Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԾ ՆՎԻՐՅԱԼԸ



ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԾ ՆՎԻՐՅԱԼԸԼրացավ հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Սեբաստացի Մուրադի ծննդյան 145-ամյակը: Ի դեպ, քաջազուն սեբաստացի ռազմիկի հարսանիքի քավորն է եղել բանաստեղծ Դանիել Վարուժանը: Մուրադը հռչակված էր նաև որպես քաջավարժ նժույգավար:  Ձիավարության մրցույթներում նրա նվաճած հաղթանակների ազդեցությամբ, ծնվել է Վարուժանի «Բեգաս» (Պեգաս) բանաստեղծությունը:

Ստորև ներկայացնում ենք Սասունի 1904թ. ապստամբության ժամանակ Մուրադի գործունեության մի արժանահիշատակ դրվագ:

 

Սասունի 1904թ. ապստամբությունը, որը վերածվեց ինքնապաշտպանության, իրավամբ կարելի է գնահատել որպես Հայոց Ազատամարտի  (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ) ամենահերոսական ու ուսանելի էջերից մեկը:

1904թ. գարնանամուտին թուրք իշխանությունները, Սասունը հիմնահատակ կործանելու նպատակով, կենտրոնացնելով հրանոթներով զինված ավելի քան 10.000 թվակազմ ունեցող կանոնավոր զորամասեր և թուրքական ու քրդական տասնյակ հրոսակախմբեր, ապրիլի սկզբներին կատաղի հարձակումներ են ձեռնարկում ազատության ու պայքարի դրոշը պարզած Սասունի  վրա:

Սասունի ինքնապաշտպանական ուժերը (ընդամենը 200 ֆիդայիներ և 800 զինված սասունցիներ) հերոսական դիմադրություն են ցուցաբերել, սակայն չափազանց դժվար է եղել երկարատև պաշտպանությամբ դիմագրավել թշնամու անհամեմատ մեծաքանակ ուժերի անընդմեջ կրկնվող հարձակումներին:

Ապրիլի 20-21-ին տեղի ունեցած մարտերը վերջնականապես հավաստում են, որ ավելի քան սահմանափակ էին հայ մարտական ուժերի` մարտնչելու և ժողովրդի անվտանգությունն ապահովելու կարողություններն ու հնարավորությունները:

Հետագա դիմադրության համար շատ քիչ փամփուշտ էր մնացել: Ապրիլի 21-ին, իրենց հետագա անելիքները որոշակիացնելու նպատակով, Անդրանիկը Ալուճակ գյուղում խորհրդակցության է հրավիրում ինքնապաշտպանական ուժերի հրամանատարներին: Խորհրդակցության մասնակիցներից ոմանք առաջարկում են ամրանալ Անդոկ-Քոփ լեռների անմատչելի դիրքերում և շարունակել կռիվը, իսկ ոմանք, մասնավորապես՝ Դաշտի ու Սասունի կռիվների մասնակից ոչ տեղացի ֆիդայիները կարծում են, որ անհնար է կռիվը շարունակել լեռներում, քանի որ ո՛չ պաշար կա, ո՛չ էլ մանավանդ՝ ռազմամթերք:

Ի դեպ, Սասունի ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր մատակարար Քեռին զինամթերքի ու սննդամթերքի պաշարների սպառման մասին զինվորական խորհրդի անդամներին հայտնել էր դեռևս խորհրդակցության նախօրեին: Հաշվի առնելով այդ իրողությունը, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության գումարած խորհրդակցությունում որոշվում է ժողովրդին իջեցնել Մշո դաշտ, և այդ անչափ պատասխանատու ու դժվարին խնդիրը հանձնարարվում է Սեբաստացի Մուրադին, իսկ կռվողների հիմնական մասը, ապավինելով Սասունի անմատչելի լեռներին, Անդրանիկի և Գևորգ Չավուշի գլխավորությամբ պիտի շարունակեր պարտիզանական կռիվները:

