Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ



ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ2019թ. հոկտեմբերի 25-27-ին ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհուրդը կազմակերպել էր բուհերի դասախոսների և գիտական աշխատողների (27 հոգի) այցելություն Արցախի պաշտպանության բանակի զորամասեր:

Հոկտեմբերի 26-ին, մինչև զորամասեր մեկնելը, տեղի ունեցավ հանդիպում պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ: Նախ բանակի հրամանատարը ողջունեց ծրագրի մասնակիցներին և կարևորեց մտավորականների այցելությունները զորամասեր: Ապա բարձրաստիճան զինվորականը համառոտ ներկայացրեց առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Գեներալի գնահատմամբ` վերջին օրերին նկատվել է որոշակի լարվածություն, սակայն հակառակորդի բոլոր տեղաշարժերը վերահսկվում են մեր զինծառայողների կողմից: Հնարավոր գործողության դեպքում հրամանատարներին տրվել են համապատասխան կարգադրություններ և հանձնարարականներ:

Գեներալ Կ. Աբրահամյանը անդրադարձավ նաև սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ը կայացած զորավարժություններին, որոնք իրենց ծավալով չունեին նախադեպը, քանի որ առաջին անգամ ներգրավվել էր ամբողջ բանակային կազմը և պահեստազորը:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԾրագրի համակարգող և ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց գեներալ Կ. Աբրահամյանին` դասախոսական կազմի հետ հանդիպելու և օպերատիվ իրավիճակը ներկայացնելու համար: Նա ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած  «Բանակ-հասարակություն» ծրագիրը նպատակ ունի նպաստելու հայրենասիրական ոգու բարձրացմանը, հայոց ինքնության ճանաչմանը: Ձեռնարկը հաջողվել է ոչ միայն դասախոսական կազմի, այլև ՀՀ ՊՆ, ՊԲ և զորամասերի հրամանատարության ակտիվ գործունեության շնորհիվ: Այս հանգամանքը իր հերթին ոգևորել է բոլորին և խթան է կրկնակի եռանդով առաքելությունը շարունակելու համար:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը ևս կարևորեց մտավորականների այցելությունը ՊԲ, քանի որ` «Զորամասերը մեզ համար դարձել են հարազատ տուն»: Ապա նա հետաքրքրվեց, թե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ինչպես են ընթանում բանակի վերազինման աշխատանքները:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԳեներալ Կ. Աբրահամյանը ներկաներին մի շարք օրինակներով  ներկայացրեց կատարվող լայնածավալ աշխատանքները, որոնք շարունակական են: Սարքավորումները հնարավորություն են տալիս օրվա բոլոր ժամերին ու ցանկացած եղանակային պայմաններում իրականացնել դիտարկում և արագ արդյունքները հասցնել հրամանատարությանը, որի համար օգտագործվում են կապի նորագույն համակարգեր: Նա միաժամանակ նշեց, որ կատարվել և շարունակվելու են իրականացվել ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ: Ավելի մեծ ուշադրություն է դարձվում առաջնագծում կենցաղի բարելավմանը: Գեներալն ընդգծեց, որ բարձրացվել են առաջնագծում մարտական ծառայություն կատարող սպաների ու ենթասպաների աշխատավարձերը:

Հանդիպումից հետո դասախոսական կազմը մեկնեց տարբեր զորամասեր:

Ռուբեն Սահակյան

Խորագիր՝ Նորություններ


30/10/2019