ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ
Ասում են, թե օտար մի բռնակալ ավերելով ու ավարելով իր շուրջը՝ գալիս հասնում է Կեչառիս գյուղին:
-Ի՜նչ լավ վանքեր ունի,- ասում է բռնակալը, երբ տեսնում է այս գյուղի վեհաշուք եկեղեցիները:
-Ես լսել եմ, որ այս վանքերին տեղացիները քույր ու եղբայր են համարում,- ասում է նրա զորավարներից մեկը:
-Հա՜,- մռնչում է բռնակալը: -Դե, որ այդպես է, հրամայում եմ քարե շղթաներ պատրաստել ու կապել իրար քրոջն ու եղբորը, որպեսզի նրանք բանտարկված լինեն, և հայերը չկարողանան մոտենալ և միայն հեռվից նայեն նրանց ու մղկտան:
Այդպես էլ անում են: Քարե շղթայի ծայրը մի վանքից բերում, միացնում են մյուսին: Դրանից հետո Կեչառիս գյուղը կոչվում է Ժնջրլու (շղթայված կամ շղթայակիր), մինչև որ հայերը հանում են քարե շղթաները և ծաղկաշատ բնակավայրը անվանում են Ծաղկաձոր:
♦♦♦
Այստեղ ժամանակին երկու մեծահարուստ եղբայրներ ունեցել են խաղողի սեփական այգիներ: Նրանց մոտ բանվորություն են արել մերձակայքում ապրող չքավոր գաղթականները: Չկարողանալով ապրուստի միջոց հայթայթել իրենց կատարած այդ աշխատանքով, գաղթականները օրավարձով աշխատել են նաև Երևանի կաշվի արհեստանոցում և գինու գործարանում: Երեկոները հոգնած տուն դառնալիս նրանք տնքալով ասել են. «Չար է, չար է մեր բախտը»: Դրանից էլ գյուղի անունը մնացել է Չարբախ:
♦♦♦
Երբ այստեղով տանելիս են եղել Սուրբ Հովհաննեսի դիակը, գյուղացիները խնդրել են, որ նրա մարմնից մի մաս տրվի իրենց: Վերցնելով սրբի աջ ձեռքը՝ գյուղացիները եկեղեցի են կառուցում և աջը դնում են մեջը: Դրանից հետո գյուղի անունը կոչվում է Մաստարա՝ սրբի անունից մի մաս ստանալու պատվին, իսկ եկեղեցին՝ ուր ամփոփվում է սրբի աջը, կոչվում է Սուրբ Հովհաննես:
♦♦♦
Այստեղ ժամանակին ճակատամարտ է տեղի ունեցել Արա Գեղեցիկի և Շամիրամի միջև: Արան ընկնում է պատերազմի դաշտում: Եվ քանի որ բացի Շամիրամից ուրիշ ոչ ոք չէր ճանաչում Արային, դիակները բերում են նրա մոտ, որ զննի: Ամեն անգամ դիակը Շամիրամին ցույց տալիս զինվորներն ասում են. «Ա՛ռ, զննի՛ր»: Դրանից հետո այդ վայրը կոչվում է Արզնի:
♦♦♦
Ասում են, թե Հայոց Արտավազդ թագավորը հռոմեական զորքերից իր գանձերը փրկելու համար հրամայում է դրանք թաքցնել Բաղաց աշխարհի լեռներից մեկի մեջ: Գանձերը պահպանելու համար նույն լեռան վրա կառուցվում է մի ամուր բերդ: Սրա պատերի տակ հռոմեական զորքերի և մի խումբ հայ քաջերի միջև տեղի է ունենում արյունահեղ կռիվ: Թշնամիները գրավում են բերդը, ավերում այն, բայց գանձերը չեն գտնում: Դրանից հետո ուրիշ շատ նվաճողներ էլ են գալիս այստեղ, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվում գտնել գանձերը: Եվ սարի անունը գանձերի պատճառով մնում է Գանձասար:
Հետագայում բարձրադիր այս վայրում Հասան-Ջալալ իշխանը կառուցում է վեհաշուք վանական համալիրը, որի գլխավոր տեսարժան վայրը Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է՝ հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Հոգևոր-մշակութային