Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԱՆԳԱՄ ՌՈՒՍ ՄԻ ԳԵՆԵՐԱԼ…



ՄԻ ԱՆԳԱՄ ՌՈՒՍ ՄԻ ԳԵՆԵՐԱԼ…Նոյեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի նախկին պետ Անատոլի Զինեւիչը կդառնար 80 տարեկան։ Զինեւիչը մահացել է 12 տարի առաջ:

1996թ. օգոստոսին փորձեցի պատկերել Զինեւիչի «դիմանկարը» «Время» թերթում տպագրված «Մի անգամ ռուս մի գեներալ…» հոդվածում։ Այսօր կցանկանայի ներկայացնել այն ձեզ։ Եվ թող բոլորս հիշենք Անատոլի Զինեւիչին։

Մինչ Զինեւիչի հետ հանդիպումը, բազմաթիվ հակասական կարծիքներ էի լսել նրա մասին։ Մի քանիսը նրան համարում էին ռուսական գործակալ ղարաբաղյան բանակում, մյուսները՝ սովորական վարձկան, երրորդները՝ անշահախնդիր մարդ, որ մնացել է կռվելու օտար հողում։

Ղարաբաղ կատարած ուղեւորության ընթացքում մեզ հետ էին Հոլանդիայից եկած լրագրող Մաշա Մալկոն եւ լուսանկարիչ Լեո Էրկենը, որոնք ունեին թեժ կետերում աշխատելու հարուստ փորձ՝ Աբխազիայից մինչեւ Բոսնիա։ Հայկական հողում պատերազմ մղող ռուս գեներալի հետ հանդիպումը, բնականաբար, նրանց ավելի շատ էր հետաքրքրում, քան ինձ։ Թեպետ, ինչպես եւ ակնկալվում էր, վերադարձին մեր կարծիքները հակամետ չէին։

Անատոլի Զինեւիչը մեզ ընդունեց թեթեւ քմծիծաղով ու նկատելի թերահավատությամբ։

Անատոլի Զինեւիչը ծնվել է 1932թ. Ուկրաինայի Խմելնիցկ քաղաքում: 1953 թ. ընդունվել է Պրոսկուրովյան տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: Ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի ղեկավար կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները: 1975-1976թթ. իբրեւ ռազմական խորհրդատու ծառայել է Սոմալիում եւ Եթովպիայում: Հինգ տարի կռվել է Աֆղանստանում, 1983-1986թթ. Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի օպերատիվ բաժնի պետն էր: 1992թ. հունիսից մինչեւ 1997թ. մայիսը գեներալ Զինեւիչը ծառայում էր Լեռնային Ղարաբաղում, նախ՝ որպես պաշտպանության նախարարի խորհրդական, շտաբի պետի տեղակալ, իսկ 1994-ից` ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ: 1997թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: 1995-ին պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

…Աֆղանստանում Զինևիչը եղել է որդու հետ. վերջինս այնտեղ լուրջ վիրավորվել է։ Վերքերից, թեեւ ոչ շատ լուրջ, չի խուսափել նաեւ ինքը` Անատոլի Վլադիմիրովիչը. մի անգամ ականի բեկորներից վիրավորվել էին ոտքերը։ Թշնամիները երեք անգամ գնդակոծել են ուղղաթիռը, որում Զինեւիչն էր։ Ծիծաղում է. «Իմ ազգանվան առաջին վանկը տարօրինակ կերպով համընկնում է այն բառերի ու վայրերի հետ, որտեղ ես կռվել եմ։ Աֆղանստանում մեր ուղղաթիռը գնդակոծեցին Զինյա անունը կրող գյուղի մոտակայքում։ Իսկ Ղարաբաղում ասում են, որ «զին», «զենք» բառերը շատ են համապատասխանում իմ ազգանվանը»։

Զինեւիչը դժկամորեն է պատասխանում այն հարցին, թե ինչպես է հայտնվել Ղարաբաղում։ Ավելի ճիշտ, նա այդպես է արձագանքում այն պաթոսին, որը կամա-ակամա պարունակում է հարցն իր մեջ։

-Ես ծառայել եմ Երեւանում. 1992թ. կեսերին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ինձ հրավիրեց Հայաստան՝ որպես ռազմական հարցերով խորհրդական։ Սարգսյանի հետ Ղարաբաղ եկա, երբ այստեղ ռմբակոծություններ էին, Մարտակերտից եկող փախստականների խմբեր։

Գեներալի սրտով չէ հերոսի այն լուսապսակը, որը փորձում են իրեն վերագրել: Այն, որ նա եկել էր երեք օրով, որոնք ձգվում են արդեն չորրորդ տարին, իր համար բնական է։

