Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՊՐԵԼ Է ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ Է»



«ԱՊՐԵԼ Է ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ Է»«Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկ, վաշտի հրամանատար, Աֆղանական պատերազմի մասնակից, ՀՀ «Արիության» մեդալակիր, լեգենդար Գուսանի՝ Արտակ Օհանյանի մահվան տարելիցն է: Գուսանի կյանքի հերոսական ուղին ընդհատվել է 1993թ. սեպտեմբերի 9-ին:

 

«Արտակը պատրաստ էր բոլոր հարցերի շուրջ մինչև վերջ պայքարել, պարտադրել ճշմարտությունը պայքարի: Որպես բանաստեղծ՝ փորձում էր ժողովրդական, գուսանական երգով ներկայացնել ազատագրական պայքարը, դրանով առաջնորդվել ու առաջնորդել: «Զարթնի՛ր, Մասիս» հրաշալի ստեղծագործության մի քանի տողում իր ողջ կյանքն է ներկայացրել: Արտակը հենց իր մասին է երգում՝ իր զգացմունքների, սպասելիքների, իր պատրաստակամության մասին՝ մինչև վերջին վայրկյանը պայքարել հանուն այն գաղափարի, որը մեզ բոլորիս միավորել էր…»:

Արկադի Սահակյանը նշում է, որ մարտական գործողությունների ընդմիջումներին սիրում էին վայելել Գուսանի հայրենասիրական կատարումները. «Մեր խնդրանքով երգում էր, հիմնականում երեկոյան՝ մարտական գործողությունների ընդմիջումներին, երբ  միմյանց հետ ապագայի ծրագրերով էինք կիսվում, մեր երկրի պայծառ ապագայի մասին մտորում: Այս ամենը եզրափակվում էր երաժշտական կատարմամբ»: Գուսանը, սակայն, առավելապես  մեծ միջոցառումների ժամանակ էր երգում, երբ ազատամարտիկներից մեկն ամուսնանում էր կամ երեխա էր ունենում, բոլորով հավաքվում ու նշում էին: Սահակյանը հիշում է, որ Գուսանի ամենափառահեղ ելույթը 1990թ. սեպտեմբերին էր՝ Մուսա լեռան հերոսամարտի օրը: «Արտակի մոտ լավ էր ստացվում և՛ կռվելը, և՛ ընկերներին պաշտպանելը, և՛ լավ քեֆ անելը: Իր երգերում այն հավատամքն է, որն ինքն իր կյանքում միշտ կրել է: Հեշտ է կոչեր անել ու հեռանալ, բայց Արտակը թե՛ կոչ էր անում, թե՛ առաջնորդում էր, եւ ամենակարևորը՝ ամենավերջինն էր հետ քաշվում»:

Գուսանն ամենուր էր աչքի ընկնում իր խիզախությամբ ու անվախությամբ. մարդկային բարձր այս որակները մարտիկը դրսևորում էր յուրաքանչյուր մարտում: Բացառություն չէր նաև  շրջափակված Գետաշենից թվով 37 երեխաների դուրսբերումը։

«ԱՊՐԵԼ Է ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ Է»Արկադի Սահակյանը հետաքրքիր դրվագ է հիշում Գետաշենից. Գուսանը որոշել է բացի երեխաներից գյուղից դուրս բերել նաև Գետաշենի եկեղեցու զանգերը, որպեսզի դրանք թուրքի ձեռքում չհայտնվեն. «Թեկուզ մեկ օրով՝ հայկական եկեղեցու զանգերը չպիտի գերեվարվեն»,- որոշել էր Գուսանը…: Դա վտանգավոր գործողություն էր, քանի որ գյուղը շրջափակված էր, տեղակայված էին ռուսական զորքեր, ՕՄՕՆ-ականներ…: «Սա խոսում է Արտակի՝ ոչ միայն հայ զինվոր, այլև հայ քրիստոնյա լինելու մասին: Նա ոչ միայն ավտոմատով էր մարտնչում, այլև խոսքով, գրիչով ու գործով, որպես քրիստոնյա կարևորում էր նաև մեր Առաքելական եկեղեցու դերը»,- նշում է Արկադի Սահակյանը ու շարունակում, որ մարտական ընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով է մարտի դաշտում ընկել Գուսանը՝ իր մարդկային էությանն ու տեսակին հավատարիմ մնալով: «Գուսանն իր ընկերների՝ Խնձորեսկի ջոկատի տղաների՝ Սանոյի, Գարիկի հետ ընկավ շրջափակման մեջ, որպեսզի օգնի շրջափակման մեջ հայտնված հայկական մեկ այլ զորամիավորման, որի անդամներին անգամ չէր էլ ճանաչում: Միայն հայտնի էր, որ տվյալ տարածքում ադրբեջանական դիվերսիոն խումբ է աշխատում, և հավանական է, որ հայերը դարձել են թիրախ: Արդյունքում, ոչնչացնելով այդ խումբը՝ նրանք բոլորը զոհվեցին: Առանց մի պահ երկմտելու Գուսանը գնաց. կար մարտական ընկերություն, կային վտանգավոր դրության մեջ հայտնված ընկերներ, ուրեմն անհրաժեշտ էր օգնության ձեռք մեկնել նրանց: Սա է իր մարդ տեսակը. ապրել է այնպես, ինչպես գրել է…»,- նշում է Գուսանի ընկերը:

Գուսանի կինը՝ Ժաննա Սահակյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ լեգենդար ամուսինը երազում էր Շահումյանի ազատագրման, Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին, երազում էր նաև շատ երեխաներ ունենալ, ինչը, ցավոք, անկատար մնաց: «Շատ էր ուզում որդի ունենալ, նրան իր մարտական ընկերոջ պատվին Ժորա անունով կնքել: Երբ 1993թ. ծնվեց մեր դուստրը, որոշեց նրան Տաթև անունը տալ, ցանկանում էր դստերը Տաթևի վանքում մկրտել: Արտակի զոհվելուց տարիներ անց՝ 1996թ. սեպտեմբերի 1-ին, նրա ցանկությունն ի կատար ածվեց. Տաթևի վանքում մկրտվեց Տաթևը, իսկ արարողությանը մասնակցում էին Արտակի գրեթե բոլոր մարտական ընկերները»:

Կինը հիշում է, որ Շուշիի ազատագրման օրը Գուսանը տուն է եկել ու առաջարկել գնալ, հաստատվել Շուշիում. «Մնում էր միայն պատերազմն ավարտվեր, ու տեղափոխվելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնեինք»:

Տիկին Ժաննան հավելում է, որ ադրբեջանցիները մեծ քանակությամբ ոսկի էին խոստացել Գուսանի համար, բայց, հետաքրքիրն այն է, որ նրանք անգամ տեղյակ չէին, որ Գուսանը հենց Օհանյան Արտակն է: «Գուսանին ադրբեջանցիները բավական հաղթանդամ ու աժդահա էին պատկերացնում՝ հաշվի առնելով իր ծավալած մարտական գործունեությունը, բայց մի անգամ դիրքերում տեսել են նրան՝ նիհար, հյուծված, չեն հավատացել, որ նա է լեգենդար Գուսանը…»:

ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ

Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Ճակատագրեր


26/09/2019