ՊԱՏՄԱՀՈՐ ԿՅԱՆՔԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
…Յուրաքանչյուր մարդ յուրովի է կրում իրեն բաժնեգրված ճակատագիրը: Մանավանդ, եթե նա մտավոր բարձր զարգացման տեր անհատականություն է, իր հեռատեսությամբ, խորաթափանցությամբ, շրջապատող աշխարհն ու մարդուն ընկալելու աստվածատուր շնորհով մի քանի գլուխ վեր է կանգնած իր ապրած ժամանակից ու ժամանակակիցներից: Պարզապես հանճարեղ է: Հանճարները սեփական ճակատագրի վայրիվերումներին, երբեմն նաեւ անողոք մտրակահարմանը պատասխանում են յուրովի, մեկը մյուսի հետեւից անմահ ստեղծագործություններ են պարգեւում մարդկությանը՝ այդ կերպ հատուցելով անձնական կյանքի դժվարություններին ու չհասկացողների, բամբասողների, նախանձողների հալածանքին: Նրանց հոգեւոր կյանքի հաղթանակը, պատահում է, սկսվում է ոչ թե ֆիզիկական գոյության տարիներին, այլ դրանից շատ ու շատ հետո: Այս խոհերն են ահա ինձ ուղեկցում ամեն անգամ, երբ միտքս անցած դարերի միջով տեղաշարժվում, գնում-հասնում է հայ մատենագրության ոսկեդար՝ Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Մովսես Խորենացի, Եղիշե, Ղազար Փարպեցի, Եզնիկ Կողբացի… Անունների այս աստղաբույլի մեջ ոչ մեկը, երեւի, չի կրել Մովսես Խորենացու ճակատագիրը: Համենայն դեպս, այդ աստիճան եւ այդչափ չի հալածվել ժամանակի հոգեւորականների կողմից, չի արժանացել պարսավանքի ու նախանձողների բանադրմանը: Հայոց քերթողահորն Աստված ընձեռել էր լայն տեսադաշտ, բարձրագույն կրթություն, անցած, մոռացված ժամանակների խորքը չափելու եւ հմուտ հնագետի նման այնտեղից հայոց ասքն ու զրույցը, պատմագիտական նյութերը պեղել-հանելու եւ այդ ամենը ճշգրիտ ժամանակագրությամբ մեզ հասցնելու համար: Ի՞նչ վաստակեց «Հայոց պատմությունը» հունական եւ ասորական հնագույն մատյաններից, ցաքուցրիվ տեղեկություններից, նաեւ ժողովրդի անգիր զրույցներից քաղած, գրառած, գիտականորեն ժամանակագրած, նուրբ ու հեռատես վերլուծության ենթարկած պատմահայրն իր կյանքի օրերին եւ դրանից դար ու դարեր անց, երբ գիտնականները բուռն ու երկարատեւ վիճաբանություններով փորձում էին Մովսես Խորենացուն կտրել իր ապրած ժամանակից եւ «տեղավորել» 5-10-րդ դարերի սահմանագծում: Նաեւ կասկածում էին նրա պատմության ճշմարտացիությանը:
Ի՞նչ էր դա… Մարդուն նսեմացնելու համար նրա աճյունը դարից դար տեղափոխելու խելահեղ ձգտո՞ւմ էր, թե՞ նորօրյա գիտնականները, մեծ մասամբ օտարազգի, նաեւ՝ հայ, պարզապես կուրացել էին «Հայոց պատմության» լուսարձակումից, եւ նրանց կարծիքով, ուրեմն, հնարավոր չէր, որ փոքրաքանակ մի ժողովուրդ, առավել եւս, մի անհատ 5-րդ դարում այդպիսի հանրագիտարանային կոթող արարած լիներ: Հնարավոր չէր, ու վերջ…
Եվ ուրեմն՝ նրանց կարծիքով՝ կարելի էր Խորենացուն ազատորեն դարից դար տեղափոխել, նույնիսկ կասկածել նրա հեղինակային իրավունքի վրա, «Հայոց պատմությանը» կցված նրա հռչակավոր «Ողբը» համարել ուրիշի ստեղծագործություն, նրա անունով մեզ հասած փոքրաթիվ շարականներն իսկական հեղինակին չվերագրել եւ այլն, եւ այլն: Ժամանակն ու պատմությունը, իհարկե, ապացուցեցին այդ տեսակետների սնանկությունը, բայց թե դա մի իսկական պատերազմ էր՝ հոգու պատերազմ՝ նրա մահից 100-ամյակներ անց շարունակվող: Այդ պատերազմն առկա էր նաեւ նրա կենդանության ժամանակ: Ես երկար եմ մտածել պատերազմների, դրանց ծագման ու ավարտի, այն միլիոնավոր զոհերի մասին, ովքեր անմիջականորեն մարդկությանը պարբերաբար ուղեկցող այդ արհավիրքի կրողն են: Առաջ՝ հնում, Խորենացու ապրած ժամանակ, երբ մահաբեր զենքը նետն ու աղեղն էին, նիզակն ու տեգը, սուրն ու սուսերը, կռիվների, ճակատամարտերի պահերին առաջին գիծ էր մղվում զինվորի ֆիզիկական պատրաստվածությունը, նրա ուժը, ճարպկությունը, եւ, ինչու չէ, նաեւ ասպետականությունը: Դրանք յուրօրինակ մարմնական պատերազմներ էին, որոնց մասին շատ է գրել ու խոսել նաեւ ինքը՝ պատմահայրը: Ահա, օրինակ, Հայկի ու Բելի հանրահայտ պատմությունից մի փոքրիկ հատված, որ վերաբերում է հայերի նախահոր ֆիզիկական բարեմասնություններին: «Այս Հայկը, ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ եւ երեւելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, ովքեր ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների եւ դյուցազունների վրա տիրապետելու»:
Կարդում ենք այս հատվածը եւ անմիջապես մտածում, որ այսպիսի բարեմասնությունների տեր հսկան չի կարող պարտվել, նա պարզապես չունի այդ իրավունքը, թեկուզ իր հետ մարտնչողը Բելի նման մի հզոր ախոյան է: Ուրեմն՝ մարմնական ուժն առաջին հերթին: Հետաքրքիր է, որ Հայկ նահապետի աղեղից արձակած նետը ոչ միայն մահաբեր է Բելի համար, այլեւ դուրս գալով վերջինիս մարմնից՝ կիսով չափ խրվում է հողի մեջ: Այդ աղեղը Հայկից բացի ուրիշ ոչ ոք չի կարող գործածել, նույնիսկ նրա Արամանյակ, Կադմոս որդիները, ովքեր եւս գերմարդկային ուժի տեր հսկաներ են:
Սա՝ մարմնական պատերազմը, սա՝ մարմնական պատերազմի նկարագրությունը: Այսպիսի ճակատամարտերի մասին նշանավոր շատ էջեր են թողել հնաշխարհի եւ միջնադարի մատենագիրները: Բայց ահա, ինչ-որ տեղ հանիրավի, մոռացվել է հոգեկան, ներանձնական պատերազմների առկայությունը մարդկանց, առանձին անհատների մեջ: Եթե աշխարհի հզորների՝ զորք ու զորավարով, ռազմավարական հազարումի միջոցներով մղած հաղթական կռիվների, նաեւ պարտությունների մասին շատ է գրվել ու խոսվել,, ապա դեռեւս կարգին ուսումնասիրված չէ անհատի ու միջավայրի, նաեւ նույն անհատի էության մեջ եղող հոգեկան ներքին պատերազմների պատմությունը, եւ նրանք՝ այդ անհատները, կարելի է ասել, մահու եւ կենաց կռիվ են մղում իրենք իրենց ու շրջապատի դեմ՝ ինքնահաստատման, այս արեւի տակ տեղ ունենալու, ինքնաբացահայտվելու ճանապարհին: Այդ ճանապարհը, պատահել է, հաղթանակի դեպքում բարձրացրել է մարդուն, եւ, ընդհակառակը, պարտության ժամանակ կործանել: Դա մարդկային նախանձի, բանսարկության, անբարոյականության եւ այլեւայլ արատների դեմ կռիվ է մշտնջենական, առանձին անհատի՝ իր մեջ սատանային հաղթելու կամ նրան վերջնականորեն կուլ գնալու վայրիվերումների մեջ: Դա նաեւ պատմություն է՝ իրական, ճշմարտացի պատմություն, ոչ պակաս կենսական ու կարեւոր արքաների արշավանքներից, երկիրը միախմբելու համար նրանց թափած ջանքերից: Քանի-քանիսը չկարողանալով հաղթանակել, հասարակության մեջ տեղ չեն գտել իրենց համար, քանի-քանիսն են հալածվել, բանադրվել, հոգեբանորեն ընկճվել: Այդ նույնն ուղեկցել է նաեւ հայոց Քերթողահորը, նրան դառնություններ պարգեւել հանիրավի՝ հոգեբանորեն ընկղմել կյանքի հատակը, եւ միայն իր հանճարի շնորհիվ է, որ, այն էլ առաջացած տարիքում, նրան փոքրիշատե ընդունել են ժամանակի հոգեւորականները:
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Պատմության էջերից