«ԱՌԿԱ ՆԵՐՈՒԺՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ ԱՆԵԼ»
Զրույց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ՍԵՐԳԵՅ ՉԱԼՅԱՆԻ հետ
-Պարոն Չալյան, վերջին շրջանի իրադարձությունների՝ բանակում կատարված ծանր հանցագործությունների եւ մարդկային կորուստների հետ կապված` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Զինվորական կարգապահության կտրուկ բարձրացմանը եւ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված ցուցումներում» հստակ նշեց, որ միջանձնային հարաբերությունների ոլորտում առկա խնդիրները, որոնք հասարակության շրջանում ձեւավորում են բանակի հանդեպ անվստահության մթնոլորտ, հետեւանք են պաշտպանության համակարգի որոշ օղակների, սպայակազմի եւ հրամանատարության անարդյունավետ եւ թերի աշխատանքի։ Ես ուզում եմ հարցնել` որպես նախազորակոչային պատրաստություն իրականացնող կառույց` դուք ունե՞ք վրիպումների եւ թերությունների Ձեր բաժինը եւ Ձեր գործունեությունը նախարարի ցուցումների ոգով կատարելագործելու ծրագիր մշակե՞լ եք։
-Զինկոմիսարիատների նախազորակոչային պատրաստության ծրագրում շեշտված է բանակը ֆիզիկապես կոփված, առողջ եւ հոգեպես ամուր զինվորներով համալրելու խնդիրը։ Սակայն պիտի նշեմ, որ միայն զինկոմիսարիատներից չէ, որ կախված է ապագա զինվորի դաստիարակությունը, այն պարզ պատճառով, որ այդ գործընթացին մասնակցում են բազմաթիվ օղակներ ու գործոններ՝ ընտանիքը, դպրոցը, միջավայրը, կրթադաստիարակչական ու արժեքային գերիշխող գաղափարները, եւ վերջնական արդյունքը նշված օղակների գործունեության արգասիքն է։
-Որի մեջ ձեր բաժին արդյունքը դժվար է տարանջատել եւ գնահատել, ինչպես նաեւ տեսնել ձեր վրիպումներն ու թերությունները։
-Միանշանակ է, որ առկա ներուժով մենք կարող ենք ավելին անել, ինչն էլ փորձում ենք այսօր՝ սերտացնելով համագործակցությունը դպրոցների հետ, ավելի լուրջ հսկողություն սահմանելով նախնական զինպատրաստություն առարկայի դասավանդման վրա, բարձրացնելով դասավանդման որակը, ավելի հաճախակի դարձնելով զինկոմիսարիատների աշխատակիցների շփումը զինակոչիկների հետ, զարկ տալով ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներին, սերտացնելով զինկոմիսարիատ-զորամաս կապը։
-Երբ Ձեր զորակոչած զինվորը բարձր արդյունքներ է ցուցաբերում ծառայության ընթացքում, Դուք՝ որպես նախազորակոչային պատրաստություն իրականացնող մարմին, որեւէ խրախուսանք (թեկուզ շնորհակալական նամակ) ստանո՞ւմ եք, այսինքն՝ գիտակցվո՞ւմ է ձեր լուման ապագա զինվորի դաստիարակության գործում, կամ հակառակը՝ եթե զինվորն իրեն վատ է դրսեւորում զորամասում, հանցանք է կատարում, Դուք ինչ-որ կերպ (թեկուզ բարոյապես) կիսո՞ւմ եք պատասխանատվությունը։
-Շատ ճիշտ կլիներ, որ ե՛ւ շնորհակալական, ե՛ւ պարսավանքի նամակները զինվորի ընտանիք, դպրոց, համայնք ուղարկվեին զինկոմիսարիատի միջոցով։ Դա կդիտվեր որպես պատասխանատվությունը կիսելու մղում։ Ամեն դեպքում, պարտավորությունը ենթադրում է նաեւ գործելու համապատասխան լծակներ։ Եթե նախկինում զինղեկների նշանակմանը մասնակցում էին նաեւ զինկոմիսարները, ապա այսօր նրանց համաձայնությունը ոչ ոք չի հարցնում։ Կրթադաստիարակչական ծրագրերի եւ կրթության բովանդակության հիմքում պիտի լինի ապագա քաղաքացու բարոյահոգեբանական դաստիարակությունը, որի գլխավոր բաղադրիչը ռազմահայրենասիրությունն է։ Նախնական զինպատրաստություն առարկայի դասավանդումը ընդհանուր աշխատանքի մեկ օղակն է միայն, իսկ շղթան, որը պիտի երաշխավորեր նպատակային, ծրագրավորված, շարունակական դաստիարակություն, թույլ է այսօր, մասնատված ու անարդյունավետ։
Ինչ վերաբերում է զինկոմիսարիատներին, ապա նրանք պետականորեն հաստատված ծրագրերը կատարելուց բացի, հանդես են գալիս նաեւ սեփական նախաձեռնություններով։ Օրինակ, Շահումյանի զինկոմիսարիատը (կոմիսար՝ Ռոմիկ Մարգարյան) կազմակերպեց ռազմահայրենասիրական թեմայով լավագույն երգի եւ նկարի մրցույթ, որին մասնակցեցին տարածքի բոլոր դպրոցների աշակերտները։ Լավագույնները ստացան մրցանակներ։ Սակայն, անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ մենք կունենանք շրջադարձային բարեփոխում եւ էական արդյունք միայն այն ժամանակ, երբ հասարակության մեջ արմատավորվի հայրենասիրության բարձր պահանջարկ, եւ հայրենիքի պաշտպանի կերպարով չափանշվի հասարակության եւ անհատի բարոյական նկարագիրը։
-Դուք, փաստորեն այն կարծիքի կողմնակիցն եք, որ բանակը հասարակության հայելին է եւ չի կարող ձերբազատվել հասարակության արատներից։
-Ո՛չ։ Բանակը ուրույն համակարգ է եւ ունի մի շարք նախադրյալներ՝ հաստատելու իր բարոյական չափանիշները, գաղափարախոսությունը եւ վարքի նորմերը։ Լինելով փակ եւ խիստ ենթակայությամբ գործող համակարգ՝ բանակը կարող է սպայակազմի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու շնորհիվ միջանձնային հարաբերությունները կառուցել օրենքի եւ բարոյական դրույթների սահմաններում։
-Պարոն Չալյան, ես չեմ ուզում հերթապահ հարց տալ զորակոչիկների ֆիզիկական դաստիարակության մասին, որովհետեւ տարին մեկ կազմակերպվող ռազմահայրենասիրական խաղերը չեն կարող ֆիզիկական դաստիարակության երաշխիք լինել, իսկ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դրվածքը չի փոխվում։ Եթե չեմ սխալվում, օրենսդրական փոփոխություն կա` կապված զինակոչիկների առողջապահության ապահովման հետ։ Եկեք խոսենք այդ մասին։
-Զինակոչիկի ֆիզիկական պատրաստությունը եւ առողջական վիճակը հետագայում նրա արդյունավետ ծառայության կարեւոր նախադրյալներն են։ Կառավարության որոշմամբ՝ երկու տարով իջեցվել է պետության կողմից երաշխավորվող բժշկական սպասարկում ստանալու՝ զինակոչիկների տարիքային շեմը։ Այսօր մեր զինակոչիկները պետք է պարտադիր բուժզննում անցնեն 14 տարեկանում, ինչը հնարավորություն կտա զորակոչվելուց 4-6 տարի առաջ հայտնաբերել հիվանդությունները եւ ցուցաբերել համապատասխան բուժօգնություն` պետական ֆինանսավորմամբ։
-Դա կօգնի զորամաս հասնող հիվանդ զինակոչիկների քանակը հասցնել նվազագույնի կամ ընդհանրապես վերացնել։ Ի դեպ` ինչպե՞ս է պատահում, որ ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկը հասնում է զորահավաքակայան։ Հենց վերջին զորակոչի ժամանակ ողնաշարի ակնառու ծռությամբ զինակոչիկը զորահավաքակայանից ուղարկվեց լրացուցիչ բուժզննման։
-Ես ցանկանում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ զինկոմիսարիատը բուժհիմնարկ չէ։ Մենք չենք հրաժարվում մեր բաժին պատասխանատվությունից, բայց չենք էլ պատրաստվում պատասխան տալ ուրիշների մեղքերի համար։ Պաշտպանության նախարարի հրամանով կազմվել է հանձնաժողով, որին հանձնարարված է ստուգել հավաքակայանից վերադարձված զինակոչիկների առողջական վիճակը եւ իրարամերժ տվյալներ պարունակող բժշկական ակտերի օրինականությունը։ Հանձնաժողովը դեռեւս աշխատում է։ Ավարտելուց հետո արդյունքների մասին կիրազեկենք նաեւ «Հայ զինվորի» ընթերցողներին։
-Պարոն Չալյան, ոչ ոք չի կարող ուրանալ, որ հատկապես պատերազմի ժամանակ եւ բանակաշինության սկզբնական փուլում զինկոմիսարիատները անձնուրաց աշխատանք են կատարել բանակը համալրելու համար եւ մեծ ավանդ ունեն բանակաշինության գործում, բայց չենք կարող նաեւ չնկատել այն անօրինականությունները, որոնք, ցավոք, սասանեցին զինկոմիսարիատների հեղինակությունը եւ ստվերեցին զինկոմիսարի կերպարը հասարակության մեջ։ Երբ Դուք ստանձնում էիք հանրապետության զինկոմիսարի պաշտոնը, մտահոգվա՞ծ էիք Ձեր ղեկավարած կառույցի «իմիջով», նրա վարկանիշը բարձրացնելու խնդիրը հրատա՞պ էր Ձեզ համար։
-Ցավոք, պիտի չառարկեմ Ձեզ։ Զինվորական կոմիսար նշանակվելուց հետո իմ ամենամեծ պայքարը եղել է զինկոմիսարիատների աշխատանքն առավել օրինական դարձնելու եւ զինկոմիսարների հեղինակությունը բարձրացնելու համար։ Մենք օգտագործել ենք հնարավոր մեթոդները՝ պատժի, խրախուսման, բոլոր իրավական լծակները եւ հոգեբանական խթանները։ Վերջին 2 տարվա ընթացքում զինկոմիսարիատների 12 աշխատակիցների ենք ազատել աշխատանքից, որոնցից 6-ը՝ զինկոմ։ Երկուսը տեղափոխվել են այլ աշխատանքի՝ պաշտոնի իջեցմամբ։ 33-ը ենթարկվել են կարգապահական տույժերի։ Եվ վստահ եմ, որ այսօր ունենք էականորեն ավելի օրինավոր համակարգ, ավելի կարգապահ կառույց: Եվ շարունակում ենք աշխատել կառույցը կատարելագործելու ուղղությամբ։
-Պարոն Չալյան, մենք այսօր չենք կարող արծարծել զինկոմիսարիատների գործունեության հետ կապված բոլոր հիմնահարցերը, քանի որ այս զրույցը համընկել է Ձեր ծննդյան տարեդարձին ու պիտի խոսենք նաև Ձեր կենսագրությունից, անցած ճանապարհից…
-Կարծում եմ՝ մենք անդրադարձանք զինկոմիսարիատների բոլոր հիմնախնդիրներին, ինչը չի խանգարում, որ անդրադառնանք նաեւ իմ կենսագրությանը։ Զինվորական հորս կորցրի, երբ 9 տարեկան էի։ Մեծացել եմ իմ հարազատ Շահումյանում։ Մայրս միայնակ պահել-խնամել է իր հինգ երեխաներին։ Ես նրան երբեք քնած չեմ տեսել։ Եղել եմ աշխույժ, կռվարար ու համարձակ տղա, միշտ՝ «էպիկենտրոնում», ե՛ւ չարություն անելիս, ե՛ւ սովորելիս։ Ես մասնակցում էի մաթեմատիկայի օլիմպիադաների եւ ճանաչվում էի լավագույնը Ադրբեջանում։ Զբաղվում էի սպորտով, ամառներն աշխատում էի սովխոզում եւ ամենաշատ փողը ես էի վաստակում՝ օրական 132 դույլ խաղող էի քաղում։ Ինքս էի վաստակում դպրոցական շորերիս գումարը։
Մանկուց երազել եմ զինվորական դառնալ, շարունակել հորս գործը։ Ընդունվեցի Տաշքենդի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան։ Անհամեստ չհնչի՝ ուսումնարանում էլ էի առաջինը, թեեւ միակ հայն էի։ Ուսումնարանն ավարտելուց հետո ծառայության անցա Գերմանիայում տեղակայված խորհրդային բանակի հետախուզական ստորաբաժանումներից մեկում։ 1990-ին, իմ զեկուցագրի համաձայն, տեղափոխվեցի Հայաստան եւ նշանակվեցի Գավառի զինկոմի տեղակալ։
-Հետո գնացիք Արցախ ու… չվերադարձաք զինկոմիսարիատ, ինչի համար խորհրդային բանակի զինդատախազությունը Ձեր նկատմամբ հետախուզում հայտարարեց։
-Միայն Հայաստանի իշխանությունների միջնորդությամբ քրեական գործը կարճեցին։
-Ձեր ավանդը Արցախյան պատերազմում մեկ անգամ եւս հաստատվել է Հայաստանի եւ Արցախի «Մարտական խաչ» շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայության համար» մեդալով եւ բազմաթիվ այլ մեդալներով։ Բավական է նշել, որ շուրջ մեկ տարի Դուք Ձեր ջոկատով եղել եք շրջափակման մեջ եւ ծավալել հետախուզական-քայքայիչ գործունեություն։ Պարոն Չալյան, ո՞րն էր Արցախյան պատերազմի ամենամեծ դասը մեր ժողովրդի համար։
-Մեզ միշտ ծնկի են բերել երկպառակությունն ու խժդժությունը։ Եթե մենք պարտվել ենք, ապա միայն այն պատճառով, որ ֆիզիկական պարտությունից առաջ հոգով ենք պարտվել։ Պարտվել ենք, որովհետեւ չենք հավատացել իրար։ Որովհետեւ չի եղել մեկը, որը ստանձնի առջեւից գնալու խիզախությունը։ Իմ կարծիքով, պատմությունն անհատներն են կերտում, առաջնորդները, որոնք կարողանում են ի մի բերել ժողովրդին, նրանց հաղթանակի մղել։ Արցախյան պատերազմում անհատները ժողովրդի կողքին էին, ստիպեցին ժողովրդին հավատալ ինքն իրեն, միավորվել ազատության գաղափարի շուրջ։
-Դուք պատերազմի ժամանա՞կ եք ամուսնացել։
-Չէ, պարզապես կնոջս հանդիպել եմ այն օրերին, երբ վերջին անգամ վիրավորվելուց հետո հոսպիտալ էի ընկել։ Ընկերս բերեց իր քենու պատրաստած տորթը, որն ինձ շատ դուր եկավ։ Հետո տեսա տորթը պատրաստողին։
-Իսկ ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս։
-Գեղեցիկ, զարգացած, համեստ… Որ քիչ խոսի, ավելորդ հարցեր չտա, չասի՝ ո՞ւր էիր։ Լինի ամուսնու համախոհը։
-Դուք հինգ տարի ղեկավարել եք «Եղնիկներ» կոչվող զորամասը։ Այն Ձեր ժամանա՞կ էլ էր խնդրահարույց։
-Ձեւակերպումը ճիշտ չէ։ «Եղնիկները» հիմա էլ «խնդրահարույց» զորամաս չէ։ Պարզապես վերջին շրջանում այդ զորամասի անունը հաճախ հոլովվեց՝ կապված հայտնի դեպքերի հետ։ Իմ օրոք «Եղնիկները» լավագույն զորամասերից մեկն էր։ Երբ ես բարձրանում էի դիրքեր, զինվորները հավաքվում էին գլխիս, մինչեւ լուսաբաց զրուցում էինք։ Զորամասի հաջողության հենքը զինվորն է ու հրամանատարի սերը զինվորի հանդեպ։ Ես ձեռք բարձրացրած չկամ իմ զինվորի վրա։
Զինվորը հրամանատարի տղան է, անկեղծ եմ ասում։ Զինվորին պիտի սիրես, ու այդ սերը հոգուցդ պիտի գա։ Ես ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիան ավարտելուց հետո նշանակվեցի կազմզորահավաքային վարչության պետ, սակայն զորքերում ծառայած տարիները կյանքիս լավագույն շրջանն եմ համարում։
-Ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը։
-Շատ եմ սիրում իմ ծննդավայրի մարդկանց։ Նրանց ամենամեծ արժանիքն այն է, որ նվիրված են միմյանց, համահավաք են, չեն ցրվում, միշտ ձգում են իրար։ Կուզենայի, որ ամբողջ հայ ժողովուրդն այդպես հավաք ու միասնական լինի։
Երեխաներս հակված են դեպի արվեստը, ինձ չեն քաշել։ Աղջիկս երգեր է գրում, տղաս նկարում է։ Ցանկանում եմ, որ հայրենիքին նվիրված, ազնիվ ու պարկեշտ մարդիկ մեծանան։
-Պարոն Չալյան, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում, որ իրականանան Ձեր բոլոր երազանքները։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում