ՍԵՓԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ
Արցախյան հերոսամարտի լեգենդար կապավոր Սերգեյ Աթարբեկյանը (գաղտնանունը՝ Էռկա) պատերազմի «չբացահայտված» մարդկանցից է, մեկը մեր խոնարհ հերոսներից: Նրա արածների թերեւս մի չնչին մասին ենք տեղյակ, իսկ թե նրա շնորհիվ հակառակորդի ինչքա՜ն ծրագրեր են գաղտնալսվել, եւ դրանց իրագործումը կանխելով` որքա՜ն մարդկային կյանքեր փրկվել վերահաս վտանգից, թիվ ու հաշիվ չկա:
Շատ շատերն այդպես էլ չիմացան, որ ողջ մնալու համար պարտական են փոքրամարմին, բայց հոգու մեջ մի ամբողջ աշխարհ բարություն ամբարած մարդուն: «Բարեգործությունը հետադարձ հասցե չունի, եթե ունենում է, դա արդեն առեւտուր է». Սերգեյ Աթարբեկյանի բազում թեւավոր խոսքերից մեկն է: Ինքը հազար դժվարություն, հիասթափություն ու դառնություն տեսավ, բայց արժանապատվորեն հաղթահարելով՝ ապրեց ազնիվ, շիտակ, բացճակատ, հեռու կեղծ ու շինծու ամեն ինչից, հեռու նյութապաշտությունից: Իրեն հազար պաշտոն առաջարկեցին, մերժեց՝ ես իմ խղճի առաջ իմ գործն եմ անում:
Երբ փոթորկվեց համազգային շարժումը, Սերգեյ Աթարբեկյանը Ստեփանավանի օդանավակայանի տնօրենն էր: Տեղափոխվեց Երեւան եւ աշխատանքի անցավ «Զվարթնոցում»՝ որպես սովորական ռադիոօպերատոր: Անընդհատ պրպտում էր՝ ինչով աջակցել, սատարել շարժմանը ու գտավ լուծումը՝ «սեփական զենքով»: Կապի միասնական օղակը չկար այդ ժամանակ, ու նա հստակ գիտակցելով կապի ռազմավարական նշանակությունը` ձեռնամուխ եղավ կարեւորագույն այդ խնդրի իրագործմանը: «Զվարթնոցում», «Էրեբունիում», Նոր Հաճնում, ավելի ուշ՝ սահմանամերձ կետերում, մաքսատներում, հակակարկտային կայաններում, կառավարական առանձնատներում, դպրոցներում, կամուրջների վրա նրա շնորհիվ կապ էր ստեղծվում: Անգամ հովիվների մոտ էր կապ դրել: Խորհրդային բանակի հին, չօգտագործվող տեխնիկան նրա ձեռքի տակ նոր շունչ, նոր կյանք էր ստանում:
Իր ստեղծած ռադիոցանցի շնորհիվ Էռկան գաղտնալսում էր նաև պատերազմի դաշտում գործող խորհրդային զինվորական հրամանատարությանը, ինչի շնորհիվ կանխվում էին Հայաստանից նախկին խորհրդային բանակի սպառազինությունը դուրս հանելու փորձերը: Անդրկովկասյան օկրուգից խորհրդային բանակի գեներալը կապվել էր Արցախում գտնվող մեկ այլ գեներալի հետ: Ձայնագրության մեջ գեներալները պայմանավորվում են, որ գիշերը ժամը 3-ին Ստեփանակերտում առկա զինվորական ամբողջ տեխնիկան պետք է գաղտնի տեղափոխել Վազիանիի ռազմակայան: Գեներալների այս խոսակցությունը Սերգեյն անմիջապես հաղորդում է հայաստանյան ղեկավարությանը, վերջիններս էլ անմիջապես կապվում են Մոսկվա: Որոշ ժամանակ անց գեներալների կարգադրությունը չեղյալ է հայտարարվում, եւ զինտեխնիկան մնում է Ստեփանակերտում: Ավելի ուշ՝ Վազգեն Սարգսյանը Սերգեյին կպատմի, որ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովը խիստ զարմացել էր հայկական կողմի օպերատիվ գործելուց. «Մենք դեռ խոսքը չենք վերջացրել, դուք եկել, բողոքում եք, որ տեխնիկան տանում են»:
