Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹՈՂԸ ՄԵ՛ՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ



ՀԱՂԹՈՂԸ ՄԵ՛ՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔՆյութիս հերոսների անունները, բնականաբար, հորինված են: Նրանցից յուրաքանչյուրն անսովոր ուղի է անցել ու անցնում: Իրենց «հատուկ» գործի մեջ հմուտ ու սառնասիրտ մարտիկներ են, բայց էությամբ մարդասեր են ու վեհանձն:

 

«Անահիտը»

 

Անահիտը հետախույզ-դիպուկահար է: Նրա մասնագիտությունը հատուկ ֆիզիկական տվյալներ ու հոգեկերտվածք է պահանջում, և, իհարկե, եզակի են այն որպես կյանքի ուղի ընտրող մարդիկ:

Ձգտումն այս մասնագիտության հանդեպ իր նախապատմությունն ունի: 90-ականներն էին, դեռ երեխա էր: Պատահաբար դիտել է վավերագրական կադրեր, որոնք ցնցել են ութամյա աղջկան: Ադրբեջանցիների նկարահանած կադրերն էին. ցույց էին տալիս, թե ինչպես են տանջելով սպանում խաղաղ հայ բնակիչներին… Մարդկության հանդեպ ոճիրի տեսարաննե՞րն էին ավելի ազդել աղջնակի վրա, թե՞ այն, որ հանցագործները հպարտանում էին իրենց վայրագությամբ… Ականջը սրած լսում էր մեծերի խոսակցությունները, թե՝ չեն խնայում ո՛չ հղի կանանց, ո՛չ երեխաներին:

-Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ այդ պատկերը…,- ասում է, ու գեղեցիկ աչքերը սառչում են:- Անմիջապես ինձ հեռացրին հեռուստացույցից, բայց այն, ինչ հասցրել էի տեսնել… փորձում էի տեղավորել փոքրիկ ուղեղումս, որ մարդն, ուրեմն, ունակ է մեկ այլ մարդու հանդեպ այդքան դաժան լինել… Վախենում էի. բա որ հանկարծ թշնամին մեր տուն մտնի, ի՞նչ կանեն հարազատներիս… Այսպես իմ մեջ արթնացավ մերձավորիս պաշտպանելու բնազդը:

Երկար տարիներ անցան, փոքրիկ աղջիկը մեծացավ: Աշխատում էր որպես հաշվապահ, համակարգչային օպերատոր, բայց մտովի միշտ բանակում էր: Հմտանում էր ձեռնամարտում, դիպուկ կրակել էր սովորում: Շատ էր ուզում զինվորագրվել, սակայն դեռ աղջիկներին չէին թույլատրում:

-Երբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սկսվեց նաև աղջիկների ընդունելությունը, ոգևորությանս չափ ու սահման չկար, ծնողներիս ասացի` դիմելու եմ: Կտրականապես արգելեցին: Մի շատ լավ զինվորական բարեկամ ունենք, եկավ ծնողներիս համոզելու: Առաջարկեց մի հաստիք, որը վտանգ չի ենթադրում: Ինձ էլ դա էր պետք՝ ոտատեղ անել: 4 տարի ծառայեցի այդ զորամասում: Մարտական զորամաս չէր, բայց ապրիլյան քառօրյայի ժամանակ «Հավաք» ազդանշանով բոլորս զորանոցում էինք, սպասում էինք մեր ելքի հրամանին: Պատրաստ էի: Գիտեի, որ կարող է՝ հետ չգամ, բայց անհամբեր էի. ուզում էի անպայման գնալ: Ու… չեղավ հրաման:

Հիմա արդեն այլ զորամասում է, իր երազած մասնագիտության մեջ է հմտանում: 

-Հետախույզը գիտի, որ գործողությունից հետո վերադառնալու հավանականությունը միշտ 50/50 է: Պարապմունքները թեժ, խիստ պայմաններում են անցնում: Հոգեբանական արգելագոտու հաղթահարում, տասնյակ կիլոմետրեր ձգվող երթարշավներ` լեռներով, ձորերով, ճահիճներով, գետերի հունն ի վեր, լեռնագնացություն, պարաշյուտային թռիչքներ. ինչ դժվարություն, բնական արգելք կարելի է պատկերացնել, բոլորով անցել եմ: Բարդ է այս ամենը, բայց ի՛մն է:

Անահիտը գեղեցիկ է, կանացի, հատկապես աչքերն են տպավորիչ` գրավիչ, վառ, սևորակ, որոնցում անասելի մեծ վճռականություն ու հաստատակամություն կա: Աղջկան ոչ բնորոշ ամուր ու համառ խառնվածքն արտահայտված է ձիգ կեցվածքի ու վստահ շարժուձևի մեջ:

-Շատ եմ սիրում էքստրիմ: Որքան ինձ հիշում եմ, կարծես հատուկ, միշտ վտանգին ընդառաջ եմ գնացել: Երբ դեռ փոքր էի, ամեն ամառ գնում էինք տատիկիս տուն` Դիլիջան: Անպայման ընտրում էի ամենաբարձր ու ամենաթեք ժայռն ու փորձում հասնել գագաթին: Հաճախ ընկնում էի, մինչև հիմա մարմնիս վրա սպիներ կան: Դժվարություն հաղթահարելն ինձ համար սկզբունքի հարց է:

-Կին և տղամարդ դիպուկահարների միջև տարբերություն կա՞:

-Կա. աղջիկներն առավել սառնասիրտ են: Կրակելիս չեն երկմտում: Իմ դեպքում անարդարության հանդեպ զայրույթս է ինձ այդպիսին դարձնում: Մարտական առաջադրանք կատարելիս գլխումդ ոչ մի այլ միտք չպետք է լինի. պիտի խփես ու վե՛րջ: Մի բան պետք է հիշես՝ վերացնում ես հակառակորդիդ, որն ինքն է պատրաստ վերացնելու քեզ, քո ընկերոջը… Քո թաքստոցում դու պաշտպանում ես նաև թիկունքում գտնվող յուրայինիդ: Երբ դիտարկելով տեսնում ես, որ մեկը նշան է բռնել զինակցիդ վրա, պետք է ճիշտ ժամանակին խափանես նրա մտադրությունը: Դիպուկահար լինելը հո միայն կրակելը չի՞.  դու այդ պահին պաշտպանն ես զորքիդ, մարտական ընկերներիդ: Խմբով գործողության դուրս գալիս բոլորս պետք է 100 տոկոսով վստահենք միմյանց. իրար թիկունք ենք պահում:

…Ավելի շատ զորամասում ենք, քան տանը: Շատ եմ կապված ընկերներիս հետ: Եղբայր ու քույր ենք, հաճախ էլ` երկու եղբայր,- ուրախ ծիծաղում է, հետո լուրջ ավելացնում,- բանակում աղջկավարի լինելը քեզ միայն կխանգարի: Միայն անցագրային կետից դուրս գալուց հետո կարող ես քեզ կին զգալ:

-Պարապմունքների ընթացքում ի՞նչն է հատկապես ուղղորդում քեզ:

-Զորավարժարանում ինձ միշտ թվում է, թե մարտադաշտում եմ: Պետք է տիրապետես մասնագիտությանդ բոլոր նրբություններին և պատրաստ լինես ամեն գնով տապալելու թշնամուն:

-Ֆիզիկականից զատ, ի՞նչ որակների պետք է տիրապետի հետախույզը:

-Նախ և առաջ` շատ համբերատար պետք է լինել, նպատակասլաց: Վախ, կասկած չունենալ:

-Դիպուկահարների դպրոցում կոնկրետ գործողությունների փորձ ձեռք բերո՞ւմ  եք:

-Անպայմա՛ն, ամեն ինչ էլ լինում է: Բայց այդ մասին ոչինչ չեմ ասելու: Ռազմական գաղտնիք է: Մեր մասին որքան քիչ տեղեկություն լինի` այնքան լավ:

-Ձեր մասնագիտական կարևորագույն հատկանիշներից մեկն էլ, ուրեմն, գաղտնապահությունն է:

-Հիմնական հատկանիշներից է:

-Երբ գիտես, որ վտանգին ընդառաջ ես գնում, ի՞նչ պետք է անես:

-Առաջնահերթ ճիշտ կլինի լավ քողարկվելու հնարները դիտարկել, որ չհայտնաբերվես ու կարողանաս հակառակորդին ոչնչացնել: Պետք է ձուլվես բնապատկերին: Լավ քողարկումը մեր գործի երկու ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, մյուսը՝ դիպուկ կրակն է: Պետք է գնաս, գործդ անես ու վերադառնաս: Վերադառնաս, որովհետև դու պետք ես հայրենիքիդ, հայրենիքդ էլ՝ քեզ: Հակառակորդի հետ մրցելու նման մի բան է ստացվում. նա այնպես է անում, որ չհայտնաբերվի ու քեզ ոչնչացնի, դու էլ` որ ինքդ չհայտնաբերվես ու իրեն ոչնչացնես,- նուրբ ժպտում է, բայց այդ ժպիտի մեջ ազարտ կա:

-Նման համակարգչային խաղերին: Բայց շատ լուրջ` կյանքի գին ունեցող խաղ:

-Այո՛, խաղ, որտեղ «մակարդակներ» չկան, և «կյանքը» մեկն է: Բայց, եթե կյանքդ զոհելով՝ օգուտ կտաս մնացածին, մարտական ընկերներիդ` հաստատ արժի՛ խաղալ…

-Տնեցիք ինչպե՞ս են վերաբերվում մասնագիտությանդ:

-…Երբևէ չեմ խոսել այս թեմայով: Հիմա էլ մայրս չգիտի` կոնկրետ ի՞նչ բնույթի ծառայություն է: Չեմ ասել:

 

«Տիգրանն» ու «Դավիթը»

ՀԱՂԹՈՂԸ ՄԵ՛ՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ

Երբ հետախույզ այս տղաներին ներկայացնում էին նրանց լավ ճանաչողները, ասում էին` անսովոր մարդիկ են, հազվագյուտ մասնագետներ, մեկը մյուսից լավը: Հետախույզ լինելը կոչում է, ասում են, իսկ նրանք հենց հոգով-սրտով-մտքով հետախույզներից են` անմնացորդ նվիրված մեր ազգին:

Դժվար է Դավիթին համոզելը, որ զրուցենք. գործնականորեն անցուդարձ է անում, կատակներով փորձում խուսափել: Հաղթանդամ, արագաշարժ, ու երևում է` տեղը հանգիստ նստողներից չէ: Վերջապես համաձայնում է՝ «Կանչեցին. պիտի գնամ զորավարժարան, կգամ՝ կխոսենք»:

Մինչև Դավթի գալը Տիգրանը՝ ակնարկիս մյուս հերոսը, հանում, խնամքով կախում է զրահաբաճկոնը, որի բոլոր գրպանները լիքն են հետախույզին անհրաժեշտ պարագաներով: Երբ խոսում է, բառերը հատ-հատ շարում է իրենց տեղերում. խոսքը ծանրակշիռ է ու հիմնավորված:

-Կարելի՞ է քաշը ստուգեմ,- մոտենում եմ զրահաբաճկոնին,- գլխով է անում, հետն էլ ասում. «Խորհուրդ չէի տա, իհարկե»,- ու ժպտում է:

Մի կերպ եմ կտրում կախիչից ու արագ տեղը դնում:

-Քանի՞ կիլոգրամ կլինի:

-Չգիտեմ, չեմ կշռել,- պատասխանում է անփույթ: Քիչ առաջ զորավարժարանում այս քաշի տակ թեթևությամբ զինվորների հետ վարժություններ էին կատարում: Բացի հետախույզ լինելուց, տղաներն այս զորամասում նաև հրահանգիչներ են:

Նստում ենք սեղանի շուրջ, ու Տիգրանն սկսում է իր պատմությունը:

-Մեր խումբը յուրահատուկ է. երեք մագիստրոս ունենք. երկուսը պատմագետ են, գերազանցությամբ են ավարտել մագիստրատուրան: Ես այս նույն զորամասում որպես զինվոր եմ ծառայել, հետո Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն եմ ընդունվել: Ավարտել եմ ԳԱԱ մագիստրատուրան` իրավագիտության գծով: Բայց զինվորականի հատկապես այս մասնագիտությունն ինձ միշտ ավելի է ձգել: Վերադարձա զինված ուժեր ավագ սերժանտի կոչմամբ` որպես ջոկի հրամանատար,  ու մինչև հիմա զորքերում եմ:

-Ո՞րն է քեզ այդպես ձգող ուժը:

-Նախ` զինվորական հորս հետքերով գնացի: Բացի այդ, միշտ մտածել եմ, որ մենք զինվորականների կարիք շատ ունենք: Նաև ինձ շատ մոտ են բանակային հոգեվիճակն ու արժեհամակարգը, հատկապես հետախուզական ստորաբաժանումներում: Հետախույզը պետք է նվիրված լինի գաղափարին` ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես անում, ո՞ւմ ես կյանքդ վստահում, պատրա՞ստ ես ուրիշի` քեզ վստահված կյանքը պաշտպանելու: Հետախույզի գործը զորամասում չէ. սահմանի մյուս կողմում է: Այս ամենն ինձ շատ հարազատ է:

-Մի յուրահատուկ դեպք կհիշե՞ս, իհարկե, առանց մանրամասներ նշելու:

Այդ պահին ներս է մտնում Դավիթն ու դեռ շեմից միանում զրույցին.

-Պատժիչ գործողություններից մեկի հաջող ավարտից հետո հապշտապ սկսեցինք իրար զննել` հո ծակված տեղեր չունե՞նք մարմնի վրա: Գուցե դեռ տաք ենք, չե՞նք զգում, որ վիրավոր ենք: Հակառակորդը թվով շատ էր, գործողությունից հետո գնդակների տարափ էր տեղացել մեր ուղղությամբ, բայց…  Միշտ իրար հետ ենք,- ուրախ տոնով փոխում է թեման,- Հա…, էդպես է` ուտել-խմելուց էլ, մեռնելուց էլ միասին ենք:

-Դո՞ւ ինչպես որոշեցիր հետախույզ դառնալ,- դիմում եմ Դավթին:

Ծնունդով Արցախյան պատերազմի շունչը լիուլի ապրած Նոյեմբերյանից է: Փոքր երեխա էր, երբ հայրը ծանր հիվանդացավ: Ծնողները Ռուսաստան մեկնեցին, փորձում էին հոր կյանքը փրկել:

-Մեզ այդ ընթացքում մորաքույրս էր խնամում,- պատմում է Դավիթը:- Մորաքույրս մոր պես էր մեզ համար, շատ էինք կապված: 1990թ. դեկտեմբերի 29-ն էր:  Մինչև այդ, սարից սար էին կրակում՝ մեր դիրքերի կողմը: Նոր տարվա նախաշեմին կրակն ուղղեցին քաղաքի վրա: Մի արկ ընկավ գերեզմանատան վերևը, մյուսը՝ ձախ կողմը, հետո արդեն ուղիղ քաղաքի կենտրոնն էլ ապահով չէր: Այն ժամանակ անփորձ էր մեր ժողովուրդը, չգիտեինք` ի՞նչ պետք է անել: Մարդիկ այս ու այն կողմ էին վազում: Մորաքույրս այդ օրը ընկերուհու հետ տունդարձի ճանապարհին էր, երկուսն էլ… Հաջորդ օրը մատանուց ճանաչեցի մորաքրոջս… Հետո պատերազմը մեզ համար դարձավ առօրյա: Մեր դպրոցում անվնաս պատուհան չկար, պատերն ամբողջովին ծակծկված էին բեկորներից: Շուտով արդեն, երբ կրակոցի ձայնը լսում էինք, տարբերում էինք զինատեսակը, գիտեինք՝ որ ուղղությամբ կգնա, որ թաղամասում կընկնի արկը: Հաճախ հանգիստ կանգնում էինք, չէինք էլ թաքնվում… Զինվորական դառնալու հիմնական պատճառը այդ իրադարձություններն էին:

ՀԱՂԹՈՂԸ ՄԵ՛ՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ-Թշնամու թիկունք անցնելու շեմը ինչպե՞ս եք հաղթահարում,- վերադառնում եմ ընդմիջված թեմային:

-Սահմանը հատելիս ամեն մի մետրն, իհարկե, ռիսկի հետ է կապված,- բացատրում է Տիգրանը:-  Ու դրա հետ մեկտեղ` հարկավոր է հնարավորինս շատ ճշգրիտ ու օգտակար տեղեկություններ հայթայթել զորային խմբերի հետագա գործողությունների համար: Ամեն չպայթած ականը, ամեն հաղթահարած շեմը քեզ նոր զգացողություններ է տալիս:

-Այդ ամենը հսկայական ադրենալինի աղբյուր է, որի պակասը քաղաքացիական կյանքում զգում ես,- հավելում է Դավիթը:- Ես, օրինակ, եթե հիմա ծառայությունս ինչ-որ քաղաքացիական մասնագիտությամբ փոխարինեմ, իմ տեղը չեմ գտնի: Կարծում եմ, մեր խմբից յուրաքանչյուրի մասին նույնը կարելի է ասել:

-Իսկ առաջին գործողությանն ինչպե՞ս եք պատրաստվում:

-Երբ խմբեր ենք նախապատրաստում գործողության մեկնելու համար,- բացատրում է Տիգրանը,- ասում եմ. «Կարևորը՝ անվտանգության կանոնները պահպանելն է, ուշադրությունն ու զգուշությունը: Երբ սակրավորն իր գործն է անում՝ ճանապարհ է հարթում ձեզ համար, ձեր առաջնահերթ խնդիրը նրա թիկունքն ապահովելն է: Նախ և առաջ, պետք է անձայն գործել: Իսկ եթե հակառակորդը նկատել է, ու, Աստված մի արասցե, վիրավորներ ունեք, պետք է սառնասիրտ գործել: Ընկերոջդ ողջ ու ապահով տեղ հասցնելու համար չպետք է տրվես հույզերին, այլ գործես սառը դատողությամբ»:

Տղաներից յուրաքանչյուրն ընտանիք ունի, երկուական աղջիկ:

Տիգրանը ապրիլյան քառօրյային Թալիշում էր. գյուղը ադրբեջանական հատուկջոկատայիններից մաքրելու գործողությանն է մասնակցել: Հետ է եկել, ծնվել է երկրորդ աղջիկը…

-Հիմա շատ են խոսում խաղաղասիրությունից: Իհարկե, ոչ մի լավ բան չկա պատերազմի մեջ, կյանքեր են խեղվում…,- Տիգրանը մտովի հեռուներում է:- Որքան էլ գործողությունը հաջող անցնի, մտածում ես` այսօր ինչ-որ մեկի հայրը չգնաց տուն ու էլ երբեք չի վերադառնալու… Ես հենց վաղը պատրաստ եմ ցած դնել զենքս ու աշխատել միջազգային իրավագիտության ոլորտում, իհարկե` ռազմական ուղղվածությամբ: Դավիթն էլ հաստատ մի լավ գործ կգտնի: Մեր բոլոր տղաները կիրթ, խելացի, գործունյա մարդիկ են:

Բայց հարցն այն է` պատրա՞ստ է արդյոք հակառակորդը խաղաղության: Պարտադրված այս պատերազմում հաղթողը մե՛նք պետք է լինենք:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.`  ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/11/2019