Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ…



ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ...Արմին Վեգները գրել է Ֆրանց Վերֆելին. «Իհարկե, ես չգիտեմ Փոքր Ասիայի հետ Ձեր անձնական կապի մասին և կարող եմ սխալ գուշակություն անել: Տարօրինակ է, բայց ես հայտնաբերեցի, որ հրեական հոգին գերմանական և պրուսական նկարագրի շրջանակներում նրանց հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել, քան կարող են գերմանացի բանաստեղծները, որ այս ասիական հոգին սովորաբար շատ ավելի հեռու և ավելի խորթ է մնում եվրոպացի խաչակիրների սերունդների համար: Սա, հավանաբար, իր խորքային հիմքն ունի հակառակության օրենքում:

Ես իրավունք չունեմ խնդրել, որ հրաժարվեք Ձեր նախագծից: Դա, հավանաբար, այնքան էլ չի օգնի: Բայց Դուք, անշուշտ, երախտապարտ չեք լինի ինձ, եթե ես, ով մեր հանդիպման առաջին իսկ պահից, կրքոտ կերպով սիրեց և պաշտեց Ձեր բանաստեղծական գործը, խնդրեմ Ձեզ դիտարկել իմ բոլոր մտքերը, որոնք ներկայացնում եմ Ձեզ այստեղ: Հենց այն պատճառով, որ ես գնահատում եմ Ձեզ, ոչ միայն որպես գրող, այլ նաև գիտեմ ձեր մարդկային ամբողջ խորությունը, ես դա կարող եմ անել մաքուր խղճով: Միգուցե դա կստիպի Ձեզ հրաժարվե՞լ անավարտ նախագծից, որը նոր եք սկսել կամ անցնել ավելի կարճ վիպական ուսումնասիրության մշակման, ինչպես այն ի սկզբանե սկսվել էր:

…Ես չեմ կարող հրաժարվել իմ նախագծից, որն իմ առաքելությունն է դարձել իմ խորը և զորեղ փորձառությունից, հանուն որի ես զոհաբերել եմ աշխատանքով ծանրաբեռնված տարիներ՝ մեծ դժվարությունների և պայքարի գնով և հանուն դրա այսքան երկար կանգնել եմ հետին պլանում»:

1932թ. դեկտեմբերի 23-ին Վերֆելը պատասխանեց Վիեննայից. «Նախ՝ թույլ տվեք համառոտ պատմել իմ հայկական վեպի ձևավորման պատմությունը: Պատերազմից հետո երկու անգամ եղել եմ Մերձավոր Արևելքում (մի քանի ամսով). առաջին անգամ՝ 1925 թվականին, երկրորդ անգամ՝ 1929-ին։ Դամասկոսում ես ցնցող ապրումներ ունեցա հայ երեխաների հետ, որը առասպելական անողոք ծրագիր առաջացրեց իմ մեջ… Հաճախ, իմ գրելու եղանակով, թատերական և առասպելական ծրագրերը տարիներ շարունակ հասունանում են մթության մեջ, նախքան բավականաչափ ուժեղ դառնալը, որպեսզի ինձ դրդեն աշխատել։ (Ես Վերդիի մասին վեպը մաս-մաս գրել եմ 1911-ին և ավարտել 1923-ին)։ Իմ հայերեն վեպի դեպքում ես միայն անցյալ տարի սկսեցի ուսումնասիրել և ուրվագծել այն։ Իհարկե, աշխատանքը ամռան ընթացքում արագ առաջընթաց ապրեց, և այսօր ես արդեն ավարտել եմ գրքի կեսից ավելին (շուրջ 400 տպագիր էջ)։

Ինչ էլ լինի, բնականաբար, ես ցանկանում եմ ընդունել Ձեր մտահոգությունը և խոնարհվել Ձեր առջև, քանի որ Դուք ականատես եք…: Գուցե կան «անձնական» նյութեր, որոնք կարող են պատկանել որոշակի գրողի առանձնահատկությանը` Համաշխարհային պատերազմը, իր բոլոր գլուխներով, որոնցից մեկը հայկական ողբերգությունն է, որը ոչ մի դեպքում չի կարող հիմնվել այս նյութերի վրա: Ձեր ունեցած մեծ փորձառությամբ և ճակատագրական կապակցվածությամբ Դուք վիթխարի առավելություն ունեք իմ նկատմամբ… Հետևաբար, այդպիսի մրցակցության դեպքում ավելի շատ անհանգստություն պետք է լինի իմ կողմից։

Սակայն, հարգելի՛ Վեգներ, ես հավատում եմ, որ երկուսս էլ կարող ենք շատ հանգիստ լինել, քանի որ մեր գործերը, անշուշտ, բոլորովին այլ կլինեն։ Իմը օգտագործում է միայն մեկ դրվագի փաստերը, որոնք ընդգրկված են մի քանի էջ Լեփսիուսի «Ալստեր» հավաքածուի մեջ: Դրվագը ինձ ծառայում է որպես համընդհանուր մարդկային իրադարձություն, խորհրդանշական զարգացման, զուտ հորինված կերպարների շրջանակ, որը ինքնանպատակ չէ, այլ միայն հնարավորություն: Իմ գրքում շատ չի խոսվի վայրագությունների և կոտորածների մասին: Ես մի կողմ կդնեմ վավերագրական բոլոր նյութերը: Կարևոր կլինի միայն հորինված կերպարների մարդկային ճակատագիրը: Այն տեսարանը, որը ես նկատի ունեմ, որի բովանդակությունը Ձեզ հայտնի է դարձել թերթերի միջոցով, շատ քիչ կապ ունի իրական վեպի հետ: Ձեր բազմամյա աշխատությունը կներկայացնի հայկական ճակատագրի հսկայական և հոյակապ պատկերը՝ տասը հազար մանրամասնություններով: Մինչ իմը, հուսով եմ, կլինի պատմություն, որը կսահմանափակվի որոշակի տարածաշրջանով և մարդկանց մի փոքր հատվածով: Շեշտը դրվելու է առասպելական մարդկային կողմի վրա, այլ ոչ թե հայկական հարցի:

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԸ ԵՎ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԸ...Վերջապես, ես զարմացած եմ այն մեղմ կասկածից, որը հնչում է Ձեր նամակի որոշ  տողերից:

Դուք ենթադրում եք, որ ես լսել էի Ձեր նամակագրության մասին Պրուսիայի ակադեմիայի և Պոլ Զսոլնայի հրատարակչության հետ և գուցե ոգեշնչված եմ եղել իմ հայկական վեպը գրելու համար: Իրականում, ես իմ կյանքում առաջին անգամ մտել եմ բանաստեղծների ակադեմիայի նիստերի սենյակ 14 տարի առաջ, իսկ ինչ վերաբերում է նամակագրության հրապարակմանը, ապա իմ սեփական նյութերն արդեն բավականաչափ ձանձրացնող են:

Բայց հնարավո՞ր է արդյոք, որ Դուք լրջորեն հավատում եք, որ Ձեր աշխատանքի փաստերը կարող էին խթանել նյութի իմ ընտրությունը և հեռացնել Ձեզ աշխատանքից: Դուք բանաստեղծ եք, և, հետևաբար, գիտեք, որ մենք չենք ընտրում նյութը, այլ նյութն ընտրում է մեզ: Չկա ավելի խելամիտ բան, քան այն, ինչ ես գրում եմ, որը կարևոր է, այսինքն՝ թելադրվում է ներսից:

Մինչև երեկ ես Ձեր գրքերից ունեի միայն «Քաղաքների դեմքը» գեղեցիկ հատորը, որը ես սիրում եմ և դրանով հիանում: Դժբախտաբար, ես չեմ կարդացել Ձեր արձակ գործերից որևէ մեկը: Քանի որ շատ եմ աշխատում, գրեթե ոչ մի վեպ և պատմվածք չեմ կարդում: Ես պարզապես ստացա Ձեր բաց նամակը՝ ուղղված [նախագահ] Վիլսոնին: Ձեր խոսքերի իրական փայլը խորապես հուզեց ինձ։ Խնդրում եմ, մի գերագնահատեք մեր աշխատանքների մրցակցությունը: Դրանք գնում են տարբեր ուղիներով:

Ինձ համար և ամբողջ աշխարհում Դուք մեծ հեղինակություն եք հայկական հարցով՝ գիտելիքների, փորձառության և կապվածության միջոցով: Սա ես հասկացա երեկ՝ ընդամենը մի քանի էջ կարդալով: Սակայն այս էջերի բուռն զգացումը փաստում է, որ Ձեր հրատարակիչը չի կարող դժբախտ լինել, նույնիսկ այն դեպքում, երբ մեկ ուրիշը, լինի նա ոչ պրոֆեսիոնալ կամ արվեստագետ, փորձում է իրականացնել նույն առաքելությունը»:

Բարեբախտաբար, Վեգներին չի հաջողվել համոզել Ֆրանց Վերֆելին հրաժարվել «Մուսա լեռան քառասուն օրը» գրելուց: Մյուս կողմից, Վեգները հրատարակեց իր ծրագրած քառահատորի միայն առաջին հատորը՝ աշխարհին զրկելով Հայոց ցեղասպանության մասին ականատեսի իր արժեքավոր պատմություններից:

Թարգմանությունը՝

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ 

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Խորագիր՝ #38 (1309) 2.10.2019 - 8.10.2019, Պատմության էջերից


03/10/2019