Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ



ԽՌՈՎԿԱՆԻ  ՁՈՐ

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի մոտ:

Ասում են, թե մի մարդ մի աղջիկ է ունենում: Որ փեսացուն ուզում է կնության առնել, չի տալիս:

– Ի՞նչ ունի, որ տամ,- ասում է ու հաշվում ունեցվածքը:

Մի անգամ ուրիշ մի գյուղից մի տղա է գալիս խնամախոսության: Նստում են, զրուցում: Աղջկա հայրն ուզում է իմանալ, թե ինչ ունի, ինչ չունի փեսացուն: Սա էլ թե.

-Որ մի հարյուր կով լինի, լա՞վ է:

-Լա՛վ է,- ասում է աղջկա հայրը:

-Որ մի էդքան էլ ձի լինի, լա՞վ է:

-Լա՛վ է,- ասում է աղջկա հայրը:

-Որ մի չորս-հինգ էդքան էլ ոչխար լինի, լա՞վ է:

-Լափ լավ է,- ասում է աղջկա հայրը: Համաձայնվում է: Հարսանիք են անում: Գնում է տղայի տուն: Պարզվում է ճշմարտությունը: Աները փեսայից է նեղանում, թե նա խաբել է իրեն, փեսան՝ աներոջից: «Խոսքը խոսք է բերել,- ասում է,- խոսքի օրինակ է ասել»: Աղջկա հայրը ամոթից էլ գյուղ չի վերադառնում: Գնում է մի ձորում տուն-տեղ շինում, ապրում փեսայից խռոված: Դրա համար էլ ձորի անունը մնում Խռովկանի ձոր կամ Խռովկան:

 

ԱՆԻԾԱԾ ՔԱՐԸ

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Որոտանի ձորահովիտներից մեկում, ճամփեզրի մոտ, կան ցցված ու թեքված վիթխարի ժայռեր, որոնցից մեկը հիշեցնում է արձանացած մի մարդու, մյուսը՝ կալ անելիս քարացած եզների, իսկ կենտրոնի ավազահատիկ բարձրությունը՝ կալսած հացահատիկի մի կույտ:

Ժողովուրդը «Անիծած քար» է կոչում ձորահովտի այս կանաչազուրկ, գորշ մասը: Մարդիկ այստեղով անցնելիս, հնավանդ սովորության համաձայն, մի պահ կանգ են առնում, ատելությամբ նայում ժայռերին և անեծքի խոսքեր ասելով քարացած մարդուն՝ շարունակում են ճանապարհը:

Ասում են, թե քարացած այս մարդը մի ագահ հարուստ իշխան է եղել, որն իմանալով, որ իր կալվոր ծառան մի բուռ ցորեն  է տվել կալատեղով անցնող աղքատ ու քաղցած մի մարդու, վռնդել է նրան աշխատանքից: Յոթ երեխաների հայր այս կալվորի պառավ մայրն անիծել է ագահ հարուստ իշխանին, և նրա անեծքով քար են դարձել թե՛ ագահ իշխանը, թե՛ եզները և թե՛ հացահատիկը:

 

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՏԱՆՁԵՆԻՆ

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Գտնվում է Եղեգնաձորի Ազատեկ գյուղից հյուսիս-արևելք:

Երբ Ազատեկի ժողովուրդն իմանում է, որ Զորավար Անդրանիկն իր քաջերով գալու է իրենց գյուղը, մեծ խմբով գնում են նրան դիմավորելու: Գյուղից դուրս, տանձենու տակ նրանք ճոխ խնջույք են կազմակերպում իրենց սիրելի զորավարի պատվին: Խնջույքի վերջում հիշատակի համար Անդրանիկը սրով հարվածում է տանձենու բնին: Հարվածի հետքը մինչև հիմա էլ կա տանձենու վրա: Տեղացիք այդ ծառին Անդրանիկի քռոսիկ են ասում, որ տեղական բարբառով տանձենի է նշանակում:

 

ՎԱՐԴԱՆ ԶՈՐԱՎԱՐԻ ԿԱՂՆԻՆ

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Գտնվում է Իջևանի Ներքին Աղդան գյուղում:

Սա մի վիթխարի հսկա կաղնի է, ամեն մի ճյուղը մի մեծ ծառի չափ: Բնի տակ ունի մի ահագին բացվածք, ուր կարող է մի քանի մարդ տեղավորվել: Ասում են, թե այս կաղնին տնկել է Վարդան զորավարը: Կաղնու տակից հոսում է առատաջուր ու զուլալ մի աղբյուր, որին տեղացիները «Զորավարի աղբյուր» են ասում:

Երբ գյուղի ջահելները պատերազմ են գնացել, ծերերը նրանց ասել են. «Զորավոր աղբյուրից ջուր խմեք, ձեռքներդ քսեք քաջ Վարդանի տնկած կաղնուն՝ ձեզ մահ ու մեռ չկա…»: Եվ այդպես էլ արել են:

 

ԹՆԴՈՑ

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Գտնվում է Օձուն գյուղի մոտ:

Հունաց Վասիլ զորավարը մեծ զորքով գալիս է Հայաստան: Հովնան Օձնեցին մի սաստիկ ցավ է գցում նրա մարմնի մեջ: Երկար տառապելուց հետո Վասիլն իմանում է, որ իրեն կարող է բուժել միայն Օձնեցին: Մարդ է ուղարկում և կանչում նրան: Օձնեցին գալիս է Վասիլի մոտ, մի գիր  է տալիս, որ ջրով կուլ տա: Վասիլը  կատարում է Օձնեցու պատվերը և անմիջապես  ազատվում է ցավից: Վասիլը զորքին կարգադրում է հեռանալ Հայաստանից, իսկ ինքն էլ առանձնանալով Սուրբ Նշան վանքում, սկսում է ճգնել:

Մի օր Օձնեցին այցելության է գալիս Վասիլին և տեսնելով, որ նա ջրի նեղություն է կրում, խաչակնքում է և այրի մեջ իսկույն ջուր է բխում, որը հետագայում կոչվում է Թնդոց:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #41 (1312) 23.10.2019 - 29.10.2019, Հոգևոր-մշակութային


24/10/2019