Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԹԻԿՈՒՆՔԴ ՏԱՔ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՍԻՐՈՒՑ…



ԵՐԲ ԹԻԿՈՒՆՔԴ ՏԱՔ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՍԻՐՈՒՑ…Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Վարդան Գրիգորյանին պետք է հանդիպեինք դիրքերում, սակայն մեր այցելությունը զորամաս համընկավ հերթափոխի օրվան, ու  լավագույն սպաների ցուցակը գլխավորող զինվորականի հետ զրուցեցինք մարտական հերթապահությունն ավարտելուց ժամեր անց:

 

Պատերազմը

 

Ես պատերազմի սերունդ եմ: Մի օր արթնացա եւ հորս անկողինը գտա դատարկ: Իսկ երեկոյան տագնապով նկատեցի, որ մայրս փակում է դռները՝ առանց սպասելու հորս վերադարձին: Դա իմ առաջին հանդիպումն էր պատերազմի հետ:

Մանկության բոլոր պատկերներն ու տպավորությունները մշուշի մեջ են: Բացի մեկից: Ես 7 տարեկան էի այդ ժամանակ,  մեքենան ճռինչով արգելակեց մեր բակում, հետո  դուռը բացվեց, ու իրար հետեւից զինվորական համազգեստով, խռիվ մազերով ու թավ մորուքով հսկա տղամարդիկ դուրս եկան մեքենայից: Հորեղբորս տղան գոռաց հորս անունը, վազեց առաջ ու գրկեց տղամարդկանցից մեկին: Ես նույնպես վազեցի: Բայց չգտա հորս:  Չճանաչեցի: Երբ անծանոթ տղամարդը գրկեց ինձ, անբացատրելի ապրումներ ունեցա: Ես կծկվել էի հարազատ ու օտար տղամարդու գրկում՝ ուրախության ու տագնապի, ապահովության ու կասկածի խառը զգացումներով: Սա իմ երկրորդ հանդիպումն էր պատերազմի հետ: Մտածում եմ, որ հենց այդ օրը հոգուս մի անկյունում, իմ ենթագիտակցության ծալքերից մեկում ծնվեց զինվորական դառնալու որոշումը՝  իմ  կռիվը պատերազմի դեմ:

 

Հայրս

 

Ես չեմ հիշում, թե ինչպիսին էր զինվորական հայրս պատերազմից առաջ: Բայց պատերազմից հետո, նույնիսկ երբ  կտրեց մազերը, հանեց դաշտային համազգեստն ու սովորական շորեր հագավ, միեւնույն է, արտասովոր ու անըմբռնելի բան կար, որը թույլ չէր տալիս շատ մոտենալ նրան: Հայրս խիստ էր, սակավախոս, պահանջկոտ ու անզիջում: Նա սիրում էր, որ ամեն ինչ լինի կարգուկանոնով, ժամանակին, անթերի: Հայրս ինձ համար անվերապահ հեղինակություն էր: Երբ նա զինվորական համազգեստը հագած դուրս էր գալիս փողոց, բոլորի դեմքին ակնածանքի ու հիացմունքի խառը արտահայտություն էր ծնվում: Ու ես մտածում էի, որ մի օր ես էլ կհագնեմ նույն համազգեստը, կլինեմ հորս պես օրինավոր ու անթերի:

…Երբ  ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ու առաջին անգամ կուրսանտի շորեր հագած տուն եկա, հայրս նկատելի փափկեց:  Իսկ երբ ինձ տեսավ լեյտենանտի ուսադիրներով, մենք սկսեցինք ընկերություն անել:

 

Սահմանին

 

Ռազմական համալսարանն ավարտելուց հետո որպես դասակի հրամանատար իմ առաջին մկրտությունն ստացա մի պոստում, որը ծովի մակարդակից բարձր է 3724 մետր, որտեղ տարին 10 ամիս ձմեռ է, ձյան հաստությունը հասնում է 15 մետրի: Ու քո կռիվը բնության դեմ ավելի դաժան ու ծանր է, քան թշնամու:

Ես բառացիորեն սահմանին էի՝ սիրո սահմանին, նվիրումի, դրսի սառնամանիքի ու սրտի ջերմության, պատասխանատվության, ինքնազոհության, քաջության, որովհետև  բարձրում ուրիշ չափումներ էին: Վերևում` սահմանի վրա, նշանառության տակ զինվորդ մարտական ընկեր էր, ու նրա  կյանքը թանկ էր քոնից: Միասնությունը  ուժ էր, եղբայրությունը` հաղթելու պայման:

