ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻՆ
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Ռ. Արզումանյանը, մասնավորապես, ներկայացրել է զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակները, անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ծրագրերը: Նրա տեղեկացրել, որ բարեգործական ծրագրի վերջին փուլի ընթացքում արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել ևս 3000 հատ առաջին բուժօգնության փաթեթներ, 5000 հատ բժշկական պայուսակներ, իսկ մինչև տարեվերջ կմատակարարվեն 6 դաշտային սանիտարահիգիենիկ մոդուլներ:
Շնորհակալություն հայտնելով Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի արդյունավետ գործունեության համար և ընդգծելով դրա հումանիտար բնույթը՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հիմնադրամի գործունեության փոխկապակցվածությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հետ: Երկուստեք ընդգծվել է հիմնադրամի համահայկական նշանակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ ծրագրերի իրականացման հնարավորություններ: