Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՀԱՂԹԵԼՈՒ



ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՀԱՂԹԵԼՈՒՈլորապտույտ ճանապարհն անցնում է սարերով: Անհանգիստ հետևում եմ հորիզոնին. յուրաքանչյուր բլուր շրջանցելիս հետզհետե նարնջագույնից բոսորագույն երանգներ է ստանում արևը. ավելի ուժասպառ ու արագասլաց է թեքվում դեպի իր լեռնաշեն բարձը: Կհասցնե՞նք արդյոք լույսով տեսնել մարտական հերթապահություն կրող ժամկետայիններին, շրջել դիրքերով, ծանոթանալ տղաներին, զրուցել, վերջապես՝ լուսանկարել: Այս հենակետի դիրքերից մեկից Արարատը փառահեղ է երևում…

Սահմանագոտու ռազմավարական նշանակության այս հատվածը պաշտպանող զորամասի հրամանատարի և գնդերեցի ուղեկցությամբ եմ դիրքեր բարձրանում: Դեռ նախորդ օրը հրամանատարը այցելել է դիրքեր, հրահանգավորել, խնդիրներ առաջադրել զինվորներին: «Անընդհատ մեր հսկողության ներքո են, մի պահ պարապ չենք թողնում տղերքին,- ասում է ժպտալով,- հիմա կստուգենք, թե ինչպես են կատարել հանձնարարությունները,- հետո ավելացնում է,- սահմանի կարևոր հատված են պաշտպանում զինվորներս, գիտակից են, շատ ուշադիր, պատրաստակամ»:

Մեր երկրի մեկ այլ սահմանամերձ տեղանքում ծնված և հասակ առած հրամանատարի համար օրինակ են ծառայել ազատամարտիկ հայրն ու նրա մարտական ընկերները: «Իջևանի ինքնապաշտպանական մարտեր, Լաչինի միջանցքի ազատագրում, Գորիսի պաշտպանական կռիվներ և այլն… հիշում եմ, թե հայրս ինչպես էր տուն գալիս, արագ փոխում հագուստը ու նորից շտապում սահման,- պատմում է հրամանատարը և շարունակում:- Սահմանի ոչ մի հատված թերագնահատել չի կարելի: Այս հատվածում երբեմն հանգիստն էլ խաբուսիկ է. ինչպես մեր հայտնի առածն է ասում՝ «Մարմանդ ջրից զգուշացի՛ր»: Կարևոր նշանակություն ունի մեր այս թևը: Այնպես որ, բոլորս ամեն պահի պատրաստ պետք է լինենք»:

Դիրք հասնելուց մի քանի ակնթարթ անց, արևն ամբողջությամբ թաքնվեց լեռների ետևում: Գեղեցիկ պատկեր է. զինվորը հսկում է սահմանը, իսկ նրա տեսադաշտում, արևի վերջին ոսկեզօծ շողերով ողողված, հուրհրատում է Արարատը…

Զորամասի հրամանատարը հերթով մոտենում է դիրքապահներին, տեղեկանում սահմանին տիրող ընդհանուր վիճակի մասին, հարցեր տալիս  յուրաքանչյուրի պարտականությունների վերաբերյալ, համոզվում, որ կատարված են նախօրեին իր կողմից տրված առաջադրանքները: Գետնատնակում զինվորներից մեկը տեսադիտարկման սարքի միջոցով ներկայացնում է սահմանին տիրող իրավիճակը:

«Բացահայտ հարձակում հակառակորդի կողմից,- գետնատնակից դուրս գալով՝ անսպասելի հրամայում է փոխգնդապետ Մուրադյանը: «Գործողություննե՛րդ»,- դիմում է դիրքի ավագին: «Դի՛րք, ի զե՛ն. անցնե՛լ շրջանաձև պաշտպանության»,- չի ուշանում ավագի հրամանը: Եվ տղաները վայրկյանների ընթացքում գրավում են իրենց մարտական դիրքերը, անցնում շրջանաձև պաշտպանության: «Դի՛րք, մարտի՛»,- քիչ անց խրամատների խորքից հնչում է դիրքի ավագի հրամանը: Իհարկե, «տագնապն» ուսումնական է. այս ուշ ժամին և օրվա ամեն պահի դիրքի անձնակազմը պետք է պատրաստ լինի մարտական խնդրի կատարմանը:

…Զգուշորեն տեղաշարժվում ենք երակների պես այս ու այն կողմ ձգվող խրամատների միջով: Հրամանատարը թույլ լապտերիկով ոտքերի համար արահետներ է գծում: «Ցոլա՛կ, պատերազմ է, մի՛ երգիր»,- կատակում է տեր Հովհաննեսը՝ դիմելով մեզ ուղեկցող զինծառայողներից մեկին: «Հենց երգելով է պետք պատերազմի գնալ»,- լուրջ-լուրջ նկատում է փոխգնդապետ Մուրադյանը: …Հանգստի ժամին կլինի, ինժեներական աշխատանքներ կատարելիս, թե տարբեր այլ իրավիճակներում, այցելում ենք դիրքեր ու մարտական խնդիրներ առաջադրում. ստուգում ենք նրանց արագ կողմնորոշվելու կարողությունը. հակառակորդը ժամ ու պատարագ չի ճանաչում և ամենաանսպասելի պահը կարող է ընտրել հարձակման համար»: Մոտենում ենք դիտակետերից մեկին. դիտորդը ներկայանում է «Մուխսիյան Կարեն»: «Մարտական խնդիրդ ասա՛»,- հրամայում է փոխգնդապետը: «Моя задача…»,- սկսում է զինվորը: «Մեր այս զինվորը Բելառուսում է ծնվել-մեծացել,- նրան ընդհատելով՝ բացատրում է հրամանատարը ու անթաքույց հպարտությամբ ավելացնում,- հիմա լսե՛ք, թե ինչպես է ներկայացնում իր պարտականություններն ու մարտական խնդիրները»: «Հեռավորությունը հակառակորդից… Խնդիրս է ետ մղել հակառակորդի զրահապատ տեխնիկան և կենդանի ուժը…,- զինվորը ռուսերենով  արագ ու անշփոթ, ճշգրիտ պատասխանում է վերադասի հարցերին»: «Լա՛վ է, ապրե՛ս, բայց մյուս անգամ հայերենով ես այս ամենն ասելու»,- ժպտալով ասում է հրամանատարն ու դառնում է դիրքի ավագին, մանրամասն հարցուփորձ անում ու հրահանգավորում: Մինչ այդ, զրուցում ենք Կարենի հետ: «Ինքնակամ եկել եմ ծառայելու: Շինարարական քոլեջում էի սովորում: Ավարտելուց հետո հասկացա, որ պետք է գալ հայրենիք՝ ծառայելու: Ութերորդ ամիսն է, որ այստեղ եմ ծառայում,-փորձում է հայերեն խոսել Կարենը, ու լավ էլ ստացվում է,- կծառայեմ, պարտքս կկատարեմ, մի քիչ էլ կմնամ Հայաստանում ու ետ կգնամ. ծնողներս այնտեղ են: «Կարո՞ղ է՝ որոշես մնալ»,- հարցնում եմ: «Կհամոզե՛նք»,- ժպիտով մեր զրույցին միջամտում է փոխգնդապետ Մուրադյանը:

Моя задача...Դիրքի ավագը՝ սերժանտ Արթուր Աբրահամյանը, սահմանամերձ գյուղի բնակիչներից է: Պայմանագրային հիմունքներով զինվորագրվել է հայրենի գյուղի պաշտպանությանը:  Նրա մյուս եղբայրն էլ հենակետի մեկ այլ դիրքի ավագն է: Բազմանդամ ընտանիք ունեն. «Մենք այստեղ կանգնած՝ մի բանի մասին ենք մտածում. այս հողը, այս սահմանը ոչ մի դեպքում չպետք է տանք թշնամուն: Արյանս գնով էլ լինի՝ թույլ չեմ տա, որ իմ հող, իմ գյուղ մտնի թշնամին»:

Դիրքապահներից մյուսը՝ շարքային Արման Աբրահամյանը, Չարենցավանից է: Ութ ամիս է, ինչ այս դիրքում  է ծառայում: Այս տեղանքը ինձ հարազատ է դարձել: Սա իմ տունն է, իսկ ես հաստատ չե՛մ թողնի, որ իմ տուն ուրիշ մարդ մտնի,- հատ-հատ բառերը շեշտելով՝ ասում է երիտասարդը,- չե՛մ թույլ տա, որ որևէ մեկը փորձի իմ քույրերին, եղբայրներին, ծնողներին ցավ ու վիշտ պատճառել: Դրա համար հիմա գիշերով զենքը ուսիս կանգնած եմ ու պատրաստ եմ ամեն պահի…Կյանքը մեզ համար ամենաթանկ բանն է մեր ծնողներից ու հարազատներից հետո, բայց մենք պատրաստ ենք դա էլ տալ՝ հանուն ներքևում հիմա քնելու պատրաստվող գյուղացիների, հանուն այս սահմանի, հանուն այս մի բուռ հողի»:

Այնպիսի անկեղծությամբ ու սիրով է խոսում Արմանը՝ անհնար է չհուզվել: Այստեղ՝ սահմանին, այս բառերն ընդամենը բառեր չեն. զգացմունք ու համոզմունք են: Փոխգնդապետ Մուրադյանն անմիջապես կողքից ուղղում է իր զինվորին. «Մենք պատրաստ ենք կռվելո՛ւ ու հաղթելո՛ւ, լա՞վ: Պիտի ապրե՛նք, որ հաղթենք, պա՞րզ է»: «Ճիշտ այդպե՛ս»,- արձագանքում է զինվորը:

Մասնագիտությամբ ոսկերիչ է Արմանը: «Արհեստանոցս պատրաստ է. կծառայեմ, կվերադառնամ ու կանցնեմ գործի: Այստեղ ամեն ինչից շատ գոհ եմ, դիրքապահ ընկերներիս մասին էլ խոսք չկա: Ամեն երեկո նայում ենք Արարատին, ու վստահ եղեք՝ ինչպես Մեծ ու Փոքր Մասիսներն են ուս ուսի տված ամուր կանգնած, այդպես էլ մենք ենք՝ ընկերներով: Ինչպես իրենք են անբաժան, այդպես էլ՝ մենք»:

Հրաժեշտ ենք տալիս հերթապահներին ու վերադառնում  գետնատնակ: Հեռանալուց առաջ հրամանատարը իր շուրջն է հավաքում դիրքի զինծառայողներին. «Տղե՛րք ջան, այսօր յուրահատուկ օր է բոլորիս համար. մեր անկախության օրն է, ու ես իրոք հպարտ եմ, որ ձեզ պես տղերքի հետ միասին պաշտպանում եմ մեր բաժին այս հողը: Պետք է պարտավորվենք ավելի զգոն, ավելի հզոր լինելու, որովհետև մեր պապերը, հայրերը 90-ականներին մեզ ազատություն ու անկախություն նվիրեցին: Այսօր էլ այն պահել-պահպանելու մեր հերթն է: Այսօր գյուղի տոնական միջոցառման ընթացքում ձեզ անընդհատ հիշում ու փառաբանում էին: Ձեզ համար իրենց տոնական սեղանից նվերներ են ուղարկել՝ որպես շնորհակալություն: Անո՛ւշ արեք ու հիշե՛ք` ներքևում գյուղն է, իսկ դրա բնակիչները ամեն պահի մեր թիկունքին են կանգնած, ինչպես մենք՝ իրենց»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #38 (1309) 2.10.2019 - 8.10.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/10/2019