ԶԻՆՈՒԺԻ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հավանաբար քչերը գիտեն, որ մեր բանակն ունի կայացած ու կայուն հրշեջ ծառայության համակարգ, որի գերխնդիրը զորամասերում և պաշտպանական բոլոր օղակներում հրդեհների կանխարգելումն է: Հենց այդ նպատակով յուրաքանչյուր տարի, համաձայն ուսումնական պլանի, հրշեջ-փրկարարները մասնակցում են տեսական ու գործնական պարապունքների՝ մասնագիտական գիտելիքները զարգացնելու ու գործնականում դրանք կիրառելու համար: Ամենամյա հավաք-խորհրդակցությանն այս անգամ ներգրավված էին արտահաստիքային հրշեջ խմբերը:
Ներկայացնելով հավաքի նպատակներն ու խնդիրները` ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Մազմանյանը կարևորեց բանակում նման միջոցառումների պարբերական անցկացումը, քանի որ դրանք նպաստում են հակահրդեհային պաշտպանության մակարդակի բարձրացմանը:
Մինչև հիմնական խնդիրների կատարումը՝ հրշեջ-փրկարարները նախ դասախոսությունների են մասնակցել, որոնց արդյունքում ձեռք են բերել ոլորտին վերաբերող նոր գիտելիքներ և անհրաժեշտ տեղեկատվություն: Այնուհետև հրդեհային առումով անվտանգ տեղանքում, իրականացվեց հրդեհի նմանակում, որից հետո հրշեջները հրդեհաշիջման առաջնային միջոցներով մարեցին կրակը: Գործնական պարապմունքները ընթացան մի քանի փուլով և իրականացվեցին հետևյալ աշխատանքները.
♦ հրդեհի օջախի հետախուզում. պարզելու համար հրդեհի պատճառ դարձած նյութի տեսակը,
♦ բաց տարածքում առաջացած հրդեհի վրա գործող քամու ուղղության որոշում, քանի որ հրդեհը մարվում է քամու ուղղությամբ,
♦ հրդեհաշիջման աշխատանքներ կրակմարիչներով,
♦ հրդեհի օջախը մարելուց հետո վերջնական հետախուզական աշխատանք:
Վարժանքի ընթացքում հրշեջները ցուցադրեցին մասնագիտական բարձր պատրաստվածություն և հրդեհի մարման գործողությունների գերազանց իմացություն:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Ազգային բանակ