ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Գոյապայքարի տարիներին, երբ Արցախի և արցախահայության լինել-չլինելու հարցն էր դրված, ամենազոր ժամանակը ծնեց բնատուր շնորհքով, տաղանդով օժտված հրամանատարների և ազատամարտի նվիրյալների փառավոր սերունդ, որոնց համար գերնպատակ դարձավ հայրենիքի պաշտպանությունը:
Մենք այսօր փաստում ենք, որ նրանք իրենց գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեցին հայրենասիրությանը, արդարությանը, ազնվությանը, նվիրվածությանը՝ դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և որ ամենակարևորն է՝ իրենց անձնական օրինակով ուղենիշ դարձան բոլորիս համար:
Արցախյան ազատամարտում անուրանալի է Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար Ավոյի դերակատարությունը: Այդ պայքարը նրա համար դարձավ ոգու բարձրագույն թռիչք, սխրանքների, հերոսության ասպարեզ, որտեղ հաստատեց այն պարզ ճշմարտությունը, որ մարդն իր ուժը ստանում է մայր հողից և այդ հողին էլ պետք է նվիրաբերի ոգին ու բազկի ուժը:
Շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին Հայաստանի և Արցախի ազգային հերոս` Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ:
Փառք ու պատիվ քեզ, հերո´ս Մոնթե, ծնունդդ շնորհավոր…
Խորագիր՝ Նորություններ