Ժողովրդին դաշտ տեղափոխելու անչափ կարևոր և դժվարագույն առաջադրանքը Մուրադին վստահելը, իհարկե, պատահական չէր: Սասունի զինվորական խորհրդի  կայացրած այդ վճիռը բազմակողմանիորեն հաշվարկված էր և, ինչպես միանշանակորեն ապացուցեցին ծավալվող դեպքերը, այն նաև շատ ճիշտ էր ու արդարացի: Բացի Սասունի բնակչությանը Դաշտի գյուղերը տեղափոխելուց, Մուրատի վրա դրված էր ուրիշ կարևոր պարտականություն. ժողովրդին ու վիրավորներին Մշո դաշտ տեղափոխելուց հետո, նա խմբով պիտի անցներ Վասպուրական և այնտեղից զենք ու ռազմամթերք տեղափոխեր Սասունի ռազմիկներին:

Ժողովրդին Մշո դաշտի գյուղերը տեղափոխելու գործում Մուրադին ընկերակցում էին Քեռին (Արշակ Գաֆաֆյան), Մեշեդի Ավետիսը և Սմբատ Բորոյանը: Նրանք իրենց հետ տանում էին նաև ապրիլի 13-ի կռվի ժամանակ վիրավորված Սեպուհին:

Հազարավոր մարդկանց ամբողջ Սասունի տարածքում սփռված թուրքերի ու քրդերի մեծաքանակ զորքերի տեսադաշտից աննկատ Դաշտի գյուղերն անցկացնելն անիրագործելի թվացող հրաշք էր:

Ապրիլի 22-ին սասունցիների հսկայական զանգվածը, Մուրադի գլխավորած 120 ֆիդայիների պաշտպանությամբ անցնելով լեռնային արագահոս գետերի վրա հապճեպորեն կառուցված կամուրջներով, շարժվում է Ծովասարի ուղղությամբ:

«Մուրատի վարած նահանջը,- նշում է Կարո Սասունին,- մի հանդուգն ձեռնարկ էր: Բազմահազար ժողովուրդին Սասնո կատաղի գետն անցկացնելը, խիզախել ու շրջապատող տասը հազարեն ավելի բանակի շղթաները կտրել և հասնել Ծովասարի կողերուն, հրաշքի հավասար բան էր»:

Գիշեր և ցերեկ հաղթահարելով բազում դժվարություններ և անցնելով թշնամու թիկունքը՝ մարտական խումբն ու բնակչությունը հասնում են Քոփի ավերակ վանքը և, ճանապարհի դժվարություններից ուժասպառ, փորձում մի փոքր հանգստանալ: Քոփի վանքը գտնվում էր բալաքցի քրդերի ճանապարհի վրա: Նրանք Սասնո կռիվներին մասնակցելուց հետո, թալանով բեռնավորված, վերադառնում էին: Նկատելով վանքի ավերակներում հավաքված բազմությանը և կարծելով, որ փախստական հայեր են, անզեն բնակչությանը կոտորելու իրենց «քաջությունը» ցուցաբերելու ու ավար ձեռք բերելու հաճույքից խենթացած, նետվում են գրոհի: Սարսափելին քրդերը չէին. չնայած զինամթերքի սահմանափակությանը, Մուրադը ֆիդայիներով կարող էր հուսալիորեն պաշտպանել ժողովրդին, սարսափելին Սասունում տեղաբաշխված թուրքական մեծաքանակ ուժերն էին, որ կռվի արձագանքները լսելով, ամեն րոպե կարող էին հայտնվել մարտադաշտում, և այդ դեպքում կործանումն անխուսափելի էր: Հարկավոր էր արագ և վճռական հակահարվածով ջախջախել քուրդ ավազակախմբին ու արագորեն առաջ շարժվել:

Մուրադն ակնթարթորեն կողմնորոշվելով, շտապ դուրս է գալիս վանքից և ֆիդայիների մի մասով հարմար դիրքեր գրավելով՝ պատրաստվում է դիմակայել հակառակորդին:

Թշնամուն արագորեն ջախջախելու նպատակով նա ֆիդայիների մյուս մասին ուղարկում է շրջանցելու ու թիկունքից հարվածելու իրենց վրա հարձակվող քրդերին: Մեշեդի Ավետիսի գլխավորած խումբը հաջողությամբ կատարում է Մուրադի հանձնարարությունը և հայտնվում հակառակորդի թիկունքում:

«Ավետիսը,- նշում է Ռուբենը,- մի քանի ընկերներով նետվում են գետը և իրար ձեռք բռնելով, թշնամու գնդակներու տարափի տակ, սառած ջուրը կտրելով, կանցնեն գետի մյուս ափը»:

Քուրդ հրոսակները, վստահ իրենց հաղթանակին, նետվում են վանքի ավերակներում խմբված բազմության վրա: Մուրադի գլխավորած ֆիդայիների դիմահար կրակով և Մեշեդի Ավետիսի գլխավորած մարտախմբի մարտիկների` թիկունքից տեղացող հարվածներով կանգնեցվում է քրդերի հարձակումը:

Բախտը երբեմն էլ հայերին է ժպտում. Խասգյուղի մարտիկները, կռվի լուրն առնելով ու Տեր Քերոբի գլխավորությամբ իջնելով Ծովասարի բարձունքներից, հարձակվում են քրդերի վրա: Մուրադի հայդուկների և Խասգյուղի կտրիճների անսպասելի ու հուժկու հարվածներից խուճապի մատնված թշնամին, մի քանի տասնյակ սպանվածների և վիրավորների թողնելով մարտադաշտում, դիմում է փախուստի:

«Հայերից,- նշում է Կարո Սասունին,- սպանված էին միայն 2-3 հոգի: Մուրադը նահատակները հողին հանձնելուց հետո, իր վիրավորներն ու ժողովուրդը առնելով, կշարունակի դժվարին ճամբան դեպի Հավատորիկ, ուր կհասնեն անոթի և հոգնած: Մուրադի հետ էին վիրավորված ֆետայիները, Դաշտի կամավորները և Սասունի ժողովուրդը»:

Մուրադը փայլուն է կատարում առաջադրանքը: Ավելի քան 20.000 հայեր Մուրադի գլխավորած ֆիդայիների պաշտպանությամբ մեծամեծ դժվարությամբ հաղթահարելով արյան ու կրակի սարսափազդու տեսարանների վերածված Սասունի թուրք և քուրդ ջարդարարներով լեցուն բնակավայրերը, դժվարանցանելի լեռներով ու ձորերով տեղափոխվում են Դաշտի գյուղերը: Անխուսափելի ջարդերից մազապուրծ եղած բազմահազար լեռնականների փրկության գործում, անտարակույս, անգնահատելի էր սեբաստացի ռազմիկի ծառայությունը: Ժողովրդին Մշո դաշտի գյուղերում տեղաբաշխելուց հետո Մուրադը, համաձայն ինքնապաշտպանության ռազմական խորհրդի որոշման, մի փոքրիկ խմբով, որի կազմում էին Քեռին և Աղբյուր Սերոբի մարտական ընկեր Զուլումաթը, վիրավոր Սեպուհին թողնում են Ախլաթում, կտրելով Վանա լիճը՝ անցնում Վան, որտեղից զենք ու զինամթերք պիտի հասցնեին Սասունի լեռներում իրենց վերադարձին անհամբերությամբ սպասող ֆիդայիներին:

Մուրադի խմբի հայտնվելը զարմանք է հարուցում Վանի գործիչներին: Այդ օրերին Սասունի դժոխքից կենդանի ազատվելը նրանց հրաշք է թվում:

«Մուրատը և Քեռին,- գրում է Դաշնակցության Վանի կենտրոնական կոմիտեի անդամ Վահան Փափազյանը (Կոմս),- բերած էին նամակներ Հրայրեն և Վահանեն: Նկարագրեցին Տարոնի ծանր և օրհասական կացությունը ու ռազմամթերքի պակասը, խնդրելով տալ ինչ-որ կրնանք: Անմիջապես զատեցինք ամենաընտիր մեր սակավաթիվ հրացաններեն, կարծեմ 40 հատ, 10 մաուզեր ատրճանակ ու 12.000 հրացանի և մաուզերի փամփուշտ, ռումբեր…

Այդքանը միայն կրնայինք տալ այդ ատեն»:

Նույն օրը, գիշերով, Մուրադը յոթ-ութ զինակիցներով, զենքի ու զինամթերքի փոքրիկ պաշարը բեռնած առագաստանավին, մեկնում է Դատվան և այնտեղից անցնելով լեռներով՝ ուղևորվում Սասուն…

♦♦♦

Անգնահատելի է ու չափազանց արգասաբեր նրա գործունեությունը 1905-1906թթ. Հարավային Կովկասում բռնկված հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, երբ նա, առաջնորդելով Զանգեզուրի հայության ինքնապաշտպանական ուժերը, ջախջախիչ պարտության մատնեց հայկական բնակավայրերը ավեր և մահ սփռող մահմեդական հրոսակախմբերին: Եվ բնավ պատահական չէ, որ Հայոց Ազատամարտում նա իրավամբ վաստակեց նաև Զանգեզուրի հերոս անունը:

Առաջին աշխարհամարտի տարիներին Սեբաստիայի շրջաններում նրա մղած բազմաթիվ հերոսամարտերն ու անօրինակ անցումը ամբողջ Սեբաստիայի տարածքով մինչև Սև ծով, ապա նաև Բաթում, հիրավի անհավատալի թվացող իրական լեգենդ է:

Սեբաստացի անզուգական ռազմիկի ռազմագիտական տաղանդը և գործը մինչև հաղթական վախճանը հասցնելու անխորտակ կամքն ու ոգին առավել ցայտուն դրսևորվեցին հատկապես հայության ամենաբախտորոշ և օրհասական ժամանակահատվածում, 1916-18թթ. ռուս-թուրքական ռազմաճակատում ընթացող մարտական գործողությունների ժամանակ: Ռուսական զորքերի կողմից Կովկասյան ռազմաճակատը լքելու հետևանքով արդեն Մեծ եղեռնի ահավոր սարսափներն ապրած հայությանը վիճակված էր մեն-մենակ գոտեմարտելու թուրքական կանոնավոր զորամասերի և քրդական բազմահազար զինյալ հրոսակախմբերի դեմ:

Առաջնորդվելով «մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսով՝ Մուրադը ստույգ մահվանից փրկել ու հավաքել է քրդերի մոտ գերության մեջ գտնվող հարյուրավոր երեխաների, կանանց ու աղջիկների:

Այդ նույն ժամանակահատվածում առաջնորդելով հայ կամավորական մարտախմբերը, նա մեծ աշխատանք է ծավալել Երզնկայի, ապա նաև Էրզրումի ու Սարիղամիշի ռազմաճակատը մարտական ուժերով համալրելու, ջարդերից փրկված հայության վերջին բեկորները հավաքելու ուղղությամբ: Ռազմաճակատում ընթացող կռիվների ժամանակ, գրեթե մշտապես գործելով մարտադաշտի ամենաշիկացած և պատասխանատու հատվածներում, նրա հրամանատարությամբ մարտնչող մարտախմբերն իրենց աննկուն գործողություններով կարողանում են անխուսափելի կործանումից փրկել հազարավոր հայերի, որոնք Արևմտահայաստանը թշնամու կողմից բռնազավթելու պատճառով հարկադրված լքել էին իրենց բնակավայրերը ու բռնել գաղթի դժվարագույն և դաժան ուղին:

Սեբաստացի Մուրադի գիտակցական կյանքի և գոյության գերխնդիրն ու դավանանքը հարազատ ժողովրդի ազատագրության սրբազան գործին անմնացորդ ծառայելն էր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կյանքը հայրենիքի ազատագրական պայքարին զոհաբերելու պատրաստակամությունը: Նա իր որդեգրած դավանանքին հարազատ մնաց մինչև վերջ. հայրենիքից հեռու քաջաբար մարտնչելով Բաքվի Կոմունայի շարքերում ընդդեմ թուրք զավթիչների՝ հերոսաբար կնքեց իր մահկանացուն…

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Ճակատագրեր, Պատմության էջերից


14/11/2019