ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑՈՒՄ
2016թ. սկզբին «Հայրենասեր» հասարակական կազմակերպության հիմնադիրներ, ամուսիններ Ստեփան Սարգսյանի եւ Նելլի-Շուշի Մարտիրոսյանի օժանդակությամբ սկսվեց Քաշաթաղի Հերիկ գյուղի դպրոցի նոր շենքի կառուցումը: Ապրիլյան պատերազմի օրերին, չնայած գյուղից շատերը, նաև՝ շինարարներ, մեկնեցին առաջնագիծ, այնուամենայնիվ դպրոցը կառուցվեց և հանձնվեց շահագործման: Այդ գործում իրենց ներդրումն ունեցան նաև դպրոցի աշակերտները: Ստեփան Սարգսյանի և Նելլի-Շուշի Մարտիրոսյանի առաջարկով դպրոցը կոչվեց Ապրիլյան քառօրյայի ժամանակ քաջաբար զոհված Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի անունով: Այժմ հերոսի անվան հիմնական դպրոցում սովորում է 22 աշակերտ, որոնց նախաձեռնությամբ էլ հերոսի ծննդյան օրը՝ նոյեմբերի 16-ին, նշվեց նրա 23-րդ տարեդարձը: Միջոցառումն սկսվեց Դավիթ Ամալյանի «Պատիվ ունեմ» երգի հնչյունների ներքո: Ներկաները մոմեր վառեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմահ հերոսների հիշատակը: Այնուհետև աշակերտները կատարեցին հայրենասիրական երգեր: Հատկապես հուզիչ էին տարրական դասարանների աշակերտների ելույթները, որոնց միացել էին նաև նախադպրոցական տարիքի երեխաները: Իրենց տաղանդով փայլեցին Գրիգորյան քույր ու եղբայրները՝ Գոհարը, Գոռը, Գարիկը և Էռնեստը, որոնք արտասանեցին իրենց մայրիկի գրած բանաստեղծությունները, այնուհետև կատարեցին երգ՝ նվիրված ապրիլյան հերոսներին: Աշակերտները նաև ներկայացրին թիվ 116 մարտական հենակետում տեղի ունեցած հերոսական դրվագը, որի ընթացքում անմահացան Ռոբերտը և իր զինակից ընկերները: Թշնամու հետ անհավասար մարտից հետո զոհվել էին դիրքի հրամանատար Արմենակ Ուրֆանյանը, շարքային Քյարամ Սլոյանը, Ռոբերտի ձեռքերում արյունաքամ լինելով զոհվել էր գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանը, և չնայած լարված վիճակին՝ Ռոբերտը շարունակել էր կապ պահել հրամանտարների հետ՝ տեղեկացնելով թշնամու ուժերի բաշխման ու տեղակայման մասին։ Նախքան կհասնեին օգնության ու դիրքը կազատեին թշնամու զինվորներից, Ռոբերտն այլևս չկար. իր վերջին նռնակով պայթեցրել էր իրեն ու մոտեցող թշնամիներին…
Միջոցառումն ավարտվեց Ռուբեն Իշխանյանի՝ Աբաջյանին նվիրված «Զինվորիս…» երգով: Վերջում համառոտ ելույթ ունեցավ դպրոցի տնօրենը՝ ցանկանալով, որ Աբաջյանի անունը կրող դպրոցի աշակերտները նույնպես դառնան հերոսներ, բայց ոչ թե պատերազմի, այլ` խաղաղ աշխատանքի…
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Բանակ և հասարակություն