ՄԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
«Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է: Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին: Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք»,- Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են:
…Նրանք հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, զինվորական պարտքն անմնացորդ նվիրումով կատարելու գիտակցությամբ մեկնեցին մարտի դաշտ` մտքում ունենալով մի բան` պետք է վերադառնալ հաղթանակած: Գնդապետ Ռոլանդ Քելեշյանը մեկն էր նրանցից: Նա ծնվել է 1950թ. Գյումրի քաղաքում, ավարտել է Դոնի-Ռոստովի ժողտնտեսության ինստիտուտը, հետագայում նաև բարձրագույն հրամանատարական ռազմական ակադեմիան: Վերադառնալով Երևան, երկար տարիներ աշխատել է ավտոդողերի գործարանում:
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Ռոլանդը` քաջակորով մուսալեռցի Սարգիս պապի թոռը, առանց վարանելու զինվորագրվեց ազատագրական պայքարին: Շենգավիթի կամավորականներից էր ստեղծվել մարտական ջոկատը` 1988թ. նոյեմբերին: Օրակարգային էր հայրենի երկրի ազատության խնդիրը: Օժտված լինելով առաջնորդի հատկանիշներով՝ Ռոլանդ Քելեշյանը ընտրվում է ջոկատի հրամանատար: Առաջին մարտական հերթապահությունները սկսվել են Վայքի շրջանի Նոր Ազնաբերդ գյուղում: Մարտական հերթապահությունը անցկացվում էր մշտական ռեժիմով. ջոկատի ազատամարտիկները միմյանց տաս օրը մեկ փոխելով հսկում էին գյուղի սահմանները ազնաբերդցի տղաների հետ միասին, որոնք իրենց հրամանատար Վաչիկ Կարապետյանի գլխավորությամբ համալրել էին ջոկատի կազմը:
…1990 թվականին, Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ, նա իր ջոկատով հերթական անգամ պետք է մեկներ Վայք, երբ տեղի ունեցան երկաթուղային կայարանի հայտնի դեպքերը: Այդ օրը վեց հոգի զոհվեցին ջոկատի մարտիկներից՝ սադրանքի, դավադրության զոհ դարձած անմեղ տղաներ: Երկաթուղային կայարանի մուտքի մոտ նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթող կա. հրամանատարի ու մարտական ընկերների ուժերով է կանգնեցվել:
Ծանր էր կորստի ցավը: Սակայն ոչ մի սադրանք չէր կարող ընկճել ջոկատի մարտիկների կամքն ու ոգին, նրանց շեղել ազատագրական պայքարի ուղուց: Ջոկատը անվանվեց հերոս տղերքի անունների հապավումով «Մ.Է.Գ.Վ.Ա.Խ.»: Ու ձգվեց քաջարի տղաների մարտական երթի ճանապարհը: 1990թ. հունիսին նրանք արդեն Վայքի պաշտպանական դիրքերում էին, եկել էին օգնության: Հերթապահում էին` կասեցնելով ազերի օմոնականների հարձակումները, օգնում Ադրբեջանից բռնագաղթված փախստակններին` տեղավորվելու գյուղերում: Հետո Կոռնիձոր, Տավուշ, Նոյեմբերյան, դարձյալ` Վայք:
…Ստանալով հերթական մարտական առաջադրանքը, ջոկատը մեկնում է Կոռնիձոր, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվում Բերդաձոր` ենթաշրջանի բնակավայրերի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով: Խոշոր ռազմական հենակետի վերածված Լիսագորից թուրքերը օր ու գիշեր գնդակոծում էին ենթաշրջանի գյուղերը, հատկապես Կիրովը, որտեղ ինքնապաշտպանական ուժերի շտաբն էր տեղակայված: Տղաներն այդտեղ մնացին շուրջ մեկ ամիս:
…Սաֆոնովյան ռեժիմի օրերն էին, հայտնի «Կոլցո» օպերացիան: Ենթաշրջանի գյուղերում հաճախ էին կատարվում խուզարկություններ Հայաստանից եկած հայ «ծայրահեղականներին» հայտնաբերելու ու ձերբակալելու համար: Սակայն ամեն անգամ տղաներին հաջողվում էր խուսափել սաֆոնովյան հանձնակատարների հետապնդումից. պատսպարվում էին անտառներում: Եղել է դեպք, երբ հրաշքով փրկվել են. օգնել է լեռներից իջած նոյեմբերյան թանձր մառախուղը:
1991թ. Պաշտպանության պետական կոմիտեն Ռոլանդ Քելեշյանին նշանակում է Վայքի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչ: Այդ օրերին թուրքերի սադրանքներն ու ոտնձգությունները հաճախակի էին դարձել: Անհրաժեշտ էր համապատասխան միջոցներ ձեռնարկել սահմանների պաշտպանվածությունն ապահովելու ուղղությամբ: Տղաները պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցումով էին կատարում իրենց պարտականությունները: Այդ ժամանակ առաջին անգամ մարտական գործողություն իրականացվեց Ադրբեջանի Քելբաջարի շրջանի Ալուգյոլլարի տարածքում «Մ.Է.Գ.Վ.Ա.Խ.», «Մալաթիա», ինչպես նաև տեղի ջոկատների մասնակցությամբ:
Ջոկատում կռվում էին նաև Ռոլանդի որդիները` 15-ամյա Արմանը և 14-ամյա Արթուրը, հրամանատարի հարազատ եղբայրները` Ռոմիկը, Ժանը և նրա որդի Արմենը: Ռոմիկը նաև ջոկատի փոխհրամանատարն էր, իսկ հետագայում արդեն ԵԿՄ Շենգավիթի շրջանի ղեկավարը, այժմ ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահն է:
1992թ. արդեն «Արծիվ-14» կամավորական գումարտակի կազմում Լաչինի միջանցքի համար մղվող թեժ մարտերից մեկում վիրավորվում է Ռոմիկը: Ռոլանդի աչքերի առջև արնաքամ էր լինում եղբայրը: Սակայն բժիշկներն արեցին ամեն ինչ և փրկեցին խիզախ ազատամարտիկին:
Ազատամարտի օրերի հուշերը, թվում է, վերջ չունեն, իրենց հրամանատարի` խառնվածքով զուսպ մարդու մասին շարունակ պատմում են մարտական ընկերները` Գևորգը, Լևոնը, Հմայակը, Հարությունը…
1993-ի հունվարին Լաչինում էին: Իրադարձությունն անսխալ գնահատելու համար անհրաժեշտ էին ճշգրիտ տեղեկություններ հակառակորդի ռազմական հենակետերի տեղակայման մասին: Եվ ջոկատի մարտիկների ութ հոգանոց խումբը, անցնելով թշնամու թիկունք, կատարում էր հետախուզություն… Հրամանատարի հետ, մարտական առաջադրանքը կատարած, հետ էին գալիս, երբ անսպասելիորեն հայտնվեցին ծուղակում: Սակայն խուճապի չմատնվեցին. նրանց հաջողվեց ճեղքել թշնամու օղակը և դուրս գալ շրջափակումից:
1993թ. գարնանը ջոկատը համալրվելով ևս մի քանի մարտական ջոկատներով , ստացավ «Արծիվ-28» անվանումը և մեկնեց Արցախ: Մեծ է «Արծիվ-28» ջոկատի հրամանատարի ավանդը Մարտակերտի շրջանի Մեծ շեն, Մաղավուզ, Հակոբ Կամարի, Մատաղիս, Չայլու գյուղերի ազատագրման գործում: Ապրիլ ամսին Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ թշնամու արձակած արկից Ռոլանդը վիրավորվեց ձեռքից և ստացավ ծանր ցնցակաթված: Ապաքինվելուց հետո, նույն թվականի օգոստոսից «Արծիվ-28» գումարտակը, Ռ. Քելեշյանի հրամանատարությամբ մասնակցեց Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի պաշտպանական մարտական գործողություններին:
Ռ. Քելեշյանը նաեւ Օմարի լեռնանցքի մարտական գործողությունների ղեկավարներից էր, իսկ առաջինը Օմարի լեռնանցքի գագաթին մեր եռագույնը ծածանել է նրա ջոկատի ազատամարտիկ Արակադի Մանգասարյան:
…Ռոլանդը հրադադարից հետո եղել է բրիգադի հրամանտարի տեղակալ, այնուհետև դարձել գնդի հրամանատար, ապա` փոխնախարարի աշխատակազմի ղեկավար, զբաղեցրել է բազմաթիվ զինվորական պաշտոններ ՀՀ ԶՈՒ կազմում, հետագայում նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետն էր:
…Գնդապետը երախտագիտությամբ էր հիշում իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած զինակիցներին` Դերենիկին, Մանվելին, Գարիկին, Մովսեսին (Մոսո), այն քաջարի տղաներին, որոնք հայրենի հողի կանչով գալիս էին համլրելու ստորաբաժանումների շարքերը: Վարժանքների ժամանակ նաև ինքն է նրանց զենք բռնել ու դիպուկ կրակել սովորեցրել, նրանց հետ նետվել մարտի ու վերստին համոզվել, որ հրամանատարը պետք է հասկանա ու գնահատի զինվորին, ամենից առաջ գնահատի նրա արիությունը…
Ջոկատի ամենատարեց մարտիկը 67-ամյա Խաչիկ Նազարեթյանն էր, որի մեկ որդին զոհվել էր, իսկ մյուսը ծանր վիրավորվել Արցախյան ազատամարտում: Ու պատմում էր հրամանատարը, թե ինչպես էր նա տղաների հետ գրոհի նետվում` գոտեպնդելով նրանց հաղթանակի հավատով:
Ջոկատի ազատամարտիկներից էր նաեւ երջանկահիշատակ հայտնի երգահան Աշոտ Բեգոյանը (գուսան Տոտիկը): Ի դեպ, նրա որոշ երգեր գրվում էին հենց խրամատներում, որոնցից է «Ախպերս ու ես» երգը, որը նվիրված է Ռոլանդին և նրա եղբայրներին` Ռոմիկին և Ժանին: Այդ երգը հետագայում մեծ տարածում գտավ Հայոց բանակում՝ որպես քայլերգ, իսկ հանրահայտ «Եռաբլուր» երգը գրվել է Ռոլանդի հետ հերթական անգամ «Եռաբլուր» պանթեոնում ամփոփված մարտական ընկերներին այցելելուց հետո…
Անգնահատելի են Ռոլանդ Քելեշյանի մատուցած ծառայությունները հայրենիքին: Հրամանատարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Արիության», «Մարտական ծառայության», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, անվանական զենքով, պատվոգրերով:
Պատերազմը մինչև վերջ պատվով անցած սիրելի հրամանատարը ցավոք այսօր մեր շարքերում չէ և հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, սակայն մենք չենք մոռանում նրա նվիրումը փառքով պսակված ազգային բանակի ամրապնդման ու հզորացման ճանապարհին:
ՌՈՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահ
Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Ճակատագրեր, Պատմության էջերից