Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ



ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

http://www.hayzinvor.am/67385.html902թ. կատարվեց անսպասելին։ Մահափորձ կատարվեց Սմբատ թագավորի դեմ։ Սա լուրջ ահազանգ էր, ահազանգ, որ նորից բորբոքվելու էր անմիաբանությունը, ոտնատակ էր տրվելու պետական մտածողությունը։ 910թ. Ձկնավաճառի ճակատամարտում կրելով պարտություն, Սմբատը ամրացավ Կապույտ բերդում (Արտագերս)։ Երկիրը մատնվեց թալանի եւ, հայրենիքը փրկելու ուրիշ ելք չտեսնելով, 913թ. Սմբատը հանձնվեց արաբներին։ Մեկ տարի Դվինի բերդում անմարդկային տանջանքների ենթարկվելուց հետո Հայոց թագավորը գլխատվեց, իսկ մարմինը խաչվեց Դվինի դարպասներից մեկի վրա։ Սմբատի եղեռնական մահով կարծես պարտություն էր կրում նաեւ ազգային ու պետական մտածողությունը, Հայկական հարցը մնում էր անլուծելի։ Սկսվել էր ավատատիրական մասնատվածությունը, նախ՝ հայտարարվեց Վասպուրականի անկախությունը (908թ.), որը մեծագույն հարված էր Հայոց պետականությանը։ Երկրի կործանումը կանխվեց թագաժառանգ Աշոտ Երկրորդի ու հայրենանվեր սպարապետ Գեւորգ Մարզպետունու ջանքերով։ Թագաժառանգը հաստատակամ էր, կորովի ու երդվյալ հայրենասեր։ Պետականության կորստի վտանգը հայ ժողովրդին, հակառակ կենտրոնախույս նախարարների, համախմբեց թագաժառանգի շուրջը, եւ նա, հաղթանակ հաղթանակի հետեւից տանելով, վերածնեց հայոց պետականությունը։ Ժողովուրդը իր սիրելի թագավորին օծեց Երկաթ անունով, ինչը նրա քաջագործությունների արժանի գնահատականն էր։ Աշոտ Երկրորդը կառավարեց 914-928թթ. եւ բոլոր կողմերից վխտացող թշնամական ուժերի դեմ հանեց ազգային մտածողության առհավատչյան՝ կենտրոնացված, անկախ պետությունը։

Աշոտ Երկաթին հաջորդած Աբաս Առաջինը (928-953թթ.) շփումները սերտացրեց Բյուզանդիայի հետ եւ, լարված արաբաբյուզանդական հակամարտության պայմաններում ստանալով հնարավորություն, այն ուղղորդեց տնտեսական ու քաղաքական վերելքի ապահովմանը, անկախ պետականության կայացմանը։

Երկիրը զորեղացնելուն, Հայաստանի հեղինակության բարձրացմանն էին ուղղված Աշոտ Երրորդ Ողորմածի ձգտումները (953-977թթ.)։

Հայոց նոր գահակալը, ի ծնե լինելով բարեհամբույր ու աղքատասեր, շատ շուտով վաստակեց Ողորմած անունը։ Սակայն նա թույլ տիրակալ չէր։ Նա որոշեց մայրաքաղաքը տեղափոխել Անի, որն աննկատ վեր էր ածվել տնտեսական, մշակութային ու քաղաքական կենտրոնի։ Մայրաքաղաքի տեղափոխությունը (961թ.) հաստատում էր հայրենի պետականության անկախությունը։ Աշոտ Ողորմածի գահակալության տարիների կարեւոր իրադարձություններից մեկն էլ կաթողիկոսարանը Վասպուրականից Շիրակ (Արգինա գյուղ) տեղափոխելն էր։

Եկեղեցու եւ թագավորական իշխանության միակամությունը մեծագույն նպաստ էր բերելու Հայկական հարցի լուծմանը, պետականության ամրապնդմանը։

Ստեղծված խաղաղ ժամանակահատվածը թագավորը օգտագործեց շինարարական աշխատանքների, մշակույթի զարգացման համար։ Այդ տարիներին էր, որ Անիին տրվեց Տիեզերական մայրաքաղաք անվանումը։ Անիով էր սկսվում հայ միջնադարյան հզոր մշակույթի ձեւավորումը՝ օտար նվաճողների դեմ պայքարում հայությունը ձեռք էր բերում եւս մի անպարտելի զենք՝ Մշակույթը։

Մշակութային զարգացումը Սմբատ Երկրորդի ժամանակ (977-990թթ.) նոր որակ ստացավ։ Կրկնակի պարսպապատվեց մայրաքաղաքը, հառնեց անգերազանցելի Անիի Մայր եկեղեցին, որի կերտողը հռչակավոր Տրդատ ճարտարապետն էր։ Եկեղեցուն առավել մեծ շուք տալու նպատակով թագավորը հեռավոր Հնդկաստանից 12 լիտր տարողունակությամբ բյուրեղյա կանթեղ բերեց։ Եթե հայր եւ որդի թագավորները զարկ էին տալիս մշակույթի զարգացմանը, չէր նշանակում, որ հեռու էին մնում քաղաքական լայնածավալ գործունեությունից։ Ճիշտ է, հետզհետե տարածում էր ստանում ավատատիրական մասնատվածությունը, ձեւավորվել էին Վասպուրականի, Տայքի, Կարսի, Սյունիքի, Տաշիրի թագավորությունները, որոնք խաթարում էին պետականությունը, սակայն Անիի տիրակալները կարողանում էին լուծել համազգային հարցերը, բարի հարաբերություններ հաստատելով հանդերձ Բյուզանդիայի հետ, անվտանգ դարձնել արաբական ճակատը։ Բեղուն մշակութային ու տնտեսական գործունեությունը թեեւ բարձրացնում էին Անիի թագավորության դերը տարածաշրջանում, անհրաժեշտություն էին դառնում կենտրոնացված պետության վերականգնումը, բաժան-բաժան, մանր իշխանությունների միավորումը, որն էլ ձեռնարկեց Սմբատի եղբայր Գագիկ Առաջինը (990-1020թթ.)։

Ժամանակի ծնունդ էր Հայոց նոր գահակալը։ Տնտեսական զարգացումը, բարձր մակարդակի հասած մշակույթը հնարավոր էին դարձնում մանր պետական միավորումների համախմբումը, արտաքին վտանգի պահին բաժանված իշխանությունների զինական համագործակցությունը։ Եվ ամենակարեւորը՝ ցուցաբերելով պետական մտածողություն, իշխանություններն ընդունում էին Բագրատունի թագավորների ավագությունը։

Գագիկ Առաջին թագավորը մարտունակ բանակ ստեղծեց եւ, 100 հազարանոց զորքի գլուխ կարգելով Վահրամ Պահլավունուն, մեկը մյուսի հետեւից իր իշխանությունը տարածեց անջատված տարածքների վրա։ Թագավորի ջանքերը հաջողությամբ պսակվեցին նաեւ արտաքին հարձակումները զսպելու ուղղությամբ։ Սպարապետ Վահրամ Պահլավունին Ապահունիք գավառի Ծմբո գյուղի մոտ, 998թ. գլխավորելով Կարսի, Տայքի, վրացական զորամիավորումները, ջախջախիչ պարտության մատնեց Ատրպատականի Ամրան Մամլունի բանակը։ Այնուհետեւ զսպելով Գանձակի ամիրային, Հայոց թագավորը իր գերիշխանության տակ առավ Գուգարքի Դավիթ Անհող թագավորին։ Հայրենիքի միավորումը, կենտրոնացված պետության ստեղծումը ավարտին կհասներ, եթե իրադարձություններին չմիջամտեր բյուզանդական կայսրությունը։ Ձգտելով իր ազդեցությունը տարածել Հայաստանի կենտրոնական շրջանների վրա, Բարսեղ Երկրորդ կայսրը Բարձր Հայքի որոշ գավառներ, Տարոնի հարավային եւ արեւմտյան շրջանները գրավելուց հետո Տայքի թագավոր Դավիթ Կյուրոպաղատից անակնկալ նվեր ստացավ։ Խորը ծերություն ապրող Կյուրոպաղատը, որ ժառանգազուրկ էր, ենթարկվելով ապակողմնորոշիչ ուժերի ազդեցությանը, 1000թ., իր թագավորությունը կտակեց Բյուզանդական կայսրությանը… կայսրը, զավթելով Տայքն ու Մանազկերտը, կանգ է առնում Հավճիչ անունով լեռան մոտ, ուր շտապում են հայ, վրաց ու աբխազական թագավորները, մանր ու խոշոր իշխանները։

Հայոց Գագիկ Առաջին թագավորը քաջ գիտենալով, որ կայսրը իրեն այցելած թագավորներին ու իշխաններին վերաբերվում է որպես վասալների, անուշադրության մատնեց կայսրի ներկայությունը։ Հայոց գահը կայսրականին համազոր ճանաչելը պատահական չէր, ինչպես վկայում է Ասողիկ պատմիչը՝ «Ոչ ոք չկար, որ զարհուրեցներ Հայաստանցիներին»։ Շնորհիվ Գագիկ Առաջինի, մասնատված, բաժան-բաժան Հայաստանը նորից վերագտավ իր փառքը, հանդես եկավ որպես կենտրոնացված պետություն, արժանի դերն ու հեղինակությունն ստացավ տարածաշրջանում։ Հայ ժողովուրդը անօրինակ մաքառումով հզորացրեց իր պետականությունը, լուծում տալով իր գերխնդրին՝ Հայկական հարցին։ Ցավոք, 11-րդ դարի սկզբում, նախ, կյանքից հեռացավ Գագիկ Առաջին թագավորը, նրա Հովհաննես-Սմբատ եւ Աշոտ որդիների միջեւ պայքար բորբոքվեց գահի համար։ Եղբայրները իրար դեմ հանեցին բանակներ, սակայն ազդեցիկ նախարարների՝ Սահակ եւ Վահրամ Պահլավունիների, կաթողիկոսի, վրաց եւ աբխազաց թագավորների միջնորդությամբ հաջողվեց վեճը հասցնել հաշտեցման։ Եղբայրների միջեւ թագավորությունը բաժանվեց, պայմանով, որ Հովհաննեսի մահից հետո գահն անցներ Աշոտին։

Մինչ այս իրադարձություններն էին ծավալվում Անիի թագավորությունում, Բարսեղ Երկրորդ կայսրը, որին անվանում էին «բուլղարասպան» 15 հազար բուլղարների կուրացնելու համար, հայացքն ուղղեց Հայոց հարավարեւելյան սահմանների պահապան Վասպուրական։ Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, որ Աշոտ-Սահակ եւ Գուրգեն-Խաչիկ եղբայրների մահից հետո միավորել էր Վասպուրականը, ի ծնե վախկոտ ու զինվորական ընդունակություններից զուրկ մարդ էր, ահաբեկվեց, երբ իր թագավորության սահմանագլխին տեսավ սելջուկ-թուրքերին եւ հույսը կտրելով, թե կկարողանա կանգնեցնել հրոսակների արշավը, որդուն՝ Դավթին բանակցությունների ուղարկեց Բյուզանդիայի կայսրի մոտ։ Հայաստանը բռնակցելու տենդով համակված կայսրը սիրով ընդառաջեց Վասպուրականի տիրոջը եւ հայրենի երկրամասի փոխարեն առաջարկեց Սեբաստիա քաղաքն իր շրջակայքով։ Ընտրությունը կատարված էր։ Թագավորի հետ գաղթեցին շուրջ 30 հազար հայեր, բյուզանդական կայսրությանը թողնելով 8 քաղաք, 4000 գյուղ, 72 բերդ ու ամրոց, 115 վանք ու եկեղեցի։ Նվաճելով Հայաստանի տարածքի մեծագույն մասը, բյուզանդական կայսրերը ձգտում էին վերացնել վերջին խոչընդոտը՝ Անիի թագավորությունը։ Սակայն հայ ժողովուրդը իր 18-ամյա խիզախ թագավորի՝ Գագիկ Երկրորդի ու ծերունազարդ սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ արժանի հակահարված տվեց թշնամուն, Անիի պարիսպների տակ ջախջախելով բյուզանդական բանակը։ Կայսրի հաջորդ փորձերը եւս պսակվեցին անհաջողությամբ։ Պատանի թագավորին սակայն չհաջողվեց սաստել ներքին դավաճան ուժերին, քանի որ նրանց միացավ կաթողիկոսը։ Նա, մինչեւ Հայոց թագավորը բանակցությունների համար կհասներ Պոլիս, Անիի 40 բանալիները հանձնեց կայսրին։ Պատանի թագավորը զգում է իր խաբվածությունը՝ համարձակորեն վեճի է բռնվում կայսրի հետ ու պատասխանելով կտակի համաձայն թագավորությունը նրան հանձնելու պահանջին, ասում. «Հայոց տան տերն ու թագավորը ես եմ, եւ ես քեզ չեմ տալիս Հայոց երկիրը» (Սամուել Անեցի, ժամանակագրություն, Վաղարշապատ, 1893)։

 

Շարունակելի

Խորագիր՝ #39 (1310) 9.10.2019 - 15.10.2019, Պատմության էջերից


10/10/2019