դիվիզիայի հրամանատար Ն. Սաֆարյանը նրան ներկայացրեց Խորհրդային Միության հերոսի կոչման, սակայն 33-րդ բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ի. Դավիդովսկին նրան հետմահու պարգեւատրեց Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: Մինչ այդ, նա պարգեւատրվել էր Կարմիր աստղի (16.04.1944), Հայրենական պատերազմի 2-րդ (12.07.1943) եւ 1-ին (8.03.1945) աստիճանների շքանշաններով: 1972թ. հայրենի Մովսես գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Պ. Ավալյանի անունով, իսկ դպրոցի բակում կանգնեցվեց նրա կիսանդրին:
Պատերազմի երրորդ օրը Լիտվայի Տաուրագեյի շրջանում խփվում է արծվաբերդցի ռմբարկու օդաչու, ավագ քաղղեկ, էսկադրիլյայի հրամանատար 27-ամյա Սարգիս Հայրապետյանի ինքնաթիռը: Առանց վարանելու նա այն ուղղում է թշնամու տանկային շարասյան վրա: Հետմահու երկրորդ անգամ պարգեւատրվում է Կարմիր դրոշի շքանշանով: Առաջինը ստացել էր խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ: Կապիտան Ն. Գաստելլոն այս սխրանքը կրկնել է նրանից ավելի ուշ՝ 1944թ. հունիսի 26-ին: Ահա թե ինչպես է բնութագրում նրան համագնդեցի Վ. Պշենիչնին. «Հայրապետյանն ամեն մի բարդ իրադրության մեջ թռչում էր գերազանց: Դիպուկ ռմբակոծում էր ու կրակում: Եվ պատահական չէր, որ գնդում ճանաչված էր որպես ռմբակոծման վարպետ, հրաձգության մեջ` դիպուկահար, օդամարտում` անգերազանցելի»:
Ջոկի հրամանատար Արտավազդ Շաքարի Ադամյանը մարտնչել է Բրյանսկի ռազմաճակատում: 1944թ. հոկտեմբերի 28-ին ռազմաճակատային թերթում նրա լուսանկարի հետ տպագրվեց «Վեց ժամ գերմանական գերության մեջ» հոդվածը, որում պատմվում էր գերությունից նրա փախուստի մասին: Հոդվածը կոչ էր անում վրեժ լուծել դահիճներից:
Փոխգնդապետ Արշակ Հովսեփի Դավթյանը պատերազմին մասնակցել է մինչեւ վերջ: Նա պարգեւատրվել է Հայրենական պատերազմի 1-ին եւ 2-րդ աստիճանների, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 3 շքանշաններով, 8 անգամ արժանացել գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերի:
Կրասնոդարում կանգնեցվել է Բերդ գյուղի բնակիչ Արամայիս Աբգարյանի հուշարձանը, Ուկրաինայի Լվովի մարզի Ռախեդով քաղաքում` Պատվական Թումանյանի հուշաքարը: 1960թ. մայիսի 9-ին Վիլնյուսի քաղաքային գերեզմանատանը տեղադրվեց Մելիք Մելիքբեկյանի հուշարձանը:
Շամշադինի շրջանի բոլոր գյուղերում եւ շրջկենտրոնում վեր են խոյանում անմահների փառքը հավերժացնող հուշարձաններ:

ԼԻԼՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ
մայոր
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի
գլխավոր ֆոնդապահ

Խորագիր՝ #41 (856) 20.10.2010 – 27.10.2010, Պատմության էջերից


15/12/2010