ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Օխոտնիկ Բ» անվանումն ստացած նոր հետախուզահարվածային ԱԹՍ-ի դաշտային փորձարկումների կադրերը։ «Օխոտնիկ Բ»-ի՝ 600 մետր բարձրության վրա առաջին թռիչքը տևել է 20 րոպե։ Անօդաչուն կառուցված է թռչող թևի սկզբունքով և հատուկ նյութերից կազմված ծածկույթով, ինչը նվազեցնում է ռադիոէլեկտրոնային միջոցների կողմից հայտնաբերման հավանականությունը։ Սարքավորումը կշռում է 20 տոննա, իսկ թռիչքի հեռավորությունը հասնում է գրեթե 5 հազար կիլոմետրի։
Սարքը նախատեսվում է կիրառել ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային նպատակներով։ Նշենք նաև, որ «Օխոտնիկ Բ»-ն կարող է գործել ոչ միայն հեռահար, այլև ավտոնոմ համակարգով։ Ռազմական փորձագետներն անօդաչուն համարում են Ամերիկյան «Loyal Wingman» ծրագրին ռուսական պատասխանը։
♦♦♦
Չինաստանը շարունակում է սեփական արտադրության ավիակիրների ծրագիրը։ Նոր ավիակիրը Չինաստանում երբևէ կառուցված խոշորագույն ավիակիրն է։ Ըստ «South China Morning Post» պարբերականի՝ նոր ավիակիրը արդեն դաշտային փորձարկումներ է անցնում։ Այս պահին ռազմանավը տեղային առաջադրանքներ է կատարում՝ թերությունների հայտնաբերման նպատակով։ Ավիակիրը կառուցվածքով նման է իր նախորդին ՝ Լյաո-նինգին, որը գնվել էր Ուկրաինայից՝ չհավաքված վիճակում և վերջնական տեսքի բերվել 10 տարում։ Երկու նավերն էլ գրեթե նույն չափի են։ Լյաո-նինգը կարող է կրել 26 ինքնաթիռ և ուղղաթիռ միաժամանակ, ըստ նախագծողների՝ նոր ավիակիրն ավելի տարողունակ է։
♦♦♦
Ֆրանսիան զարգացնում է արբանյակային լազերային սպառազինությունը։ Ըստ ֆրանսիացի զինագործների՝ նոր դարի պատերազմները երկրից տեղափոխվում են տիեզերք, ուստի անհրաժեշտ է պատրաստ լինել նոր մարտահրավերներին։ Նոր համակարգերի առաքելության նպատակն է հակառակորդի հետախուզական արբանյակների շարքից դուրս բերումը։ Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել նանոարբանյակային համակարգեր, փոքրիկ արբանյակներ, որոնք պարեկում կիրականացնեն տիեզերքում, կհետախուզեն իրավիճակը, հարկ եղած դեպքում՝ հարվածելու հնարավորությամբ։
♦♦♦
Տրանսպորտային նոր Մի-38 եւ Մի-28 HM հարվածային ուղղաթիռները Ռուսաստանի ԶՈՒ-ի շարքերը կհամալրեն արդեն այս տարի, հայտնել է Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի հրամանատար Սերգեյ Դրոնովը։
Ըստ գեներալ-լեյտենանտի՝ Մի 28-HM-ը հնարավորություն կտա կատարելու հարվածային գործողություններ ցանկացած եղանակային պայմաններում։ Նորությունն է՝ երկու հրթիռների միաժամանակյա հարվածները երկու տարբեր նշանակետերի վրա, ղեկավարվող հրթիռային սպառազինության կրման հնարավորությունը և ցամաքային ու օդային նշանակետերի հայտնաբերման օպերատիվության բարձրացումը։
♦♦♦
Իսրայելը շարունակում է ջանքերը նոր բազմաֆունկցիոնալ և ունիֆիկացված հարթակի ուղղությամբ՝ տարբեր դասերի զրահամեքենաների կառուցման համար։ Նոր ծրագիրը կրում է «Կարմել» անվանումը։ Ըստ նախագծողների՝ նոր համակարգերի ընտանիքին կարող են դասվել ինչպես բազմաֆունկցիոնալ զրահամեքենաները՝ հրթիռա-հրանոթային սպառազինությամբ, հետևակին աջակցելու համար նախատեսված տարատեսակները, ինժեներական գործառույթների կատարման համար նախատեսված մեքենաները։ Դրանք կառուցվելու են նույն քարշակների հիմքով, որպես այդպիսին այժմ դիտարկվում է արդիականացված Մ-113 զրահաքարշակը։ Հարթակների ունիֆիկացիան եւ էլեկտրոնային համակարգերի լայն կիրառումը մի շարք առավելություններ կտա, կնվազեցնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը, ինչը կավելացնի նրանց գործողությունների արդյունավետությունը, նաև կդյուրացնի այլ անձնակազմերի հետ գործակցությունը։ Այժմ զրահամեքենան դաշտային փորձարկումների փուլում է։
♦♦♦
ԱՄՆ ռազմածովային ուժերն սկսել են նոր անօդաչու թռչող սարքի փորձարկումները։ Նոր համակարգն ստացել է Վ-բետ անվանումը։ Անօդաչուն արդեն փորձարկվել է ցամաքում, այժմ այն անցնում է ծովային փորձարկումները։ Թեյլսիթեր սխեմայի շնորհիվ նոր անօդաչուն թռիչքն ու վայրէջքը իրականացնում է ուղղահայաց, ընդ որում՝ բառացիորեն նստում է պոչային հատվածի վրա։
Անօդաչուն ունի 2.4 մ երկարություն, իսկ թևերի բացվածքը հասնում է 2.74 մետրի։ Թռիչքային զանգվածը 41 կգ է, որից 9.1 կգ-ն վառելիքն է, իսկ 3.6-ը՝ սարքավորումները։ Թռիչքի հեռավորությունը կազմում է 350 մղոն, իսկ տևողությունը 8 ժամ է։
♦♦♦
Առաջին թռիչքն է կատարել ռուսական արտադրության անօդաչու «Ալտիուս ու-ն»։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ անօդաչուն թռիչքի մեջ է եղել 32 րոպե ավտոնոմ ռեժիմով և չգերազանցելով բարձրության 800մ սահմանաչափը։ «Ալտիուս ու-ն» սարքավորման վերջնական տարբերակն է, որն ունակ է կատարելու հետախուզական բոլոր առաքելությունները օպտիկական ու ռադիոտեղորոշման սարքերի կիրառմամբ։ Անօդաչուն կարող է երկնքում մնալ 24 ժամից ավելի, կառավարելի է արբանյակային կապի միջոցով, ինչը մեծացնում է կիրառման հեռավորությունը։
Պատրաստեց ԱՐՄԱՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ
Խորագիր՝ #38 (1309) 2.10.2019 - 8.10.2019, Ռազմական