ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ԵՎ ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի զարգացման պատմությունն սկսվում է 19-րդ դարի վերջերից, երբ ստեղծվեցին առաջին մարմնամարզական ակումբներն ու խմբակները:
Հայերի սպորտային շարժումն ընդգրկել էր ամբողջ կայսրությունը, սպորտային կյանքն ընթանում էր գրեթե ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում:
♦ 1853թ. Կոստանդնուպոլսի ուսումնական խորհրդի նիստերից մեկում այն ժամանակների համար արտառոց ու համարձակ որոշում է կայացվում` հայկական ուսումնական հաստատություններում զբաղվել սպորտով:
Արյունարբու Սուլթան Աբդուլ Համիդի իշխանության օրոք ընդհանրապես սպորտով և մասնավորապես ֆուտբոլով զբաղվելը խստիվ արգելված էր, իսկ արգելքը անտեսողներն ու խախտողները պատժվում էին դաժանաբար:
♦ Օսմանյան կայսրությունում պրոֆեսիոնալ մարզական կրթություն ստացած մարզիկներն էին Շավարշ Քրիսյանը, Մկրտիչ Մկրյանը, Վահրամ Փափազյանը, Վաղարշակ Վարժապետյանը, Աշոտ Փափազյանը, Մարտիրոս Գույումճյանը, Վահրամ Շիրինյանը, Առաքել Համբարձումյանը, Գրիգոր Հակոբյանը, Վահան Չերազը, որոնք նշանակալից դերակատարություն ունեցան օսմանահպատակ հայերի շրջանում սպորտի մասսայականացման գործում:
♦ 1911-1914թթ. Շավարշ Քրիսյանի նախաձեռնությամբ լույս տեսավ Օսմանյան կայսրությունում առաջին մարզական թերթը` «Մարմնամարզը»` յուրահատուկ խթան դառնալով կայսրության հայ բնակչության (և ոչ միայն) շրջանում սպորտի հանդեպ աննախադեպ հետաքրքրության ձևավորման ու մեծացման համար:
♦ Կայսրության մարզական տարեգրության մեջ յուրահատուկ դրվագ էր Ստոկհոլմի հինգերորդ օլիմպիական խաղերին երկու հայ մարզիկների՝ աթլետ Վահրամ Փափազյանի և սկավառականետորդ Մկրտիչ Մկրյանի մասնակցությունը, որոնք դարձան կայսրությունը ներկայացնող առաջին օլիմպիականները:
♦ 20-րդ դարի սկզբներին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում և Զմյուռնիայում ձևավորվեցին առաջին հայկական ֆուտբոլային թիմերը:
♦ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին միայն Կոստանդնուպոլսում գործում էին 40-ից ավելի ֆուտբոլային ակումբներ:
♦ 1900թ. Զմյուռնիայում ստեղծվեց առաջին հայկական ֆուտբոլային ակումբը, որից հետո ֆուտբոլային տենդը տարածվեց ամբողջ կայսրությունում:
♦ Դարասկզբին արդեն հայկական ֆուտբոլային թիմերը մասնակցում էին կայսրության մայրաքաղաքում գործող մի քանի լիգաների առաջնություններին, միջազգային մրցաշարերին: Առավել հայտնի ֆուտբոլային թիմերն էին «Բալթա Լիման», «Տորքն» ու «Արաքսը», որն իր մարզումներն անցկացնում էր Կ. Պոլսի Շիշլի թաղամասի Ազատության բլուրում: 1911թ. «Արաքսը» դարձավ «Ռումելի» միջազգային լիգայի հաղթող:
♦ Հայկական ֆուտբոլային ակումբները շատ կազմակերպված էին, գործում էին ֆուտբոլային հստակ կանոնակարգով, և գրեթե բոլոր թիմերը ակումբների տարբերանշանով մարզահագուստ ունեին:
♦ 1900-ականների սկզբներին հայկական մարզական ակումբներ ու խմբակներ ստեղծվեցին Զմյուռնիայում, Նիկոմեդիայում, Կարինում, Ադանայում, Վանում, Հաճնում, Զեյթունում, Սեբաստիայում, Ուրֆայում, Դորտյոլում, Տրապիզոնում և այլուր: Հընթացս ավելացավ նաեւ հայերի շրջանում հետաքրքրություն առաջացնող մարզաձեւերի թիվը՝ բասկետբոլ, աթլետիկա, հեծանվասպորտ:
♦ Զմյուռնիայում հայերը սպորտով զբաղվում էին դեռևս համիդյան շրջանից: 1912թ. հիմնադրված «Հայ որսորդաց ակումբը» մոտ 1000 անդամ ուներ եւ կարողացավ հունական ու անգլիական թիմերի հետ պայքարում նվաճել Զմյուռնիայի արծաթե գավաթը:
♦ 1911թ. «Գալաթասարայ» ակումբի հունգարական մարմնամարզական խմբի՝ Կ. Պոլիս այցելելու առթիվ կազմակերպված միջազգային մրցաշարի ժամանակ մեկ մղոն վազքում աչքի է ընկնում Վահրամ Փափազյանը, իսկ սկավառակի նետում մարզաձեւում՝ Մկրտիչ Մկրյանը: Արգելավազքում ու ձողացատկում առաջինը Մարտիրոս Գույումճյանն էր:
♦ 1912թ. «Տորք» ակումբի կազմակերպած մրցումներում հաղթող են ճանաչվում թենիսիստ Վահրամ Շիրինյանը, որը Թուրքիայի բազմակի չեմպիոն էր, հեծանվասպորտում` Վաղարշակ Վարժապետյանն ու Աշոտ Փափազյանը:
♦ 1911թ. առաջին անգամ տասնյակ հայկական մարմնամարզական ակումբների ու խմբակների մասնակցությամբ կազմակերպվեցին Հայկական առաջին օլիմպիական խաղերը, սահմանվեցին ռեկորդներ, իսկ հաղթողները պարգևատրվեցին մեդալներով:
♦ 1913թ. Ադանայում անցկացվեցին առաջին «Կիլիկյան օլիմպիական խաղերը»: Համիդյան կայսրության և երիտթուրքերի իշխանության տարիներին` 1895-1920թթ. ցեղասպանության զոհ դարձան հազարավոր հայ մարզիկներ, որոնց թվում նաև առաջին հայկական մարզական «Մարմնամարզ» պարբերականի հիմնադիր-խմբագիր, Ստոկհոլմի Օլիմպիական խաղերի մասնակից Շավարշ Քրիսյանն ու սկավառականետորդ Մկրտիչ Մկրյանը, ձողացատկորդ Մարտիրոս Գույումճյանն ու կայսրության բազմակի չեմպիոն, թենիսիստ Վահան Շիրինյանը, հեծանվորդներ Վաղարշակ Վարժապետյանն ու Աշոտ Փափազյանը, Գրիգոր Հակոբյանն ու Ամերիկյան վարժարանի դաշտային մրցումների բազմակի հաղթող Առաքել Համբարձումյանը։
Խորագիր՝ #41 (1312) 23.10.2019 - 29.10.2019, Պատմության էջերից