Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԶՈՐ ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆ



ՀԶՈՐ ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԻՆԴիրքը ժայռի ծայրին է, այնքան բարձր է, որ թվում է՝ ձեռքդ երկարես, կհպվես ամպերին: Ավագ Մանուկ Մանուկյանը եռանդով ներկայացնում է առաջնագծի «քարտեզը»:

-Այս ճանապարհը տանում է դիտակետ, այն կողմում խրամատն է…

-Անձեռակերտ մատուռ է,- ասում եմ հիացած շուրջբոլորս զննելով,- Աստծուն մոտիկ, աստվածային գեղեցկությամբ:

-Ձեռակերտ մատուռ էլ ունենք,- պատասխանում է Մանուկն ու գնում դեպի դիտակետ: Մատուռը դիտակետի մոտ է ու  բարձրահասակ  զինվորականի կողքին ավելի փոքր է թվում: Դիրքապահն  ինձ տեսնելով  ժպտում է հյուրընկալ: Բարեկազմ, լայն ուսերով, պինդ մկաններով տղամարդ է: Աչքերը խաժ են, մազերը խարտյաշ, դիմագծերը՝ սլավոնացու:

-Ռո՞ւս եք,- հարցնում եմ:

-Չէ՛, ինչո՞ւ պիտի ռուս լինեմ,- պատասխանում է մռայլ:

-Ի՞նչ իմանամ, հայի նման չեք,- արդարանում եմ:

-Զտարյուն հայ եմ,- ասում է, բայց ձայնի մեջ անվստահություն կա:

-Հաստա՞տ,- կատակում եմ: Ծիծաղում է բարձրաձայն:

-Լավ, տատիկս գերմանուհի է,- «հանձնվում» է: Ու ես հասկանում եմ, որ ինձ հաճելի զրույց է սպասում:

-Սուրճ չխմե՞նք,- առաջարկում եմ՝ վայելքը լիակատար դարձնելու համար, հետո հիշում եմ, որ ես հյուր եմ, իսկ հյուրասիրելը տանտիրոջ պարտականությունն է:

-Խմենք,- ասում է զինվորականը ու գնում դեպի գետնատնակ:  Ես նկատում եմ ավագի տարբերանշանը նրա դաշտային համազգեստին:

-Պայմանագրայի՞ն եք:

-Ճիշտ այդպես:

Գետնատնակում սուրճի անուշ բույր է. դիրքապահները հասցրել են նախաճաշել:

-Ձեր անունը չհարցրի,- ես միացնում եմ ձայնագրիչը:

-Ես Տարոնն եմ, ավագ Տարոն Զաքարյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից:

-Ռի՞նդ… առաջին անգամ եմ լսում: Ի՞նչ է նշանակում:

-Չգիտեմ, բայց շատ ներդաշնակ է մեր արծվաբույն գյուղին:

-Ձեր գյուղում արծիվնե՞ր կան:

-Կան: Մեր գյուղի մարդիկ: Ռինդը  լեռների վրա է, քարերի մեջ: Չքնաղ բնություն ունի: Այս սեզոնին որ կողմը նայես՝ գույներ են: Ամենուր այգիներ, ծառեր՝ ծիրանի, դեղձի, խնձորի, տանձի, խաղողի թփեր: Բերքառատ գյուղ է: Այգիները խնամված են, տները՝ երկհարկանի, կոկիկ: Մարդիկ խաղաղ են, հյուրասեր ու հոգատար: Մեր գյուղում միայնակ կամ անապահով մարդ չկա, որովհետև գյուղը մի  ընտանիք է՝ քո հոգսը բոլորի հոգսն է:

…Իմ ամենալավ ընկերը Ժորա պապս է: Ես նրա առաջին թոռն եմ, երկու եղբայրներիս ավագը: Իմ տունը՝ վարդագույն տուֆից, պապս է կառուցել, իսկ ներքին հարդարման հեղինակը ես եմ: Պապս 47 տարի մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդել դպրոցում, ուստի ես ամենալավը սովորել եմ հենց այդ առարկաները: Պապս հեղինակություն էր թե՛ տանը, թե՛ գյուղում: Երբ նա անցնում էր գյուղի փողոցներով, իրենց տների առաջ նստած կանայք ոտքի էին կանգում, անցնող մեքենաներն անգամ կանգնում էին, մարդիկ իջնում-բարեւում էին պապիս, հարցնում ողջությունը, նոր միայն շարունակում իրենց ճամփան:

-Ժորա պապը ո՞ղջ է:

-Փառք Տիրոջը, ողջ է, մեղու է պահում: Հիմա Ձեզ պապիս քաշած մեղրից կհյուրասիրեմ: Պապս ասում էր՝ եթե դու վաղը ավելի լավը չես, քան այսօր, ուրեմն այս օրն իզուր ես ապրել:

-Ձեր եղբայրներն էլ էին այդքան կապվա՞ծ պապի հետ:

-Չէ՛: Միայն ես: Իմ դիրքը չսասանվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ծնվեց ամենակրտսեր եղբայրս, որը պապիս անունն է կրում:

– Ժորա պապը որտեղի՞ց է գտել գերմանուհի կնոջը:

-Գերմանուհի տատս մորական պապիս կինն է: Ես շատ լավ ընտանիք ունեմ: Հայրս՝ Մանվելը, իմ մեծ ախպերն է, էնքան մտերիմ ենք ու էնքան լավ ենք հասկանում իրար: Մայրս քնքուշ, նրբաճաշակ, խելացի կին է: Դիզայներական շնորհքս ու բարձր ճաշակս նրանից եմ ժառանգել: Ես արտաքինով մորս եմ նման: Դե, ինձ տեսնելով պիտի հասկանաք, որ մայրս իսկական գեղեցկուհի է:

-Ինչ ճիշտ է, ճիշտ է:

-Միջնեկ եղբայրս կիրթ տղա է, լուրջ, ծանրակշիռ: Մենք գրեթե միաժամանակ ծառայեցինք բանակում:

-Իսկ կրտսե՞րը:

-Ժորան դեռ չի ծառայել, շուտով կզորակոչվի: Ինչ վերաբերում է գերմանուհի տատիս, Վլադիմիր պապս բանակից է բերել նրան: Սիրել են իրար:

-Տարո՛ն, իմ աչքաչափով՝ Ձեր հասակը երկու մետր կլինի:

-Մի քիչ պակաս: Էդ պատճառով էլ պատվո պահակային վաշտում եմ ծառայել: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսից զորակոչվեցի բանակ:

-Մի րոպե, ինչ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Դուք ասացիք, որ դպրոցում շատ եք սիրել մաթեմատիկան ու ֆիզիկան: Ու ոչ մի խոսք ֆիզկուլտուրայի մասին:

-Առհասարակ, ես դպրոցում լավ եմ սովորել, որ հանկարծ մանկավարժ պապս չամաչի իմ պատճառով: Հա, ֆիզիկան ու մաթեմատիկան շատ էի սիրում ու շատ լավ էի սովորում: Քննությունները արտակարգ հանձնեցի, բայց երբ պապս ասաց, որ հետեւեմ ներքին ձայնիս ու ընտրեմ իմ սիրած մասնագիտությունը, ես հասկացա, որ ուզում եմ վոլեյբոլիստ դառնալ: Ի դեպ, ես փոքրուց մարզել եմ մարմինս ու միշտ էլ պինդ մկաններ եմ ունեցել:

-Փաստորեն, զինվորական ծառայությունը հեշտ է անցել, առանց մարտական հերթապահության, այսպես ասած, սպիտակ ձեռնոցներով:

-Ամեն օր նախորդ օրվանից լավը լինելու պապիս խրատը իմ արյան մեջ է մտել: Ես երեք ամսվա ծառայող էի, երբ ինձ «տարեց» զինվորների հետ շնորհեցին 2011թ. Անկախության շքերթին մասնակցելու պատիվը: Սա տքնաջան աշխատանքի արդյունք էր: Բայց, ճիշտ եք, ես ժամկետային ծառայության ժամանակ սահման չեմ տեսել ու միշտ երազում էի կանգնել պոստի, մարտական հերթապահություն կատարել, ապրել գետնատնակում: Մի խոսքով, լինել իսկական դիրքապահ: Այդ պատճառով էլ հիմա այստեղ եմ:

-Ժամկետային ծառայությունից հետո՞ եք պայմանագրային դարձել:

-Չէ՛, ժամկետային ծառայությունից հետո գնացի Ռուսաստան, հորեղբորս մոտ, որ աշխատեմ: Ամեն ինչ շատ լավ էր՝ աշխատանք կար, փող կար: Բայց մի տեսակ տեղս չէի գտնում: Ուզում էի Հայաստան գալ:

-Կարոտո՞ւմ էիք:

-Ոնց որ գնաս ուրիշի տուն ու մնաս: Որքան էլ ուրիշի տունը լավը լինի, որքան էլ շքեղ պայմաններ նվիրեն քեզ, ուզում ես գալ քո տուն, անկախ քոնի առավելություններից ու թերություններից: Ռուսաստանից վերադարձա ու մեկ ամիս անց մտա բանակ: Սկզբում ծառայության անցա հատուկ նշանակության ջոկատում: Մեկ տարի ծառայեցի: Տեսա, ապրեցի, զգացի այն, ինչ ուզում էի, ինքնաքննությունս հաջող հանձնեցի ու եկա առաջնագիծ: Երկու տարի է՝ դիրքերում եմ:

-Աշխատավարձը հերիքո՞ւմ է:

-Անկեղծ ասած՝ ես աշխատավարձի համար չեմ եկել բանակ: Միայն այս աշխատավարձի հույսին չեմ: Ձեռքիցս ինչ հունար ասես գալիս է՝ դարբնություն եմ անում, մեքենա եմ նորոգում: Ես ժամկետային ծառայության ժամանակ սահման չեմ պահել, իսկ զինվորական պարտքը տալ հայրենիքին նշանակում է սահման պահել: Եկել եմ պարտքս տամ: Երբ մարտական հերթապահությունս ավարտում եմ, իջնում եմ դիրքերից, որպես դիրքապահ իմ ստացած աշխատավարձի քառապատիկն եմ վաստակում: Օրինակ՝ հիմա երկաթե դարպասներ պատրաստելու  պատվեր ունեմ:

-Զինվորական պարտքը երկու տարի է, Դուք արդեն 3 տարի պայմանագրային եք:

-Բաներ կա, որ բառերով չեմ կարող բացատրել: Դիրքը, մարտական հերթապահությունը մի ուրիշ աշխարհ են: Այս բարձունքը ինձ պետք է լիցքավորվելու համար: Ես ցածր տեղեր չեմ սիրում:  Ամեն ցածր բան ինձ ընկճում է, իսկ բարձրից թեւեր եմ առնում:

Սիրում եմ առավոտ վաղ արթնանալ: 5:30 արդեն ոտքի վրա եմ ու վայելում եմ լուսաբացը: Նա, ով չի տեսել, թե այս ժայռի կատարին ինչպես է մութը ցրվում, եւ ինչպես է ծագում արեւը, ինձ դժվար թե հասկանա: Ձեզ ոնց բացատրեմ, թե ինչ է հզոր տղամարդկանց ընկերությունը հայրենիքի սահմանին, ոնց նկարագրեմ պապիդ քաշած մեղրով ընկերներիդ հետ խմած թեյի համը, սրտամոտ զրույցների քաղցրությունը: Դուք ոնց պիտի զգաք տղամարդկային հպարտություն ասվածի հաճույքը: …Ես իրականացրի իմ երազանքը:

-Բարի ծառայություն, Տարոն ջան, թող կյանքում անկատար երազանք չունենաք:

-Ձեզ էլ բարի ծառայություն: Ապրեք, որ եկաք:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1313) 30.10.2019 - 5.11.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/10/2019