ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԼԵՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍՈՎԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում՝ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել նրան հայրենանվեր աշխատանքի ու պատվաբեր ծառայության համար և մաղթել քաջառողջություն:
Լեոնիդ Մարտիրոսովը 1988-1992 թթ. եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա, 1992-1993 թթ.՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թթ.՝ վարչության պետ, 1991-2000 թթ.՝ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000-2014 թթ.՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին: Նա մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության և ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում: