Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ



ՀՈՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ«Հիշողություն մանկության ուղիով» եւ «Ես անցա դժոխքի միջով».  սրանք  Արցախյան ազատամարտի հերոս Վահագն Վարդևանյանի հիշատակը վառ պահող  երկու մատյաններ են:  Հերոսի անունը կրող դպրոցում տեղի ունեցավ Վահագնի  հոր՝ Վաղինակ Վարդևանյանի հեղինակած գրքերի շնորհանդեսը, որն ուղեկցվեց հեղինակի  կյանքին ու անցած ճանապարհին նվիրված միջոցառմամբ:

«Հիշողություն մանկության ուղիով» գիրքը պատմում է հեղինակի մանկության, պատանեկության և երիտասարդության մասին:  Իսկ «Ես անցա դժոխքի միջով» գիրքը հուշագրություն է որդեկորույս հոր տոկունության, կրած տառապանքների մասին:

Դժվար ու անհաղթահարելի թվացող ճանապարհ է անցել Վահագն Վարդևանյանի հայրը: Այն օրից, երբ որդին զոհվել է, հոր միակ նպատակը որդու դին փրկելն է եղել. «Երբ իմացա, որ տղայիս ու նրա 13  զինվորների  ճակատագիրը անհայտ է, որոշեցի մեկնել Արցախ: Մինչև Ստեփանակերտ հասնելը ստիպված էի շատ դռներ բացել, հաղթահարել բազում փորձություններ»:

ՀՈՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆՎահագն  Վարդևանյանն իր ջոկատի 13 անդամների հետ Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում հայտնվել է շրջափակման մեջ:  13 ազատամարտիկների զոհվելուց հետո էլ վիրավոր հրամանատարը շարունակել է միայնակ մարտ վարել մինչև վերջին փամփուշտը։ Մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը՝  Վահագն  Վարդևանյանն իր մոտ եղած նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցող թշնամու 4 զինվորներին։

«Ես հպարտություն եմ զգում, քանի որ  այստեղ սովորող աշակերտներն այսօրվանից  Վահագնի մասին ավելի շատ բան  կիմանան ու կծանոթանան նրա հերոսությանը»,- ասում է հայրը:

ՀՈՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆԱրմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի դասախոս Սասուն Աբրահամյանը նույնպես  պատերազմի մասնակից է: Վահագնին անձամբ է ճանաչել, ճանաչել է նրա մարդ ու զինվոր տեսակը. «Ես՝ որպես պատերազմի վետերան, անչափ ուրախ եմ, որ նման գրքեր են հրատարակվում, որ նոր սերունդը մեր հերոսներին ճանաչելու հնարավորություն ունի:  Իմ երեխաներն  այս դպրոցում են սովորել, հիմա էլ այստեղ են սովորում թոռներս: Բոլորը պետք է ճանաչեն մեր հերոսներին»:

Վահագն Վարդևանյանն ու նրա 13 զինվորները խաղաղ ննջում են «Եռաբլրում»… Վարդևանյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը: Նրա անունն է կրում Երևանի թիվ 173 դպրոցը, որտեղ տեղադրված է նաև նրա կիսանդրին, բացված է փառքի սենյակ։ Հենց այդ սենյակում էլ մշտապես իրենց տեղը կգրավեն հոր` Վահագնին նվիրված գրքերը:

Լաուրա Մամյան

Խորագիր՝ Նորություններ


29/10/2019