Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ



ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄԱրենիից Խաչիկ տանող ճանապարհի սկզբին՝ տներից մեկի առջև, երեխաներն արդեն մեծ ոգևորությամբ ողջունում են գյուղ բարձրացող մեքենաներին: Թշիկներին եռագույն դրոշ նկարած երեխաները հպարտության ու կենսուրախության մարմնացում են: Մեքենայից ձեռքով պատասխանում ենք նրանց ողջույնին: Սարերով դեպի Խաչիկ 21 կմ ձգվող ճանապարհը, որով անցնելիս սովորաբար երեք մեքենայից ավելի չի հանդիպում, անսովոր բանուկ  է այսօր: Մեքենաները շտապում են «դեպքի վայր»:

Մշակութային եզակի կոթողներով հարուստ Խաչիկը պատմական Նախիջևանի միակ գյուղն է, որ այսօր գտնվում է ՀՀ տարածքում և ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Երեք կողմից հակառակորդի հետ սահմանակից  Խաչիկում զինվոր են բոլորը՝ մեծից փոքր: Գյուղացի տղամարդկանց մեծ մասը պայմանագրային հիմունքներով դիրքային ծառայություն է իրականացնում. զինվորականների հետ ուս ուսի պաշտպանում են հայրենի օջախը:

Խաչիկ մուտք գործելուն պես տոնական տրամադրությունն անմիջապես վարակում է: Գյուղամեջ տանող ճանապարհին՝ թեքության վրա, եռագույն ներկված հսկա գլաքարերով ազդարարվում է՝ «Khachik gata festival»: Այս տարի մեր երկրի անկախության 28-ամյակի տոնին համընկել է Խաչիկի ավանդական Գաթայի փառատոնը: Կազմակերպիչները  ջանք ու երևակայություն չեն խնայել կրկնակի այս տոնախմբությունը գեղեցկացնելու և սահմանապահ գյուղում ընտանեկան ջերմ ու հյուրընկալ մթնոլորտ ստեղծելու համար:

Գյուղամիջում արդեն ամեն ինչ պատրաստ է հանդիսությանը: Հրապարակի կենտրոնում օրվա հերոսն է՝ հսկայական գաթան: Գյուղացիները պատրաստել ու զարդարել են տաղավարները, որոնք ճքճքում են Խաչիկի ու նաև մոտակա գյուղերի բերքուբարիքից: Ցուցահանդես-վաճառքի են դրված նաև գյուղի ստեղծագործող կավագործների, խեցեգործների, փայտագործների աշխատանքները: Գյուղամեջը մի գեղեցիկ հանգստյան գոտու է վերածվել. որ կողմը նայես՝ հայկական կոլորիտ է. ծղոտե «աթոռները» և սեղանները, փայտե սայլերը տեղադրված են բոլոր ստվերոտ տեղերում՝ ընտանիքով կամ մենակ նստի՛ր, վայելի՛ր հրամցվող մատաղը, ոսկեզօծ ու կարմրաթուշ գաթան՝ օրվա խորհրդանիշը: «Խորիզով գաթա, թոնրի գաթա,  պոպոքով, մեղրով գաթա…», ներկայացնում են գյուղացիները,- համտեսե՛ք, նոր վերցրեք»:

Մոտենում եմ հյուրերին դիմավորող՝ Խաչիկի նորանշանակ գյուղապետ Հովիկ Սմբատյանին: Համայնքապետը գոհունակությամբ ասում է. «Խաչիկը այն սահմանամերձ գյուղերից է, որտեղից արտագաղթ չկա, փոխարենը՝ ներգաղթի միտումներ են նկատվում: Նման միջոցառումներն էլ ավելի ճանաչելի են դարձնում մեր համայնքը, ոգևորում գյուղացիներին: Բացի այդ, այստեղ գործում է հստակ կապ՝ գյուղացի, զինվորական, եկեղեցի: Իսկ մեր խոշորացված համայնքի ղեկավարն ամուր կանգնած է մեր թիկունքին»:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄՄեքենաների հոսքը դեպի գյուղի կենտրոն շարունակվում է. այցելուներն այսօր շատ բազմազան են. մոտակա գյուղերից, Երևանից ու այլ մարզերից ժամանած հյուրերից զատ՝ Խաչիկի գաթան ճաշակելու և Անկախության տոնը  հենց սահմանին նշելու, այս հողի ուժն ու հզոր կենսադաշտը վայելելու են եկել նաև այլազգի հյուրեր Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, նույնիսկ Բրազիլիայից: Իսկ հանդիսության «ալֆան» և «օմեգան», իհարկե, սահմանը պահող զինվորականներն ու պայմանագրայիններն են` այսօրվա տոնը կերտողները:

Մի տեղ՝ հատուկ դրա համար տեղադրված հարթակի վրա, ձեռքի ուժի մրցության են բռնվել զինվորները: Մի ուրիշ տեղ՝ սեղանի մոտ, մտքի ուժի սիրահարները հետաքրքրասերների հայացքի ներքո շախմատ են խաղում: Ուղիղ կեսօրին ազդարարվում է միջոցառման մեկնարկը, որը սկսվում է մեր անկախության համար պայքարած զինվորի փառաբանությամբ: Գեղեցիկ կատարումները հաջորդում են մեկը մյուսին:

Այսօր զորամասի շատ զինծառայողներ եկել են իրենց պաշտպանած գյուղի բնակիչների հետ շփվելու, նրանց հետ անկախության բերկրանքն ու հպարտությունը կիսելու և գաթա վայելելու: Մարդկանց կուտակումների մեջ երկու զինվոր եմ նկատում, որոնք գյուղացիների երեխաներին կոնֆետներ են հյուրասիրում: Մոտենում եմ տղաներից մեկին, որ այդ պահին ծնկել է՝ երեխաներից մեկին կոնֆետ հյուրասիրելու: Կողքին երեխայի մայրիկն է ժպիտով հետևում զինվորին՝ մի ձեռքով օրորելով մանկասայլակի մեջ նիրհող մյուս երեխային: Լուսանկարում ու մոտենում եմ զինվորին. «Կարո՞ղ ենք զրուցել»: «Պետք է թույլտվություն վերցնել մեր հրամանատարից»,- և ցույց է տալիս մոտակայքում զինվորականներով շրջապատված փոխգնդապետին: Մինչև այդ, ինքս էի մարդկանց հոծ բազմության մեջ  փորձում գտնել նրան: Երեկոյան միասին մարտական հենակետեր այցելելու պայմանավորվածություն ունեինք: Հրամանատարը այս պաշտոնում վերջերս նշանակված փոխգնդապետ Գարեգին Մուրադյանն է: Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Կարեն Մուրադյանի որդին, ծառայողական տպավորիչ ուղի անցած, վերջերս ոսկե մեդալով Մոսկվայի ռազմական ակադեմիան ավարտած զինվորականը լավ է գիտակցում խաղաղության գինը: Ծնունդով մեր հանրապետության մեկ այլ սահմանամերձ գյուղից է: «Ուրախ եմ ու հպարտ, որ այս գյուղը պաշտպանող զորամասի հրամանատար եմ նշանակվել. սա իմ գյուղն է, իմ հողը, ես ինձ լիարժեք խաչիկցի եմ համարում: Սիրով շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնը: Սա մեր պապերի երազած օրն է»:

Կրկին մոտենում եմ զինվորին. «Հիմա կարո՞ղ ենք զրուցել»: ժպտում է՝ «Կարելի է: Ես սերժանտ  Խաժակ Սարգսյանն եմ: Ծնունդով Իջևանից եմ, ծառայում եմ որպես ջոկի հրամանատար: Մեծ պատիվ է մեզ համար, որ այսօր պաշտպանում ենք Խաչիկի ժողովրդին, այս երեխաներին: Որ մարդիկ կարողանում են անկախության տոնը նշել մեր ապահոված խաղաղության պայմաններում»:

Գյուղապետարանի առջևի տոնական հարթակում մի նոր աշխուժություն է սկսվում: Հանդիսավարը երգիծական կեղծ ողբերգականություն է հաղորդում ձայնին. «Հենց նոր մի շատ վատ լուր առանք, սիրելի հայրենակիցներ… մահամերձ մեկը զանգեց… Նա խնդրում է բոլոր հարազատներին հավաքվել իր շուրջը՝ հրաժեշտի: Ցանկացողները կարող են վերջին անգամ լուսանկարվել նրա հետ…»: Գաթան կտրելու հանդիսավոր պահն է: Միջոցառման բոլոր մասնակիցները շտապում են «մահամերձի մոտ», լուսանկարվում խմբերով, սելֆի անում:

Գաթայի օրհնության արարողակարգն անցկացնում է զորամասի գնդերեց տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Տեր Հովհաննեսը գյուղում կատարվող ամեն ինչի, նաև այս միջոցառման հոգևոր մշակն ու շունչ հաղորդողն է: «Հայ զինվորի» առաջիկա համարներից մեկում կներկայացնեմ այս ինքնատիպ հոգևորականին, իսկ այժմ իմ մի քանի տպավորություններն այդ օրվանից: Տեր Հովհաննեսը ամենուր էր: Թե՛ գյուղացիների հետ էր, թե՛ գյուղի հյուրերին էր դիմավորում և թե՛ այդ հատուկ օրով մկրտվելու ցանկություն հայտնածների մկրտության ու օրհնության կարգ անցկացնում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Մե՛կ հագնում էր սքեմը ու հոգևորականի իր ծառայությունը մատուցում, մե՛կ զինվորների հետ մտերմիկ զրույցի բռնվում, մեկ էլ, եկեղեցուց դուրս գալով, հանում սքեմն ու շուրջպարի բռնվում պարային խմբերի երեխաների հետ: Հաջորդ պահին անգլերեն զրուցում էր տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ:

Գաթայի օրհնության արարողությունը տեր Հովհաննեսը, իհարկե, նախ և առաջ սկսում է սահմանին կանգնած զինվորից: Գաթան կտրելու պատվավոր առաքելությունն էլ զինվորինն է: Ծառայությունում աչքի ընկած զինվորներից մեկը սկսում է կտրել գաթան: Հետո նրան միանում են մյուսները: Գաթայից գոնե մի-մի կտոր պետք է հասնի բոլոր ներկաներին: Ու նորից թնդում են ռազմահայրենասիրական ու ազգային գեղեցիկ պարեղանակները: Կրկին գյուղամիջի հրապարակը զարդարվում է Խաչիկի և հատուկ այս առիթով գյուղ եկած հարակից մյուս գյուղերի համույթների կատարումներով: Երգում են նաև զորամասի շնորհալի զինվորները. նրանց ծառայակից ընկերները, երաժշտության  հանգույն եռագույնը ծածանելով, շուրջպար են բռնում:

Մոտենում եմ ակնհայտորեն «դրսից եկած» ամուսիններին՝ տեր  և տիկին Իշխանյաններին: Եկել են Լոս Անջելեսից: Ջերմություն ու ոգևորություն են ճառագում: «Ինչպե՞ս եք ձեզ զգում այստեղ՝ սահմանին»,- հետաքրքրվում եմ: Կինը՝ Սոֆի Իշխանյանը, ասում է՝ «Գերազանց. թող իրե՛նք վախենան», իսկ ամուսինը՝ Րաֆֆի Իշխանյանը, ավելացնում է. «Որ ասում եք՝ «սահման», այլևս հայի համար սահմաններ չկան: Մենք այսուհետև միայն առաջ պետք է գնանք: Շատ ոգևորված ենք: Ծրագրում ենք կիսով չափ հայրենիքում հաստատվել՝ վեց ամիս այստեղ, վեց ամիս՝ այնտեղ: Անպայման մի ոտքով հայրենիքում պետք է լինենք»:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂՈՒՄՄի սայլի վրա էլ տեղավորվել են երկու երիտասարդ աղջիկներ: Ռուսերեն են զրուցում: Նրանցից մեկի դիմագծերն ու սև աչքունքը վկայում են՝ հայուհի է: Մոտենում եմ աղջիկներին: «Հայի աչքերով» աղջիկը սկսում է ռուսական շեշտադրությամբ, բայց վարժ հայերեն խոսել: Մոսկվայի ճարտարապետաշինարարական ուսումնարանի սաներ են. Հայաստանն են ընտրել ճարտարապետական ուսումնասիրությունների համար: Իմանալով Խաչիկի փառատոնի մասին՝ ցանկացել են ներկա լինել: «Զգո՞ւմ եք, որ սահմանին եք: Գիտե՞ք որ Հայաստանը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում է»: «Գիտենք, ու շատ հետաքրքիր է այսօր հենց սահմանին լինելը: Ոչ մի անհանգստություն չենք զգում: Այստեղ ներկա զինվորականներից էլ ոչ թե պատերազմի, այլ խաղաղության, պաշտպանվածության զգացողություն է փոխանցվում»,- ժպտում է հայուհին՝ Իրինա Սարուխանյանը:

Գյուղի բարձրադիր տներից մեկի՝ ուղիղ Նախիջևանին նայող պատը վերածվել է «կտավի». այստեղ ներկարարական պարագաներով երիտասարդների մի խումբ է աշխատում. մեկը մյուսի ետևից հրեշտակների պատկերներ են հայտնվում «կտավին»: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրով գործող մշակութային օջախի սաներն են: «Սրանք Խաչիկ գյուղի պահապան հրեշտակներն են»,- իրենց ստեղծագործությունն են ներկայացնում սաները: Ի դեպ, նույն՝ «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի շնորհիվ Խաչիկ գյուղում բացվել է «Հավեսին սենյակ» անվանումով ստեղծագործական կենտրոնը, որտեղ Խաչիկի երեխաները, այստեղ այցելող վարպետ նկարիչների ուղղորդմամբ, իրենց երևակայության մեջ հայտնվող պատկերներն են հանձնում թղթին: Ասում են՝ արդյունքը շշմեցուցիչ է:

Տոնական օրվա վերջին ակորդներն են: Հայաստանի հեռավոր վայրերից  եկած հյուրերը դեռ երկար ճանապարհ ունեն կտրելու: Իսկ նրանց համար, ովքեր դեռ ուզում են վայելել բարձր տրամադրությունը, հայկական՝ մեկը մյուսից գեղեցիկ կատարումները չեն դադարում: Ամեն ինչ ճաշակով է՝ հայկական ազգային, ռազմահայրենասիրական ամենագեղեցիկ երգն ու պարն են ընտրվել: Եկեղեցու բակում ամենատաքարյուն և ուրախ խումբը՝ Բրազիլիայից ժամանած պարուսույցները, շուրջպար են բռնել հայկական «Քոչարու» ներքո:

Վարդինեն է բերել նրանց՝ Բրազիլիայում ծնված ու մեծացած հայուհին, որ համազգային մշակութային ծրագրի իրագործողներից է հեռավոր այդ երկրում: Ջերմորեն զրուցում են տեր Հովհաննեսի հետ, խնդրում է՝ «Մենք այս փառատոնին միշտ սիրով սպասում ենք: Ավելի վաղ սկսեք համացանցով ազդարարել, որ հաջորդ տարի հասցնենք ավելի մեծ խումբ ներգրավել»: Հետո Վարդինեն ինձ պատմում է. «Չնայած ծնվել ու մեծացել եմ Բրազիլիայում, բայց հայրենիքի կանչը միշտ զգում եմ: Ընտանիքով արդեն որոշում ենք կայացրել՝ վերադառնալու ենք»: Բրազիլական գեղեցիկ պարեղանակներն են հաջորդում իրար, և բրազիլացիների գունեղ, ուրախ խումբը բոլորին հրավիրում է իրենց շրջանը: Խաչիկցիներն ու հայազգի հյուրերն էլ են միանում պարին: Այստեղ էլ տեր Հովհաննեսը շուրջպարի կարևոր օղակներից է:  Աներևակայելի մթնոլորտ է տիրում: Խաչիկում՝ այս սահմանապահ գյուղում իսկական միջազգային, մշակութային հրավառություն է:

Իմանալով, որ «Հայ զինվորի» թղթակիցն եմ, գյուղացիներն առաջարկում են՝ մնացե՛ք մեր տանը: «Դեռ դիրքեր եմ բարձրանալու»,- ասում եմ: Երբ իմանում են, որ դիրքերում եմ լինելու, հետս գաթա են դնում՝ «Կտանե՛ս զինվորներին»: Օրվա վերջին նվերներով ուղևորվում ենք դիրքեր՝ զորամասի հրամանատարի և գնդերեցի ուղեկցությամբ: Դիրքերում կանգնած տղաները անմասն չմնացին տոնից:

…Անկախության և միասնության տոն սահմանին՝ խաղաղության խորհրդանիշ զինվորականով, բերրիության խորհրդանիշ հսկա գաթայով, սրտաբացության ու ազնվության խորհրդանիշ գյուղացիներով… Հնարավո՞ր է ավելի լավ տոն պատկերացնել… Ցտեսությո՜ւն, Խաչի՛կ: Կարող եմ հաստատապես վկայել՝ մեկ անգամ այստեղ ոտք դնողը ակամա ձգտում է վերադառնալ:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #37 (1308) 25.09.2019 - 1.10.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/09/2019