Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ



Զինված ուժերի մարտունակության կարևոր բաղադրիչներից մեկն է անձնակազմի կայուն բարոյահոգեբանական վիճակը (ԲՀՎ), որը զորքերի բարոյահոգեբանական ապահովման արդյունքն է: Ժամանակակից պատերազմում մարտական խնդիրների կատարումը կապված է նախկինում չհանդիպած դժվարությունների, բարոյական, հոգեբանական ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ, որոնք պայմանավորված են ինչպես մարտական գործողությունների բնույթի փոփոխությամբ, այնպես էլ հանկարծակիությամբ, տարբեր տեսակի ներգործություններով և այլն: Այս պարագայում ստորաբաժանումներից պահանջվում են շատ մեծ շարժունություն, գործողությունների արագություն, կարգապահություն, անձնուրացություն, համախմբվածություն, ներդաշնակորեն գործելու ունակություն, իսկ հրամանատարներից` կառավարման մեծ վարպետություն, ստեղծագործական մտածողություն, կայունություն և խիզախություն:

Զինվորական ծառայությունը այն տեսակի գործունեություն է, որը կապված է էքստրեմալ պայմանների և կյանքի համար ռիսկի տարրերի հետ: Սակայն զինծառայողների գործունեության մեջ կան որոշակի փուլեր, երբ կյանքի համար վտանգն առավել սուր է արտահայտվում և դառնում մասնագիտական գործունեության մշտական պայման: Գործունեության այդ փուլերում հուզական ծանրաբեռնվածությունները տարբերվում են իրենց ինտենսիվությամբ: Օրինակ` մարտական գործողություններին անմիջական մասնակցության ժամանակ կյանքի համար սպառնալիքն առավել մեծ է և էական ազդեցություն է գործում զինծառայողի հոգեվիճակի վրա: Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների ապահովմանն ուղղված գործունեության դեպքում հոգեհուզական ներգործության աստիճանը թույլ է: Մարտական խնդիրներ կատարելիս կարևոր է հաշվի առնել զինծառայողների հոգեվիճակների առանձնահատկությունները և էքստրեմալ պայմանների հոգեծին գործոնների ազդեցության բնույթն ու ինտենսիվությունը, ինչպես նաև գործունեությանը հարմարման ժամանակ հոգեվիճակի այն փոփոխությունների օրինաչափությունները, որոնք առաջ են գալիս կյանքի համար սպառնալիքի առկայությամբ:

Հարմարվելու, մարտական իրադրության մեջ արագ կողմնորոշվելու, մարտական գործողությունները ակտիվ և արդյունավետ կատարելու համար կարևոր նշանակություն ունեն զինվորի անձի դիրքորոշումը, մարտին հոգեբանական պատրաստությունը, մարտական խնդիրների կատարմանն անձնական մասնակցության անհրաժեշտության գիտակցումը:

Այսպիսով` մարտական գործունեության արդյունավետության կարևոր նախադրյալներ են զորքերի բարձր մակարդակի բարոյահոգեբանական վիճակը, արագ փոփոխվող իրավիճակի մասին մշտական տեղեկատվական ապահովվածությունը, զենքին ու մարտական տեխնիկային տիրապետման կայուն հմտությունները, վտանգի նկատմամբ անհատի և կոլեկտիվի հոգեբանական կայունությունը, տարբեր դժվարությունների և արգելքների հաղթահարմանը զինվորի բարձր մակարդակի պատրաստությունը, անձնուրացություն դրսևորելու պատրաստակամությունը:

Վարքի կայուն շարժառիթները, բարոյական և հոգեբանական հատկությունները, մարտական վարպետությունը զինվորներին հնարավորություն են տալիս հաղթահարելու մարտի բացասական ազդեցությունը և իրենց գործողություններն ուղղելու մարտական խնդիրների արդյունավետ կատարմանը:

Գիտենալով, թե ինչպես է փոխվում անձնակազմի հոգեվիճակը` կախված մարտական իրավիճակի առանձնահատկություններից, նրանց անձնային հատկություններից, ինչպես նաև հաշվի առնելով մարտի պայմաններում զինվորների մարտական գործունեության արդյունավետության նախադրյալները` հրամանատարը զինվորական հոգեբանի հետ համատեղ կարող է առավել նպատակաուղղված և արդյունավետ կառավարել մարտական իրադրությունում նրանց վարքը, բարդ խնդիրների կատարումից հետո արագ վերականգնել անձնակազմի մարտունակությունը:

Ժամանակակից մարտում զինծառայողների կայուն և արդյունավետ գործունեության հիմնական պայմաններն են`

1. վարքի շարժառիթավորման բարձր մակարդակը,

2. բարոյամարտական հատկությունների կայունությունը,

3. մարտական մեծ վարպետությունը,

4. մարտական իրադրության մեջ արագ «մխրճվելու» ընդունակությունը,

5. գործունեության վրա վտանգի, հանկարծակիության, իրադրության նորության բացասական ազդեցությունները հաղթահարելու կարողությունը,

6. հրամանատարների կողմից ենթակա անձնակազմի անընդմեջ ղեկավարումը և բարոյահոգեբանական ներգործությունը,

7. հոգեբանական կայունությունը, ներառյալ` հակառակորդի բացասական տեղեկութահոգեբանական ներգործության նկատմամբ, և յուրաքանչյուր զինվորի (զինվորական կոլեկտիվի) հոգեբանական պատրաստությունը մարտին:

Ձևավորել մարտական գործողություններին զինվորի հոգեբանական պատրաստությունը նշանակում է նրա մեջ առաջին հերթին ձևավորել կայուն բարոյական, մարտական և հոգեբանական հատկանիշներ: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ապահովել և մշտապես պահպանել զինվորների ակտիվ մարտական և գործուն հոգեվիճակները, նրանց տրամադրվածությունը, դիրքորոշումները` ուղղված ինքնազարգացմանը (ինքնակատարելագործմանը) և հակառակորդի կողմից մարտական գործողությունների հանկարծակի ձեռնարկման դեպքում իրենց ուժերի առավելագույնս օգտագործմանը:

Զինծառայողի մարտական գործունեության բարդացումը, ավելի մեծ հոգեկան ծանրաբեռնվածությունը, զինված պայքարի նպատակների իրականացմանը խոչընդոտող գործոնների ակտիվացումը պայմանավորված են ոչ միայն ժամանակակից պատերազմի բնույթով կամ նոր զինատեսակների կիրառմամբ, այլև պատերազմի ծագման պատճառներով: Վաղուց ապացուցված է, որ պատերազմի պատճառները մեծ ազդեցություն են գործում զինծառայողի անձի վրա: Պատերազմի պատճառները չըմբռնելը կարող է հանգեցնել կայուն հուզական լարվածության առաջացմանը, ինչը բացասական ազդեցություն է գործում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, հոգեբանական կայունության վրա: Այս առումով Արցախյան ազատամարտը դրա վառ օրինակն է, մասնավորապես` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չկարողացավ իր ժողովրդին հստակ ներկայացնել մեզ պարտադրված պատերազմի նպատակը և բարձրացնել յուրային զորքերի մարտական ոգին: Ինչպես ցույց տվեցին Արցախյան պատերազմի իրադարձությունները, հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի բազմապատիկ գերազանցությունը ոչինչ էր մեր մարտիկների բարոյական ոգու, անհույս թվացող իրավիճակներում հաղթական կամքի գերբնական դրսևորման դիմաց, որովհետև այդ ամենը մեր ժողովրդի, մեր մարտիկների համար պայմանավորված էր ոգու կանչով, մեր պատմական հողերը ազատագրելու վճռականությամբ: Զուր չէր, որ մահապարտների գումարտակի 5-րդ տարելիցին նվիրված հանդիսությունում Սպարապետ Վազգեն Սարգսյանն իր ելույթում նշեց. «Դեռևս 1990-1991 թվականներին ես առիթ եմ ունեցել ասելու, որ յուրաքանչյուր ժողովուրդ, անկախ այն բանից` 3-4 միլիոն է, թե 300-400 միլիոն, չի պարտվի, եթե կարողանա 5-6 հարյուր մարտիկ ասպարեզ հանել: Ես համոզված էի, որ հայ ժողովուրդն ի վիճակի է դա անել, որը և կարծես ապացուցեցինք… Ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանը Լաչինի կամ Քելբաջարի պարտությունից հետո ի վիճակի լիներ համախմբվել և գտնել այդ 500 հոգին, մեր առաջխաղացումը պատնեշեր, մենք կկարողանայի՞նք նման հաղթանակներ տանել: Նույնիսկ Շուշիում ի հայտ չեկան այդ 500-ը, որ մեր զորքերի դեմ ելնեին: Նշանակում է` տվյալ ժողովրդի ոգին այն չէ, նշանակում է` տվյալ ժողովուրդն անզորության է դատապարտված: Խուճապը, թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ` ահավոր զգացողություն է, որը եթե կյանքով, արյունով չես դիմագրավում, ձնագնդի նման գլորվում, ահագնանում է անընդհատ»:

Շարունակելի

ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
գնդապետ,
հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


19/10/2011