Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԵՐԳԸ ՀԵՌԱՎՈՐ ՍԱԽԱԼԻՆՈՒՄ



ՀԱՅ ԵՐԳԸ ՀԵՌԱՎՈՐ ՍԱԽԱԼԻՆՈՒՄՕրեր շարունակ Ռուսաստանի Դաշնության Սախալին կղզում իսկական երաժշտական տոն էր. «Սպասսկայա բաշնյա» միջազգային փառատոնն իր շուրջն էր համախմբել Հայաստանի և Ռուսաստանի զինվորական նվագախմբերի անդամներին: Ինչպես միշտ, բարձր մակարդակ և արհեստավարժություն, և ամենակարևորը` Հայաստան անունը օտար ափերին բարձր հնչեցնելու ևս մեկ հնարավորություն. մեր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը և երգ ու պարի համույթի մենակատարները փառատոնին ներկայացել էին մեծ ծրագրով և հատուկ այս միջոցառման համար մշակած հայկական պոպուրի ստեղծագործությունների շարքով.

«Մենք փառատոնին մեկնեցինք Ռուսաստանի Դաշնության ռազմանվագախմբի հրավերով և նրանց հետ միասին հանդես եկանք համերգային տարբեր ծրագրերով: Ի սկզբանե համերգներ ունեցանք Սախալինի տարբեր վայրերում, հետո ռուսական նվագախմբի հետ հանդիպեցինք ֆիլհարմոնիայի դահլիճում»,- ասում է գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը:

Հայկական նվագախմբի տղաները եւ երգ ու պարի համույթի մենակատարները երգել ու կատարել են ժողովրդական ստեղծագործություններ, նաև էստրադային ու ջազային գործեր։ Կատարողական արվեստի ու յուրօրինակ գործիքավորման շնորհիվ մեր երգիչներն ու երաժիշտներն իսկական տոնական «խառնաշփոթ» են ստեղծել սախալինցիների և հայ համայնքի շրջանում։ Ըստ Արմեն Պողոսյանի` «Համերգներն ընթացել են նախատեսված ծրագրին համապատասխան։ Ունեցել ենք չորս մեծ համերգ, որոնց ժամանակ ներկայացրել ենք նաև մեր բեմադրած դեֆիլեն, ինչը մեծ ոգևորությամբ ընդունեց հանդիսատեսը։ Ցավոք, եղանակային պայմանների պատճառով այս տարի նույնպես մեզ չհաջողվեց Կուրիլյան կղզիներ հասնել և այնտեղ հնչեցնել հայկական երգը»:

Նվագախումբը Հայաստան է վերադարձել պատվոգրերով և հուշանվերներով։ Նվագախմբի տղաները ջանք չեն խնայել Հայաստանը պատվով ներկայացնելու համար:

«Մինչև գնալն ամեն օր փորձեր էինք անում և պատրաստվում էինք համերգին և դրա համար էլ լավ արդյունքներ ունեցանք: Սախալինում մենք առաջին հայկական նվագախումբն էինք, և մեզ հաջողվեց այնպես անել, որ մեկ շաբաթ շարունակ հեռավոր Սախալինում տիրի հայ երաժշտության շունչը»,- ասում է նվագախմբի անդամ, շարքային Դավիթ Հակոբյանը:

Շարքային Հրանտ Հարությունյանը նույնպես Սախալին մեկնած հիսունհինգից մեկն է։ Վերջինիս խոսքով՝ միջազգային այս փառատոնը նոր նշաձողեր սահմանելու ևս մեկ հնարավորություն կտա նվագախմբին. «Մենք իսկապես կարողացանք գրավել հանդիսատեսին։ Իմ կարծիքով՝ առավել ոգևորությամբ ընդունվեց ժողովրդական երգերի պոպուրին: Հանդիսատեսի խնդրանքով այն երկրորդ անգամ կատարեցինք»:

Ի դեպ, «Սպասսկայա բաշնյա» միջազգային փառատոնի փակման հանդիսությունն ու գալա համերգը վստահել էին հայկական զինուժի նվագախմբին և երգ ու պարի համույթին:

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #41 (1312) 23.10.2019 - 29.10.2019, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


24/10/2019