ՍԻՐԻՐ ՀՈՂԴ, ԿԱՌՈՒՑԻՐ ԵՐԿԻՐԴ, ՊԱՇՏՊԱՆԻՐ ԺՈՂՈՎՐԴԻԴ
Զրույց նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ
-Պարոն Շահումյան, եկեք հասկանանք, թե ի՞նչ արմատից են սնվում Ձեր նկարչության ասելիքն ու գույները, հետո, որպես հին երեւանցի, կպատմեք Ձեր մանկության ու պատանեկության քաղաքի մասին:
-Մայրս Բայազետից էր, հայտնի քարտաշների գերդաստանից, ու զորամանալի կլիներ, որ ինձ չներշնչեր քար ու փայտ տաշելու հաճույքը ու չուղարկեր քանդակի՝ կատարելագործելու քարտաշ պապերի արհեստ-արվեստը: Հայրս Ալաշկերտի իշխանական տոհմից էր: Պապս՝ քահանա Գրիգոր Տեր-Շահումյանը, ձերբակալվեց 37-ին, ու նրա մասին այլեւս ոչինչ չիմացանք: Հետո մեր մեծ տունը Ֆիրդուսի փողոցում մաս-մաս արեցին ու տվեցին ուրիշներին՝ մեզ թողնելով մի փոքրիկ սենյակ: Հայրս հրաշքով փրկվեց ռեպրեսիայից:
Ֆիրդուսի փողոցը Երեւանի ամենահին թաղերից էր: Մեծ բաղեր ուներ, սիրուն տներ, զարմանալի գունեղ ու հրաշալի մարդիկ: Անդրանիկը արտերկիր գնալուց առաջ մի քանի օր ապրել է մեր փողոցում, Քյուլբասարե անունով մի կնոջ տանը: Քյուլբասարեն պարսկուհի էր: Գեղեցիկ կին էր, միշտ գլխաշոր էր կապում ու թեւերը կրծքին խաչած՝ ժամերով նստում էր պատուհանի մոտ: Քյուլբասարեի այգին ամբողջովին ողողված էր գույնզգույն վարդերով, ու մայիսին վարդերի բուրմունքը տարածվում էր թաղով մեկ: Երեւանը այն ժամանակ ճարտարապետական միջավայր ուներ, մարդկային կոլորիտ, բնավորություն: Ու էդ բնավորության ամենավառ գիծը արժանապատվությունն էր: Կպատկերացնե՞ք՝ 20-25 տարեկան տղաները թաքցնում էին ծխախոտը, երբ կողքով թեկուզ անծանոթ, բայց տարիքով մարդ էր անցնում: Մեր թաղում ով ասես չէր ապրում՝ գիտնականներ, արհեստավորներ, պաշտոնյաներ, արվեստագետներ՝ բոլորն էլ հին երևանցի՝ ներքին բարձր կուլտուրայով ու բարոյականությամբ: «Ջոջ աղաները» միշտ օգնում էին կարիքավորներին: Ու ջոջ էին ոչ թե հարստության պատճառով, այլ շռայլության ու պատվի: Առհասարակ, հյուրասիրելը մեր թաղի չգրված օրենքներից գերագույնն էր: Իմ մանկության տարիներին դեռ հեքիաթասացներ ու թափառական երաժիշտներ կային: Դալուլեն երգում էր, պարում ու հեքիաթ էր պատմում մեզ համար:
-Մեղք է նրան մուրացկան ասելը: Մարդիկ նրան վարձատրում էին բոլոր պատիվներով: Նույնիսկ գիժ Մարուսը մուրացկան չէր: Նա հագնվում էր 20-ականների կոմերիտուհու նման՝ կոստյում, գլխարկ: Մաքուր, արդուկած ու …հնամաշ: Երբ քաղցում էր, մի պտույտ էր անում մեր թաղով: Ես հաճախ եմ տեսել, թե ինչպես է մայրս տուն կանչում գիժ Մարուսին ու կերակրում: Ու վերջինս ինչպիսի ինքնաբավ արժանապատվությամբ է ընդունում հյուրասիրությունը:
Հիշում եմ գերմանացի գերիներին, որոնք գորշ շինելները հագին՝ անցնում էին մեր թաղով եւ ուտելիք էին մուրում: Մայրս հաց ու շաքար էր տալիս ինձ, որ հասցնեմ գերիներին: Մենք նրանց բաժին էինք հանում մեր ունեցածից, ողորմում էինք՝ «Հիտլեր կապուտ» գոռալով: Նրանք վերցնում էին մեր տվածն ու հայհոյում գերմաներեն: Անիծում պատերազմը, իրենց բախտը:
Հիշում եմ միլիցա Անդրեին, որն անվերապահ հեղինակություն էր թաղում: Իր գործի անմնացորդ նվիրյալը: Հորս ժամացույցը գողացել էին: Այն իր նախնիներից մնացած թանկ ժառանգություն էր… Մի օր միլիցա Անդրեն եկավ՝ ժամացույցը ձեռքին: Ասաց՝ բազարում վաճառում էին, հենց տեսա, ասի՝ սա բոյով Շմավոնի ժամացույցն է:
Հիշում եմ հրաշալի քամանչահար ադրբեջանցի Վիդոկին, որի նվագը սիրտ էր գերում: Նա Հայաստանն իր հայրենիքն էր համարում, սիրում էր իր հայ ընկերներին ու այդպես էլ չհեռացավ Հայաստանից: Վիդոկը վերջերս է մահացել ու թաղված է հայոց հողում:
Հայրենական պատերազմից հետո տուն չկար, որ զոհ կամ վիրավոր չունենար: Պատերազմի ավարտից երկար ժամանակ էր անցել, բայց հայրս միշտ մսի պահածո էր պահում իր անհետ կորած եղբոր համար, որ երբ եղբայրը վերադառնա ճակատից, համեղ ուտելիք ունենա:
Մենք ապրում էինք հեքիաթում՝ երջանիկ ապագայի աներեր հավատով:
-Սպասում եմ, թե ե՞րբ պիտի պատմեք նկարչության մասին:
-Ես միշտ նկարել եմ, բայց իմ պատանեկության տարիներին ամենահեղինակավոր ֆակուլտետը ֆիզմաթն էր, իսկ ես շատ լավ էի ֆիզիկայից ու մաթեմատիկայից: Նույնիսկ համամիութենական օլիմպիադաների էի մասնակցում…
-Իսկ իրավաբանականն ու բժշկականը:
-Ամենահեղինակավորը ֆիզմաթն էր, հետո արվեստի ֆակուլտետը, իսկ բժշկականն ու իրավաբանականը վերջին տեղերում էին:
Հիշում եմ, երբ ընդունելության քննություններն ավարտվել էին, ու թաղի մեծերը մեզ հարցնում էին, թե որտեղ ենք ընդունվել, տղաներից մեկը գլուխը կախ, կիսաձայն ասաց՝ իրավաբանական, հարցնողը թեթեւ հասցրեց վզակոթին, թե՝ մի քանի ամիս սամբո պարապեիր, միլիցա դառնայիր, իրավաբանականը ո՞րս է:
Ֆիզմաթ առարկայից իմ հաջողություններին զուգընթաց՝ քանդակներս նույնպես մրցանակ էին շահում տարբեր մրցույթներում: Երբ իմ գործերից մեկը հասավ Սան Ֆրանցիսկո (Կոնգոյի ազատագրական պայքարի մասին էր), ես ընտրեցի արվեստը ու ընդունվեցի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի ֆակուլտետ: Մենք սովորում էինք ռեժիսորների, նկարիչների, դերասանների հետ, ունկնդրում փառահեղ դասախոսների: Իմ մանկության ու պատանեկության տարիներին մարդիկ մոլեռանդորեն սիրում էին իրենց մասնագիտությունը: Դպրոցում մեր ուսուցիչները մինչեւ երեկո մնում էին դպրոցում, անհատույց, կրկին ու կրկին բացատրում էին մեր չհասկացած դասերը: Ինստիտուտում նույնն էր: Դասերն ավարտելուց հետո ե՛ւ դասախոսները, ե՛ւ ուսանողները տուն չէին գնում, զրուցում էին, քննարկում, բանավիճում… Մենք պաշտում էինք մեր մասնագիտությունը: Մենք հիվանդ էինք արվեստով: Գնում էինք Նկարիչների միության սրճարան, որ հեռվից ականջ դնենք արվեստի մեծերի զրույցին: Մենք արվեստի տաճար էինք մտնում երկյուղածորեն: Ու պատահական չէր, որ հաջողում էինք: Ես ուսանող ժամանակից աշխատել եմ: Կինոպրակատի նկարիչն էի, ձեւավորում էի ֆիլմերի պաստառները: Հայկոոպի գովազդներն էի նկարում:
-Պարոն Շահումյան, մի անգամ նեղ շրջապատում պատմեցիք, որ Դուք դատվածություն ունեք խուլիգանության հոդվածով…
-1965-ից հետո պահանջատիրության ցույցերի ակտիվիստները հայտնվեցին հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Ամեն ինչ կազմակերպված էր: Մեր մարքսիզմի դասախոսը սադրեց: Ես ուղղակի հրեցի նրան, մնացածը հորինեցին: Եթե չլիներ 1965-ի զարթոնքը, չէր ծնվի նաև Արցախյան ազատամարտը: Մեր սերունդը անկախության առաջին սերմնացանն էր:
-Ճի՞շտ է, որ Փարաջանովը մի խումբ արվեստագետների գլխին հավաքած, Ձեզ ազատություն տալու պահանջով միտինգ է արել մեկուսարանի մոտ:
-Ունքը շտկելու տեղ, աչքն էլ հանեց: Քննիչը ինձ աշխարհի հայհոյանքները տվեց, թե՝ հերիք չի՝ խուլիգան ես, մի հատ էլ այլախոհների հետ ես տալիս-առնում:
-Ե՞րբ եղավ Ձեր առաջին ցուցահանդեսը:
-50 տարի առաջ, Նկարիչների միությունում: Այն ժամանակ այսօրվա պես բարձիթողի վիճակ չէր, որ ով որտեղ ուզենա՝ ցուցադրվի: Երկրի ամենահեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրին ընտրում էր ցուցադրվելու արժանի գործերը: Հովհաննես Թումանյանի 100-ամյակի կապակցությամբ իմ կտավը ցուցադրվեց Սարյանի, Քոչարի կողքին: Դա ուժերի գերլարումով աշխատելու ազդակ էր ինձ համար: Հետո իմ նկարները դուրս եկան խորհրդային երկրի տարածքից ու ցուցադրվեցին Հարավսլավիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Իսպանիայում: Ֆրանսիայում: Ես 15-20 ցուցահանդես եմ ունեցել Ֆրանսիայում: Ֆրանսիայում իմ առաջին ցուցահանդեսի ժամանակ նկարներիս մեծ մասը հենց առաջին օրը վաճառվեց: Եթե ես ընդունեի արտերկրում մնալու բազմաթիվ առաջարկները, բնականաբար, ավելի շքեղ կապրեի, Հայաստան կգայի բոլորովին ուրիշ հեղինակությամբ ու կշռով, ինչպես արել են ոմանք: Բայց ես գերադասեցի հայրենիքս ու չեմ զղջում:
-Ուզում եմ, որ խոսենք Ձեր մի քանի կտավների մասին: Եղեռնի հարյուրամյակի առիթով կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվեց Ձեր «Հայաստան» կոչվող եռապատկերը, որի առաջին նկարում երեխան գրկին ոհմակի դեմ կռվող ձիավոր կին է:
-Մեր պատմությունն է: Մեր ժողվուրդը՝ իր ապագան սրտին սեղմած, շրջապատված թշնամիներով: Ինքը ՝ զինվոր, շուրջը շակալների ոհմակ:
-Ի՞նչ է ձայնում շեփորահարը երկրորդ նկարում:
-Հավաքում է մեզ: Աշխարհի տարբեր ծայրերից կանչում, բերում է հայրենիք, շեփորում է մեր միասնության անհրաժեշտությունը, մեր ուժը մեկտեղելու պահանջը:
-Հետո ծնվում է Վահագնը: Ի՞նչ է այն խորհրդանշում:
-Մեր միասնությունից ծնված հույսը, մեր ապագան, մեր երջանիկ օրը: Արվեստը իրականության գաղտնագրումն է:
-Ի՞նչ է գաղտնագրում «Ոսկեգեղմը»՝ հայոց տառերով, թերթերի նկարներով, ժայռապատկերներով…
-Հույն պատմիչը գրում է, որ Յասոնը Ոսկեգեղմը բերեց Հայաստան: Անմահությունը Հայաստանից տարածվեց աշխարհով մեկ:
-Ի՞նչ կապ ունի անմահությունը տառերի հետ: Աղավնու կտուցին ձիթենու ճյուղի փոխարեն տառեր են:
-Տառն է սերնդեսերունդ փոխանցում մարդկային պատմությունը: Անմահությունը մարդկային պատմության շարունակականությամբ է պայմանավորված, գրականությամբ, մշակույթով, արվեստով: Տառի բնօրրանը Հայաստանն է: Պատահական չէ, որ բոլոր ավանդապատումներում դրախտի տարածքը Հայաստանում է:
-Մի քանի բառով ներկայացրեք նաեւ Եղեռնը պատկերող Ձեր կտավը: Հետաքրքիր է, Դուք ի՞նչ շեշտադրումներով եք խոսում Եղեռնի մասին:
-Գիլգամեշում հատված կա, որտեղ շումերները մեծ ակնածանքով են խոսում հայերի մասին: Պարզվում է՝ Քրիստոսից առաջ 3-րդ, 4-րդ հազարամյակում Հայաստանում եղել է իմաստունների խորհուրդ, որը կարող էր գահընկեց անել անգամ թագավորին: Իմաստունների խորհրդում անդամներ կային ժողովրդի բոլոր խավերից:
-Ազգային ժողովի մոդելն է:
-Ժողովրդավարության մոդելը, որի մասին այդքան ճառում են նորելուկ ժողովուրդները: Հայաստանը միակ հին երկիրն է, որտեղ ստրկություն չի եղել, ճորտատիրություն չի եղել:
-Այդ ամենը ի՞նչ կապ ունի Եղեռնի հետ:
-Ունի: Ոչ մի եղեռն, ոչ մի արհավիրք չի կարող ծնկի բերել այս ժողովրդին, միայն թե նա հասկանա իր կշիռն ու ցաքուցիր չանի իր ուժը:
-Դուք երեք որդի ունեք, բայց հարցազրույցների ժամանակ ասում եք՝ չորս զինվոր եմ տվել բանակին:
-Չորրորդը քրոջս տղան է, որին ես եմ պահել: Բանակը երկրի բազուկն է: Բազուկդ պնդելու համար մարմինդ պիտի զորացնես, բանակի ուժը իմ տանն է, քո տանը:
-Ի՞նչ պատգամ ունեք սահման պահող զինվորին:
-Սիրիր հողդ, կառուցիր երկիրդ, պաշտպանիր ժողովրդիդ:
-Վերջում ուզում եմ շնորհավորել Ձեր ծննդյան հոբելյանական տարեդարձը: Առողջ եղեք, երջանիկ ու շատ-շատ նկարեք:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #41 (1312) 23.10.2019 - 29.10.2019, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային