Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ



ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎԴավիթաշեն վարչական շրջանի թիվ 200 հիմնական դպրոցում օրերս տոնական տրամադրություն էր: Այստեղ էին Երևանի ավագանու անդամներ, ԱԺ պատգամավորներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, Երկրապահ կամավորական միության անդամներ: Նրանց բոլորին համախմբել ու մեկտեղել էր արցախյան ազատագրական շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնիդ Ազգալդյանը:

Հանդիսավորությամբ ու մեծ շուքով կրթօջախի բակում բացվեց Լեոնիդ Ազգալդյանի անունը կրող ցուցատախտակը։ Բացման պատիվը վերապահվեց հերոսի քրոջը՝ Նելլի Ազգալդյանին:  Քույրը Լեոնիդի մասին խոսում էր հուզված ու շփոթված, անթաքույց հպարտությամբ. «Նա, իսկապես, իր ազգի զինվորն էր: Նրա համար թանկ էր ամեն մի թիզ հողը և յուրաքանչյուր հայի կյանքը: Շատ ուրախ եմ, որ այս կրթօջախը կրելու է եղբորս անունը»:

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎՆրա խոսքով՝ մենք հիմա էլ ունենք  և միշտ ունենալու ենք հերոս Ազգալդյաններ. «Առաջնագծում կանգնած տղաները նույնպես հերոսներ են, նրանք նվիրված են իրենց հայրենիքին ու երկրին: Ուրախ եմ, որ այսօր նման երիտասարդություն ունենք»,- ասաց տիկին Նելլին:

Դպրոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու գաղափարը եղել է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանինը։ Քաղաքապետի այս տարվա հուլիսին կայացրած որոշմամբ էլ կյանքի կոչվեց գաղափարը:  Լևոն Զաքարյանի խոսքով՝ սա ոչ միայն ուրախալի իրադարձություն է, այլ նաև ոգևորող ու խրախուսող փաստ:  Վերջինիս խոսքով՝ Լեոնիդ Ազգալդյանը այսօր, որպես ազգի նվիրյալ, վերարժևորվում է. «Ազգալդյանը մեծ տեղ էր հատկացնում կրթությանը: Նրա համար հայրենիքի պաշտպանությունն սկսվում էր լավ կրթությունից: Յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի Ազգալդյանին և իմանա այն պատմությունը, որ կերտել է նա իր հերոսությամբ»:

Ցուցատախտակի բացման հանդիսավոր արարողությունից հետո կրթօջախի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ հերոսի հիշատակին նվիրված միջոցառում: Ներկայացվեցին նրա կյանքի, անցած ճանապարհի ու  փառահեղ հերոսությունների մասին պատմություններ…

Լեոնիդ Ազգալդյանը  «Ազատագրական բանակ» և «Անկախության բանակ» ռազմական կառույցների ստեղծողն էր, Վարդենիսի, Քելբաջարի, Նոյեմբերյանի, Կոռնիձորի, Շահումյանի, Գետաշենի և մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը նախաձեռնած ու ստանձնած ղեկավարը։

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ«Սա Հայաստան է և վերջ…». Լեոնիդն իր այս խոսքերի իրավացիությունն ապացուցեց կյանքի գնով: «Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը, ինչպես նաև մնացած հայոց հողերը…»:

Միջոցառմանը ներկա էր նաև  «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթը։ Նրանք իրենց ռազմահայրենասիրական պարով ու քայլերգերով ոգևորեցին ներկաներին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի հիշատակին։ Ի դեպ, համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերն է, նրա ջոկատի անդամը։ Նա Ազգալդյանին բնորոշում է որպես ազնիվ ու վեհ մի մարդու, որպես  հաղթանակող ու ազատագրող տեսակի. «Արդարությունը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում. մենք կամաց-կամաց սկսում ենք գնահատել մեր իսկական հերոսներին: Վստահաբար, Ազգալդյանը չունի ո՛չ հերոսի կոչման, ո՛չ դպրոցի անվանակոչման կարիք: Ժողովրդի կողմից նա ուղղակի ստացավ «Լեոնիդ» կոչումը և դրանից բարձր բան նրան պետք չէր»,- ասաց Գագիկ Գինոսյանը։

Իսկապե՛ս, Լեոնիդ Ազգալդյանը կոչումների կարիք չուներ. նրա կոչումը ի վերուստ էր տրված: Նա մի ամբողջ ժողովրդի համար դարձավ արժեհամակարգ, դարձավ փարոս ու լուսատու մի երկրի համար, որ գոյի պայքարի մեջ էր…

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1310) 9.10.2019 - 15.10.2019, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


10/10/2019