-Դուք պարզապես չեք տեսել փախստականների դեմքերը. սարսափելի ժամանակներ էին։ Սակայն խուճապ չկար, միայն հուսահատության փոխակերպվող շփոթմունք: Ադրբեջանական բանակը հասնում էր Սարսանգի ջրամբարի սահմանին, Լաչինի միջանցքը վտանգված էր։ Դե, ես էլ Վազգենից երեք օր խնդրեցի գլուխ հանելու համար… Հետո մեջս ինչ-որ բան շարժվեց, անհասկանալի բան տեղի ունեցավ։

Զինեւիչը Վազգեն Սարգսյանի մասին խոսում է մեծ սիրով, գրեթե հայրաբար։ Երբ իմացավ, որ Սարգսյանը ավտովթարի է ենթարկվել, սկզբում անհանգստացավ, ապա վստահորեն ասաց. «Ոչինչ, այդ հաղթանդամ երիտասարդն ամեն ինչ կհաղթահարի»։

Սկզբում Զինեւիչին վերաբերվում էին որպես օտարի։ Բայց հասկանալով, որ գործ ունեն մասնագետի հետ, սկսեցին ընդունել որպես յուրայինի: Այսօր ղարաբաղյան բանակում Զինեւիչին անվանում են ոչ այլ կերպ, քան «Դեդ»:

Ղարաբաղ մեկնելու օրը Սաշա Մալկոն, որը հայերից բազմիցս լսել էր ղարաբաղյան բանակի հաջողությունների մասին, ասաց, որ վատ չէր լինի այդ մասին խոսել ռուս զինվորականի հետ…

-Բայց ես Հայաստանին ամենանվիրված հայն եմ,- ծիծաղում է Զինեւիչը։- Իսկ ինչո՞ւ եք ցանկանում իմանալ մեր բանակի թվաքանակը։ Լավ, կարող եմ ասել՝ այն ունի քսան հազարից ավելի զինվոր։ Բանակը մարտունակ է եւ, որ ամենակարեւորն է՝ կառավարելի։ Այնուամենայնիվ, նա պետք է սովորի, մարսի նախկին հաղթանակներն ու անհաջողությունները, ստեղծի իր ռազմական քաղաքականությունը։ Լրացուցիչ խնդիրներ է առաջացնում սեփական ռազմական կադրերի սակավությունը։

Զինեւիչը ԼՂՀ բանակի մասին խոսում է զուսպ, երբեմն՝ ինչ-որ տարօրինակ թերահավատությամբ։ Սակայն շուտով հասկանալի է դառնում. այստեղ գալով պատերազմի ամենաթեժ պահին՝ նա ապշած է այս մարդկանց ոգով ու տոկունությամբ, իսկ այսօր արդեն նա չի կարող իրեն թույլ տալ ցնծությունից խելքամաղ լինել։

-Չեմ դադարում զարմանալ այս մարդկանց խիզախության վրա։ Հուսալի բանակ է. երբեմն այն լուծել է այնպիսի խնդիրներ, որոնք ոչ մի վերլուծական հաշվարկի չեն ենթարկվում։ Ես մի մարդ եմ, որն իր կյանքում շատ պատերազմներ է տեսել, երբեմն զարմանում էի, որ այդպես առհասարակ կարելի է մարտնչել։ Իհարկե, չի կարելի հաշվի չառնել նաեւ հակառակորդի անպատրաստության գործոնը, մարտ վարելու նրա անընդունակությունը, ինչը եւս մի շարք դեպքերում բարձրացնում էր մեր զինվորների ոգին եւ նրանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Հազվադեպ բանակներ են կայացել այդ ճանապարհով։

…Մի օր մեկնեցինք առաջին գիծ, այնտեղ, ուր կողմերի միջեւ հեռավորությունը մեկ կիլոմետրից պակաս է։ Նույն օրը երեկոյան իմացանք, որ մեր հեռանալուց մի քանի ժամ անց այդ դիրքում ադրբեջանական դիպուկահարը սպանել է մեր զինվորին։ Պատերազմը շարունակվում է, այժմ արդեն քողարկված։ Ղարաբաղում մեր անցկացրած մի քանի օրվա ընթացքում շուրջ տասը մարդ զոհվեց ականներից եւ դիպուկահարների գնդակներից։ Իմանալով կատարվածի մասին, Զինեւիչը մի պահ խոժոռվեց, ապա ասաց. «Վաղը այդ հատված կուղարկեմ մեր դիպուկահարներին, թող աշխատեն»։ Այնպես սովորական ասաց, ասես ինչ-որ մեկին ուղարկում էր խանութ՝ լուցկի գնելու։ Երբ վերադառնում էինք ավերված Աղդամից, Սաշա Մալկոն անզգուշորեն ինչ-որ բան ասաց բարբարոսության մասին։ Զինեւիչը կտրուկ շրջվեց. «Սա պատերազմ է։ Ինչ ցանես, այն էլ կհնձես։ Պետք չէ տրտնջալ…»:

Ղարաբաղյան բոլոր հրամանատարների սենյակում կախված է Մոնթե Մելքոնյանի նկարը։ Զինեւիչի մոտ այդ նկարին շատ ներդաշնակ հարեւանում է մարշալ Ժուկովի կիսանդրին։

Զինեւիչը կարոտում է Միությունը՝ մեկընդմիշտ կորսված միասնությունը…

Նա ոչ մի անգամ արհամարհանքով չարտահայտվեց ադրբեջանական բանակի իր «գործընկերների» մասին։ Փոխարենը աֆղանցի ու չեչեն վարձկանների մասին խոսում է նողկանքով.

-Աֆղաններին հանդիպել եմ Ֆիզուլիի շրջանում 94 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Նրանք Հյուսիսային Աֆղանստանից էին եւ ոազմական առումով իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ Մարտիկներ կային Ղանդահարում։ Իսկ սրանք պարզապես ավազակներ էին, կրակում էին միայն անկյուն մտած… Շամիլ Բասաեւը մեր դեմ կռվում էր Աղդամում։ Եթե իմանայինք, որ հետո նա այդպիսի ողբերգական դեր կունենա Ռուսաստանի համար, մենք կփակեինք բոլոր միջանցքներն ու կվերցնեինք նրանց։ Նա իր խմբավորման հետ փախավ մեր քթի տակից, մենք ունեինք նրա բանակցությունները լսող ռադիոընկալուչներ. ռադիոկապով բառացիորեն աղաչում էր օգնություն ուղարկել։ Հետո խոստովանեց, որ Ղարաբաղում պատերազմելն աննպատակահարմար է. ադրբեջանցիները չեն կարողանում, իսկ հայերին չես հաղթի։

Իսկ պատերազմը Ղարաբաղում իսկապես չի ավարտվել, համենայն դեպս՝ մարդկանց գիտակցության մեջ։ Երբ գնացինք հրաժեշտ տալու Զինեւիչին, նա հուզված էր երեւում։ Պարզվեց, քաղաքի վրա կուտակված ամպերն ուժեղ որոտացել են, իսկ Զինեւիչը կարծել է, թե ռազմական ինքնաթիռ է։ «Մտքովս միանգամից անցավ՝ ինչպե՞ս կարող էր ՀՕՊ-ը դա թույլ տալ։ Դուրս վազեցի հերթապահի մոտ, իսկ նա չկա։ Մտածեցի՝ վե՛րջ… Պարզվեց՝ ամպրոպ էր»։ Այո՛, այստեղ ամեն րոպե, ամեն ժամ սպասում են պատերազմի։

Զգացվում է, որ Զինեւիչը տարիների ընթացքում հոգնել է թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Այնուամենայնիվ, չի հեռանում…

-Արդյոք գո՞հ եմ։ Իհարկե, ոչ։ Եթե գոհ լինեի, վաղուց կգնայի, բայց չէ՞ որ յուրաքանչյուր մարդ, բացի ինքնասիրությունից ու հպարտությունից, ունի նաեւ պարտք ինքն իր նկատմամբ։ Գիտեք, այս չորս տարիների ընթացքում դեռեւս ոչ մի դեպք չի եղել, որ ես գոնե մի քանի ժամով մենակ մնամ ինքս ինձ հետ։ Կցանկանայի, իհարկե, վերցնել կարթը, գնալ Սարսանգ ու լիցքաթափվել։ Բայց հիմա դրա ժամանակը չէ։

♦♦♦

Ղարաբաղը նրա համար դարձել էր երկրորդ հայրենիք։ Յուրաքանչյուրն իրավասու է Զինեւիչին ընկալել յուրովի։ Սաշա Մալկոն՝ Հոլանդիայից ժամանած լրագրողը, ասում է, որ գեներալը վարպետորեն խաղում է։ Շատերը Երեւանում նրան համարում են սովորական վարձկան։ Բայց մենք բոլորս, որ դատում ենք այս կամ այն կերպ, գնում ենք Ղարաբաղ ու վերադառնում, իսկ Զինեւչը մնում է, ինչպես ինքն է արտահայտվում՝ օտար ազգին «շան հավատարմությամբ», որը դարձել է իրենը:

Զինեւիչին ասում եմ. «Դուք մերն եք, հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ուզում ասել»։ «Դեդը» թախծոտ ժպտում է եւ ասում. «Շնորհակալություն, տղա՛ ջան»։ Ապա կրկին դառնում է նույն զուսպ Զինեւիչն ու խփում է ուսիս՝ կարծես ասելով, որ ամեն ինչ կարգին է…

 

ԱՐԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Մեդիամաքս» գործակալության տնօրեն

Խորագիր՝ #43 (1314) 6.11.2019 - 12.11.2019, Ճակատագրեր


07/11/2019