Խորհրդային բանակի զինվորականները հասկացել էին, որ իրենց կապը գաղտնալսվում է, ծրագրերն արագ բացահայտվում են, եւ ջանում էին բացահատել գաղտնալսողներին, անգամ գլխագին էին սահմանել: Հետապնդումներից խուսափելու նպատակով Սերգեյը որդու` Արայի հետ միասին տեղափոխվում է Օձունի օդանավակայանի ծառայողական տուն: Մի վագոն -տնակ էլ հատկացնում են, որտեղ տեղավորում է իր կայանքները:
Շուտով ընտանիքի մյուս անդամներն էլ են միանում: Ու թե Սերգեյ Աթարբեկյանը տանը չէր, մեկնում էր այս կամ այն հատվածում կապ ապահովելու, կինն ու զավակներն էին փոխարինում: Կինը՝ Հռիփսիմեն, առաջին կարգի կապավոր է, զավակներն էլ սովորել էին մասնագիտության բոլոր նրբությունները: Պատահում էր նաեւ՝ որդիներն էին գնում-հասնում Կապան, Մեղրի՝ կայանքներ տեղադրելու, հաճախականությունները բացատրելու: Այսպես միակուռ-միահամուռ գործում էին:
Էռկան ու Բեֆը (կնոջ ծածկանունն էր) զավակների հետ քուն ու դադար չունեին. ամբողջ մարմնով ասես լսողություն էին դարձել՝ գերգաղտնի տեղեկություններ էին հայթայթում, գաղտնալսում ադրբեջանցիների խոսակցությունները, կապ էին պահպանում կռվող տղերքի եւ ղեկավարության միջեւ, տեղեկացնում թշնամու տեղաշարժերը, մտադրությունները: Մոսկվայում, Բիշկեքում, երբ քննարկվում էր Արցախի հարցը, վերջին պահին բանակցության մտնելուց առաջ հայաստանյան պատվիրակությունը Սերգեյից էր ճշտում դեպքերի ընթացքը, ամենահավաստի տեղեկություններն ինքն էր հաղորդում: «Նա մեր ազատամարտի բոլոր գործողությունների սիրտն էր, անխափան աշխատող սիրտը: Բոլոր գաղտնի հրամանները տրվում էին նրա միջոցով: Թշնամու տեղաշարժերի բոլոր գաղտնի տեղեկություններն ստանում էինք RK-ի օգնությամբ: Նա երբեք չէր սխալվում: Անձամբ նրա տեղեկությունների շնորհիվ հարյուրավոր զինվորներ են փրկվել, տասնյակ ճակատամարտեր ենք շահել»՝ այսպես է բնութագրում Էռկային Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը:
«Ինքը կյանքի զարկերակն էր, մեզ կապում էր հայրենիքի հետ, աշխարհի հետ»,- լրացնում է Սուսաննա Ծատինյանը Ջիլիզայից, որն Արցախյան պատերազմի տարիներին կապավոր է եղել:
Էռկան իր գործի անխոնջ նվիրյալն էր, հորինում էր նաեւ կոդեր, գաղտնագրեր ու ծածկագրեր՝ ժամանակ առ ժամանակ դրանք փոփոխելով:
…Ցուրտ վագոնում հեշտ չէր աշխատել, անլույս, անջուր, անհաց օրեր էին մթնեցնում… ճքճքան սառնամանիքին ջուրը բաժակների մեջ սառչում էր, բայց մատները շփելով, տաքացնելով աշխատում էին 24 ժամ, նվիրումն անպարագրելի էր: Երբ հարցնում էին՝ Սերգե՛յ, ի՞նչ է պետք, փող, նավթ, ինչո՞վ օգնենք: «Նավթն ուղարկեք սահման,- կարճում էր,- գումարն էլ տվեք զոհվածների ընտանիքներին»:
Շրջակա գյուղերից մարդիկ, օրվա տարբեր ժամերի, հաճախ էին թակում դուռը՝ սահմանագծում ծառայող զավակներից, հարազատ-բարեկամից մի ստույգ լուր իմանալու: Սերգեյը, չնայած գերզբաղվածությանը, օգնում էր բոլորին անխտիր, առանց տրտնջալու:
«Մի օր էլ Սերգեյը անկողնում պառկած էր, վատառողջ էր,- հիշում է կինը՝ Հռիփսիմեն,- մեկը եկավ մեր տուն, ասաց՝ որդուս սեւ թուղթն եմ ստացել, բայց վերջին հույսս դու ես: Ամուսինս անկողնուց վեր ելավ, ճշտեց, թե որ տարածքում է ծառայում տղան:
Կապի մեջ այդ հատվածից այդ ժամին մարդ չկար, քիչ անց նորից փորձեց: էնտեղից լավ լուր հայտնեցին, ասացին, որ տղան ողջ է, իջել է ջրի, քիչ հետո կգա, կխոսի:
-Ալլո՚, ալլո, ո՞վ է,- մինչ օրս հիշում ենք զինվորի ձայնն ու զինվորի հոր հուզմունքը՝ երեխես է, հա՛… Ու էսպես հազար դեպք ու դիպված: Ուրախ ու տխուր օրերից կյանքը լիուլի մեզ բաժին է հանել,- շարունակում է տիկին Հռիփսիմեն,- լավ լուրն էլ, վատն էլ առաջինը մենք էինք տեղեկանում ու տեղեկացնում…: «Շահումյանն ընկավ, բնակչությունն անտառներում է»՝ ցավագին այդ բոթը հաղորդած ռադիոհեռախոսավարուհու ձայնը մինչ օրս ականջներումս է…»:
Բոլոր ռադիոխոսակցությունները ձայնագրում էին, մանրակրկիտ գրի առնում, հաճախ գրվող տողին արցունք էր խառնվում, լաց լինելով շարունակում էին աշխատել: Ամեն զոհվածի լուրն առնելիս Սերգեյը վիշտը սրտում անթեղելով՝ մոտակա դաշտում ծառ էր տնկում՝ անվանական պտղատու ծառ՝ ի հիշատակ անմահության ուղին բռնած քաջի…Պատերազմ էր….ծառերը շատանում էին՝ վերածվելով փոքրիկ «Եռաբլուրի»…
Կյանքն արցունքից ու ժպիտից է շաղախված, իսկ ո՜նց էին ուրախանում լավ լուր լսելիս. ազատագրված ամեն տարածքի մասին տեղեկանալով՝ աշխարհով մեկ էին լինում: Շուշիի ազատագրման նախօրեին կանխատեսել էին՝ հաղթելու ենք, ու այդտեղի կապավորին էլ խնդրել էր, որ ազատագրված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում իրենց անունից էլ մոմ վառի: Կապավորի ուրախ ձայնը ավետեց՝ ձեր անունից մոմերը վառել եմ:
♦♦♦
Պատերազմի գրեթե առաջին օրերից ձայնագրվել և գրի են առնվել ռադիոկապով հաղորդվող բոլոր խոսակցությունները, տեղեկությունները: Թերթում եմ մատյանները, որտեղ ընտանիքի բոլոր անդամների ձեռագրերը կան.
-Հուլիս 20,Դիզակում լարված վիճակ է:
-Ստեփանակերտում 2 զոհ կա:
-24.04.1991թ. Գետաշենում լարված վիճակ է….
Ռադիոխոսակցություններում կլսեք Շահեն Մեղրյանի, Վազգեն Սարգսյանի, ազատամարտիկների ձայները մարտի դաշտից…
«Մայր Հայաստան» թանգարանում Սերգեյ Աթարբեկյանին նվիրված անկյուն կա, որտեղ ցուցադրվում են լեգենդար կապավորի գործունեության մասին պատմող թղթեր, փաստաթղթեր, ցուցադրված է հեռախոսը, որով անմիջականորեն Կրեմլի հետ էին միանում, ձայնագրիչներ, ձայնագրություններ, մատյաններ….
Այս ամենը մի փոքրիկ մասն են ամբողջ պահոցի: Այս մատյան-վավերագրերը, ռադիոխոսակցությունները Արցախյան ազատամարտի հերոսական էջերի խոսուն վավերագրերն են՝ պատերազմի տարեգրությունը:
Լրանում է Արցախյան պատերազմի լեգենդ Սերգեյ Աթարբեկյանի 80-ամյակը: Արդեն մի քանի տարի է՝ նա ֆիզիկապես մեր կողքին չէ:
Կարծում եմ՝ ի նշան երախտագիտության, ճիշտ կլինի մի թանգարան ստեղծել՝ նվիրված լեգենդար կապավորին: Նրա սիրած խոսքերից մեկն էր՝ «Բարեգործությունը հետադարձ հասցե չունի»:
Բայց չէ որ աշխարհում գործում է նաեւ բումերանգի օրենքը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ եւ Աթարբեկյանների ընտանեկան արխիվի
Խորագիր՝ #39 (1310) 9.10.2019 - 15.10.2019, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում