Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է «ԻՍԿԱՆԴԵՐՆԵՐԻ» ԱՌԱՋԻՆ ԲՐԻԳԱԴԸ



Ռուսաստանի զինված ուժերի կազմում կազմավորվել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների առաջին բրիգադը: Այն մտնում է արևմտյան զինվորական օկրուգի կազմի մեջ: Ներկայումս բրիգադը Լենինգրադյան շրջանի հրաձգարաններից մեկում մասնակցում է տակտիկական զորավարժության:

Հեռանկարում «Իսկանդերը» պետք է փոխարինի դեռ 1970-ական թթ. սպառազինության կանգնած և արդեն հնացած «Точка» տակտիկական հրթիռային համալիրին: Վերջինիս հետ համեմատած «Իսկանդերը» զգալի առավելություններ ունի բոլոր ցուցանիշներով` կրակի հեռավորություն և ճշգրտություն, մարտական մասի ծավալ, զինամթերքի քանակ, տեղաշարժման արագություն և այլն:

«Իսկանդերները» նախատեսված են զորախմբերի, հրամանատարական կետերի, ավիացիայի կառավարման կենտրոնների, հրթիռային և հրետանային կրակային դիրքերի ոչնչացման համար: Հրթիռի մարտական մասը կարող է ունենալ ինչպես սովորական, այնպես էլ ատոմային մարտագլխիկ: Համալիրի կրակի հեռավորությունը 400-500 կմ է, արտահանվող տարբերակինը` 280 կմ:

Օգոստոսին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին զորքերը կստանան 120 «Իսկանդեր» համալիրներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


20/10/2011