Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆԸ ԽԱԲԵԲԱՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼ Է 1,1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ



Վերջին 10 տարիներին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 1,1 տրիլիոն դոլար է վճարել ընկերությունների, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել խաբեբայություններում: Այդ մասին են վկայում սենատոր Բերնի Սանդերսի պահանջով պատրաստված հետազոտության արդյունքները:

Նշված միջոցներն ստացել են ամերիկյան ռազմարդյունաբերական ոլորտի 37 ընկերություններ, որոնց հետ ուղղակի պայմանագրեր են կնքվել, այդ թվում Boeing-ը, Lockheed Martin-ը և Northrop Grumman-ը: Սակայն ռազմական պատվերների անմիջական իրականացմանը մասնակցել են ավելի քան 300 ընկերություններ:

Հետազոտության համաձայն` 431 միլիարդ դոլար փոխանցվել է արդեն այն բանից հետո, երբ ընկերությունները կարողացել են կարգավորել խաբեբայության մեղադրանքներ առաջադրող դատական գործերը կամ տուգանք վճարել:

Օրենքը շրջանցող սխեմաներ, այդ թվում փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվությունների կեղծում, աշխատանքների արժեքի բարձրացում և այլն, հայտնաբերվել են ռազմական պատվեր իրականացնող գրեթե բոլոր ընկերություններում: Շատերի դեմ դատական վարույթներ են հարուցվել, նշանակվել են տուգանքներ, սակայն խաբեբայությունների իրական չափսերը միայն հիմա են ջրի երես ելնում:

Օրինակ` Boeing-ը CH-47D ուղղաթիռների վրա խոտանված պահեստամասեր է տեղադրել, սակայն կարողացել է արդարանալ դատարանում և չզրկվել հետագա պատվերներից` 10 տարիների ընթացքում ստանալով 21 միլիարդ դոլար: Lockheed Martin-ը չարդարացված բարձր գին է ներկայացրել իր արտադրանքի համար, սակայն տարբեր պայմանագրերով Պենտագոնից ստացել է 200 միլիարդ դոլար: Northrop Grumman-ը կեղծ հայտեր է ներկայացրել ապրանքներ մատակարարելու վերաբերյալ, կոծկել է ձեռնարկության գործունեության մասին իրական տվյալները: Վերջին տարիներին ստացել է 9 միլիարդ դոլար:
Եվ սա դեռ ամբողջ ցանկը չէ:

Խորագիր՝ Նորություններ


24/10/2011