Սահմանին ես շատ փոխվեցի: Ես դարձա ամուր բնավորությամբ ու փխրուն սրտով մարդ: Իմ գումարտակի հրամանատարը՝ լուսահոգի Իգիթ Ներսիսյանը, ասում էր՝ սովորիր չէ ասել: Ես  գիտեի, որ  սահմանից բերված հա-ն կյանքում  խանգարելու է ինձ: Բայց հենց  սահմանի «օրենքներն» են, որ  իջնում  են երկիր, մաքրում  են տիղմը, մարդկանց մղում  են սխրանքի:

 

Հայրենիքն ու ընտանիքը

 

Ես վերջերս եմ վերադարձել արտասահմանից: Գումարտակի հրամանատարի դասընթացների էի մասնակցում աշխարհի 160 երկրների ներկայացուցիչների հետ: Օտարության մեջ, հայրենիքից հեռու ես  հասկացա, որ Հայաստանը սրտիս մեջ է՝ իմ բովանդակ երկիրը՝ իր պատմությամբ ու ներկայով,  իր ամեն պահի հսկվող սահմաններով, իր դժվար խաղաղությամբ ու երազանքներով:

Հետո իմացա,  որ միայն մեր պետությունն էր վճարում իր զինվորականների՝ արձակուրդի օրերին հայրենիք վերադառնալու եւ յուրայիններին տեսնելու ծախսերը: Արտերկրի զինվորականները զարմանում էին՝ «Մի՞թե այդքան հարուստ երկիր ունեք»: «Չէ՛,- ասում էի,- մեր երկիրը հարուստ չէ, ուղղակի մեր երկրում գիտեն, թե ինչ է հայ մարդու համար հայրենիքն ու ընտանիքը»: Հետո իմացա, որ մեզնից շատ ավելի հարուստ երկրները  չեն վճարում արտերկրում սովորող իրենց զինվորականների  ծախսերը՝ տան վարձը, կոմունալ վճարները, իսկ փոքրիկ ու ոչ հարուստ Հայաստանը վճարում է: Ես մտածեցի, մտածեցի ու հասկացա, որ դա մեր ազգային բնավորությունն է՝ տանը զավակդ կարող է զուսպ ու չափավոր ապրել, բայց դրսում պիտի արժանապատիվ ներկայանա, պիտի հետ չմնա մյուսներից:  Երբ  դրսում ես, ու երկիրդ տիրություն է անում քեզ, նրա տվածը բազմապատիկ փոխհատուցելու ցանկություն է ծնվում հոգուդ մեջ:

 

Գլուխս բարձր ու խաղաղ սրտով

 

Ես էլի սահմանին եմ: Հիմա պայմանագրայինների հրամանատարն եմ, տարբերություն չկա՝ սահմանին բոլորս նույնն ենք, զինվոր ենք:

Դիրքապահը երբեք  մենակ չի  բարձրանում սահման:  Նա իր հետ սահման է  տանում ամենաթանկը: Ամենաթանկը կորցնելու վախից նա  այդ ամենը տեղավորում է սրտի մեջ: Շատ բանաստեղծական հնչեց, բայց պատմելու ավելի պրոզայիկ ձեւ չգտա: Ինձ հետ իմ գյուղն է սահմանին՝ Կաթնաղբյուրը՝ իր խիտ անտառներով, ջրամբարներով, արգելագոտիներով՝ իմ մանկության ոտնահետքերը վրան: Իմ տունը, որտեղ ապրում են ծնողներս, եղբայրս, կինս, չորս տարեկան տղաս: Նրանք չեն թողնում, որ  թուլանամ:

Ես մեծ հպարտությամբ եմ կրում զինվորական համազգեստս: Ես ծառայությանը տալիս եմ ամեն ինչ, անխնա, փոխարենը քայլում եմ գլուխս բարձր ու խաղաղ սրտով: Ապրիլյան պատերազմից հետո ժողովրդի սերը իր զինվորականի հանդեպ բազմապատկվեց: Իսկ դու ավելի ուժեղ ես ու անձնվեր, երբ  թիկունքդ տաք է ժողովրդի սիրուց:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (1311) 16.10.2019 - 22.10.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/10/2019