ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՑԱԾՐ Է ՀԱՄԱՐԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՋՈՆ ՄԱՔՔԵՅՆԻՆ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի հայտարարությունները նշել է, որ վերջինիս արտահայտություններում բանականությունը գնալով նվազում է:
Մաքքեյնը ասել էր, որ Մուամար Քադաֆիի մահը առիթ է, որ բռնապետերը սկսեն նյարդայնանալ: Նա բռնապետերի շարքին է դասել նաև Ռուսաստանի վարչապետին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչպես նաև Չինաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների` չնշելով նրանց անունները:
Դմիտրի Պեսկովը արժանապատվությունից ցածր է համարել պատասխանել BBC-ի ուղիղ եթերում հնչած արտահայտություններին` հավելելով, որ 75-ամյա սենատորը հավանաբար խիստ հոգնել է:
Նշենք, որ ավելի ուշ Ջոն Մաքքեյնը հայտարարել է Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին: