ՌԴ-Ն ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՐԾԻՔԻ ՀԵՏ
Ռուսաստանը համաձայն չէ Ադրբեջանի արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ, անվտանգության հարցերով վարչության 2-րդ քարտուղար Էլչին Հուսեյնլիի այն հայտարարության հետ, ըստ որի’ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները տարածաշրջանում անկայունության պատճառ են դառնում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը’ ավելացնելով, որ Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ խաղաղության պահպանմամբ:
«Հենց այս մոտեցմամբ էլ մենք առաջնահերթ կերպով կառուցում ենք մեր հարաբերությունները թե’ Հայաստանի եւ թե’ Ադրբեջանի հետ: Նույն այդ շարժառիթն է ընկած նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման աջակցմանն ուղղված մեր ջանքերի հիմքում»,- ասել է Ա. Լուկաշեւիչը:
Խորագիր՝ Նորություններ