ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿԻՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի կանանց խաղաղապահ դասակը ստեղծվել է 2017թ. պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության ծրագրի շրջանակներում:
Ներկայումս կանանց խաղաղապահ դասակի զինծառայողները հայկական խաղաղապահ զորախմբի կազմում ներգրավված են ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժեր» (Կոսովո, KFOR), «Վճռական աջակցություն» (Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, Resolute support), ինչպես նաև Լիբանանի Հանրապետությունում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելություններում:
Շուրջ երկու տարի գործող այս դասակը խաղաղապահ տարբեր առաքելություններում արդեն կարևոր դերակատարում ունի։ Ըստ ջոկի հրամանատար, սերժանտ Ազատ Սարգսյանի՝ աղջիկների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է։ Այդ են վկայում տարբեր առաքելություններում նրանց գրանցած հաջողությունները։
Խաղաղապահների դասակի ձևավորման գրեթե սկզբից այստեղ ծառայել է շարքային Սոնա Խալաթյանը։ 22-ամյա Սոնան մանկուց է երազել հայտնվել զինված ուժերում, զինվորական համազգեստ կրել և պաշտպանել հայրենիքի սահմանները։ Այս երազանքի իրականացման ճանապարհին նրան մշտապես ոգեշնչել է Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կերպարը։
Սոնայի որոշմանը սկզբում ընտանիքի անդամները դեմ են եղել, բայց տեսնելով աղջկա անկոտրում կամքն ու վճռականությունը, վերջիվերջո տեղի են տվել։ Այժմ ծնողները հպարտանում են դստեր հաջողություններով և ավելի մեծ բարձունքների սպասում Սոնայի ընտրած դժվարին ճանապարհի խաչմերուկներում։
Դասակի մեկ այլ շարքային՝ Ռիմա Իսրայելյանն էլ նոր է տեղափոխվել խաղաղապահ բրիգադ։ Շուրջ մեկ տարի եղել է ՀՕՊ զորքերում, ավելի ակտիվ ծառայության ակնկալիքով տեղափոխվել խաղաղապահ զորքեր։ Ասում է՝ սպասումները մեծ են, անելիքները՝ շատ։ Դեռ շատ բան ունի սովորելու խաղաղապահի կոչումը վաստակելու համար։
Ռիմային էլ զինվորական կյանքը մանկուց է գրավել։ Մայրն էլ երեք դուստրերին հայրենասիրական ոգով է դաստիարակել. արդյունքում՝ երեքն էլ զինվորական են դարձել։
Ծառայության դժվարությունները լավ է պատկերացնում՝ նշելով, որ պատրաստ է ցանկացած խոչընդոտ հաղթահարելու, միայն թե իր սիրած գործով զբաղվի։
«Ես երջանիկ եմ զգում այստեղ և հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ եմ կատարելու ռազմական ցանկացած խնդիր։ Ինձ համար հայրենիքին ծառայելը մեծ պատիվ է»,- ասում է շարքային Իսրայելյանը։
ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ
Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում