Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՂԸ ՊԻՏԻ ՆՎԱՃԵՍ… ՍԻՐՈՎ



Լիլիթ Վարդանյանի ընտանիքը բնակվում է Քաշաթաղի Աղավնաձոր գյուղում։ Նա հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցում։ Հինգ ամիս առաջ տիկին Լիլիթի որդին՝ Գեւորգ Բայրամյանը, զորակոչվեց բանակ։ Գեւորգը հասցրել է շահել հրամանատարների հարգանքն ու ընկերների վստահությունը եւ ունի օրինակելի զինվորի համարում։

Արդեն տասներեք տարի է, ինչ իմ ընտանիքը բնակվում է Քաշաթաղում։ Երբ իմացա, որ Քաշաթաղի գյուղերին ուսուցիչներ են պետք, առանց երկար-բարակ մտածելու որոշում կայացրի։ Շատերը զարմանում էին, թե ինչպես եմ թողնում մայրաքաղաքային կենցաղն ու գնում բնակվելու նորակառույց գյուղում, որտեղ տարրական հարմարություններ չկան։ Շատերը պնդում էին, որ ես երբեք գյուղում չեմ ապրել, չեմ պատկերացնում, թե ինչ դժվարություններ են ինձ սպասում, ու որոշ ժամանակ հետո ստիպված վերադառնալու եմ Երեւան… Ես հիմա կարող եմ ասել, որ գիտակցաբար ինձ զրկել եմ մայրաքաղաքում ապրելու հարմարավետությունից ու գնացել եմ գյուղ, որ կրթեմ աշակերտներին, որ դպրոցը գործի, ու մարդիկ չլքեն իրենց ծննդավայրը, որ սահմանամերձ շենը ապրի, որ մի ընտանիք էլ ավելանա… Ես կարող եմ իմ արածը որպես սխրանք ներկայացնել, բայց… այդ դեպքում անկեղծ չեմ լինի։ Իրականում ես մեկնեցի Արցախ՝ փնտրելու այն ամենը, ինչ չկար մայրաքաղաքում. մարդկային անկեղծ փոխհարաբերություններ, սեր, ջերմություն, նվիրում, խանդավառություն։ Ես փախչում էի նյութապաշտությունից, քաղքենիությունից, նվիրական արժեքների առուվաճառքից։ Ուզում էի շնորհակալ գործ անել ու ինձ պիտանի զգալ, ուզում էի գեղեցիկ ապրել։ Գողթանիկ գյուղը մեզ դիմավորեց գրկաբաց, հյուրընկալ, ջերմությամբ։ Ոչ մի րոպե օտարություն չզգացի։ Գուցե դրախտային բնությո՞ւնն է ստիպում չաղավաղել մարդկային էության ու կյանքի բնատուր գեղեցկությունը, չգիտեմ։ Այստեղ Հայաստանի տարբեր մարզերից ու գյուղերից եկած մարդիկ նման են իրար, բարի են, անշահախնդիր, շռայլ, ազնիվ, արարող… Երեւանում չնչին հոգսից նեղսրտում էի, հուսահատվում, իսկ այստեղ հազար ու մի կենցաղային դժվարություն, հազար ու մի պակաս-պռատ կար, բայց չէի նեղվում, չէի վախենում, որովհետեւ միայնակ չէի, որովհետեւ մենք բոլորս միասին էինք։ Մեկիս հոգսը մյուսինն էր, թեւութիկունք էինք իրար։
Հողը հայրենիք է դառնում, երբ կապվում ես նրան, երբ քրտինք ես թափում այդ հողի վրա, երբ քո սիրով, քո սրտի ջերմությամբ ծաղկեցնում ես հողը։ Ու եթե ինձ հարցնես՝ հողի վրա քրտինք թափելը արյուն թափելու չափ կարեւոր է։ Զենքով, արյամբ ազատագրված հողը մի անգամ էլ պիտի սիրով «նվաճես», որ քոնը դառնա։ Հողի ուժը էդ սիրո մեջ, երկրի ուժը էդ սիրո մեջ է, սերը ամենաուժեղ զենքն է թշնամու դեմ։
***
Տասը տարի հայոց լեզու եւ գրականություն եմ դասավանդում Քաշաթաղի Աղավնաձոր գյուղում։ 2000 թվականին Գողթանիկից տեղափոխվեցինք Աղավնաձոր, որովհետեւ տեղի դպրոցում հայերենի մասնագետ չկար։ Աղավնաձորը մի փոքրիկ, ինքնատիպ, գողտրիկ աշխարհ է՝ փարթամ անտառի մեջ, վարար գետի հարեւանությամբ։ Յոթ-ութ ընտանիք ունի, բոլորն էլ նախկին երեւանցիներ են։ Նախքան Քաշաթաղ գալս ես դասավանդում էի Երեւանում, բայց միայն այստեղ զգացի ուսուցիչ լինելու պատիվն ու հպարտությունը։ Հասկացա՝ ի՞նչ է նշանակում սերունդ կրթել, նվիրվել աշակերտներին եւ վայելել նրանց սերը, հարգանքն ու երախտագիտությունը։ Ես երկու ուսուցիչ եմ ունեցել՝ Վարդան Աճեմյանն ու հայագետ Հովհաննես Բարսեղյանը։ Այս երկու մեծ հայերը ուսուցչի ու մտավորականի չափանիշ են ինձ համար։ Ես Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիայում սովորելու տարիներին բախտ եմ ունեցել լինելու Վարդան Աճեմյանի ուսանողուհին, շփվելու նրա հետ։ Նա որքան տաղանդավոր, նույնքան հասարակ էր, պարզ, անկեղծ։ Ազնվագույն մարդ էր, ուժեղ, արդարամիտ։ Անմնացորդ նվիրվում էր իր գործին՝ ինքն իրեն այրելով։ Իմ կարծիքով՝ ամենամեծ գործը, որ նա անում էր, ոչ թե դերասանի վարպետություն ուսուցանելն էր, այլ ուսանողներին մտավորական դարձնելը։ Մտավորական, այսինքն՝ հայրենասեր, զարգացած, սկզբունքային, առաքինի հայ։ Վարդան Աճեմյանը իր ժամանակի հերոսներից մեկն էր։ Նա սխրանք չէր գործել պատերազմի դաշտում, բայց իր գործով բարձրացնում էր հայրենիքը։
Այնքան հպարտ եմ, որ սովորել եմ մայր բուհի ամենահեղինակավոր ֆակուլտետում, լսել եմ մեծ հայագետների դասախոսությունները։ Նրանցից մեկն էլ Հովհաննես Բարսեղյանն էր։ Նա ոչ միայն մասնագիտություն էր սովորեցնում, այլեւ ուսանողին տոգորում էր ազգային մտածողությամբ, նրան կապում էր հայոց մշակույթին, դարձնում էր մտածող, նկարագիր ունեցող անհատ։ Միշտ ցանկացել եմ նմանվել իմ ուսուցիչներին։ Իհարկե, ես շատ հեռու եմ նրանց բարձունքից, բայց ցանկացել եմ նմանվել՝ իմ չափով, որքան կարող եմ։ Շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Ես բացահայտում եմ հայոց լեզվի եւ գրականության գեղեցկությունը իմ աշակերտների համար, մենք միասին վերապրում ենք, մտածում, վերլուծում, բանավիճում, փնտրում… Գրականությունը գիտելիք չէ, գրականությունն արվեստ է, բարոյականություն է, ճաշակ է։ Գրականությունը կրթում է մարդու միտքն ու հոգին, հղկում է բնավորությունը, ուղղորդում է մտածելակերպը, մղում է դեպի բարին, ազնիվը, գեղեցիկը, մարդուն դարձնում է նրբանկատ, զգայուն…
Ես շատ եմ սիրում աշակերտներիս։ Գյուղի երեխաները տարբերվում են իրենց քաղաքաբնակ հասակակիցներից. ավելի լսող են, հարգալից, աշխատասեր, սովորող։ Ես հպարտանալու տեղ ունեմ, սերունդ եմ կրթում՝ վաղվա Հայաստանի քաղաքացուն, պատասխանատու եմ նրանցից յուրաքանչյուրի վարքի, բնավորության, կերպարի համար։ Այդ պարտավորությունն ու պատասխանատվությունը ոչ թե վախեցնում, այլ ուժ են տալիս ինձ։ Չկա ավելի մեծ երջանկություն, երբ անշահախնդիր նվիրվում ես, երբ ինքդ գոհ ես քո արած գործից։ Երբ աշակերտներիդ երախտագիտությունն ամփոփվում է մի փունջ դաշտային ծաղիկների մեջ։
***
Ինձ համար ընտանիքի կատարելատիպը հորս ընտանիքն է։ Մայրս պարզապես ակնածանքով էր վերաբերվում հորս, պարծենում էր նրանով։ Հայրս հասարակ մարդ էր, համալսարաններ չէր ավարտել, բայց շատ կարդացած էր, իրազեկ, սուր միտք ուներ։ Նա վառ, գունեղ կերպար էր, ակտիվ, ըմբոստ, սկզբունքային։ Տասնյակ հարյուրավոր ընկերներ ուներ, որոնց առաջ մեր տան դուռը միշտ բաց էր, որոնք միշտ արժանանում էին մորս հարգանքին ու հոգածությանը։ Հայրս ընկերություն էր անում Պարույր Սեւակի, Ռուբեն Զարյանի հետ, երբեմն նրանք այցելում էին մեզ։ Մայրս ասես ծնվել էր ինձ ու հորս խնամելու համար, մենք նրա միակ հոգսն էինք, զբաղմունքը, կյանքի իմաստը։ Մայրս ոտից գլուխ նվիրում էր։ Նա այնքան մեղմ էր, քնքուշ, անաղմուկ, հարմարվող, հայրս մի ուրիշ ջերմությամբ, գորովանքով էր վերաբերվում մորս։ Նրանք լրացնում էին իրար՝ կազմելով գեղեցիկ ներդաշնակություն… Երեխային դաստիարակում են ոչ թե քարոզներն ու խրատները, այլ ընտանիքում տիրող բարքերը, արժեքները, չափանիշները։ Սիրո, փոխըմբռնման մթնոլորտում մեծացած երեխան դառնում է պայծառ, բարի, ուժեղ, ինքնավստահ։
Ես երկու երեխա ունեմ։ Տիգրանուհիս բնավորությամբ ուժեղ է, պրագմատիկ, հաստատակամ, Գեւորգս զգացմունքային է, խոցելի, նրբանկատ։ Երեխաներս սիրող ու նվիրված հայր ունեն։ Այդուհանդերձ, միշտ վախեցել եմ շրջապատի ազդեցությունից ու ջանացել եմ երեխաներիս հեռու պահել դրսի աշխարհից։ Քաշաթաղում այդ խնդիրը վերացավ։ Ընդհակառակը, ցանկանում էի, որ հատկապես որդիս ավելի շատ շփվի մեր գյուղի պարզ, շիտակ, աշխատասեր ու խիզախ մարդկանց հետ։ Նրանցից սովորի ազնվություն, արդար քրտինքով բարիք արարելու առաքինություն, հավատարմություն՝ հողին, մարդուն, երկրին, բարություն, շռայլություն, քաջություն։ Հողը զարմանալի ուժ ունի. մաքրագործում է մարդուն։ Տղաս դարձավ այնպիսին, ինչպիսին ցանկանում էի տեսնել նրան։ Գեւորգս իմ հենարանն էր։ Տակավին պատանի՝ հասուն տղամարդու պատասխանատվություն ուներ։ Ինձ օգնում էր տնային գործերում, մշակում էր այգին։ Դպրոցում սովորում էր բարձր գնահատականներով, բանաստեղծություններ էր գրում։ Արդարամիտ էր, պարտաճանաչ, սկզբունքային։
***
Մենք ապրում ենք մի հողի վրա, որը հերոսության ու սխրանքների թատերաբեմ է եղել ընդամենը երկու տասնամյակ առաջ։ Մեր բոլոր տների պատերին արկերի, փամփուշտների հետքեր կան։ Հայրենասիրությունը, քաջությունը, ինքնազոհությունը մեր շնչած օդի, մեր ապրած յուրաքանչյուր րոպեի մեջ է։ Մեր գյուղում յուրաքանչյուր տղամարդ ու կին սահմանապահ են, մեր գյուղը կենդանի վահան է հակառակորդի առաջ։ Այս հողի վրա յուրաքանչյուր տղա զինվոր է ծնվում։ 13 տարի ես նամակներ եմ ստանում բանակից. աշակերտներս են գրում։ Այդ նամակներում այնքան ուժ կա, այնքան կամք կա։ Սեր, կարոտ։ Երբեք աշակերտներիցս եւ ոչ մեկը չի դժգոհել բանակային վարքուբարքից, չի տրտնջացել։ Վերջին տարիներին ավելի հաճախ զանգում են, քան գրում։ Երեւի սահմանը, դիրքերը, վտանգը սիրելի մարդկանց հետ խոսելու ցանկություն են արթնացնում։ Նկարագրում են իրենց հենակետը, կացարանը, բնությունը, սահմանը։ Ես աշակերտներիցս հարցնում եմ հրամանատարների մասին։ Շատ եմ ուրախանում, երբ նրանք ակնածանքով են խոսում իրենց զինվորական հրամանատարների մասին։ Հրամանատարից շատ բան է կախված։ Կամա-ակամա՝ զինվորն ընդօրինակում է նրան։ Կիրթ, հարգալից հրամանատարի կողքին զինվորները չեն կարող բռի ու կոպիտ լինել։ Հոգատար, սրտացավ հրամանատարի զինվորները նույն կերպ են վերաբերվում միմյանց։
***
Հինգ ամիս առաջ տղայիս նույնպես զորակոչեցին։ Բանակ մեկնելուց 40 օր անց գնացի զորամաս՝ մասնակցելու տղայիս երդման արարողությանը։ Ես զարմացել էի, թե ընդամենը 40 օրվա ընթացքում Գեւորգս որքան է փոխվել։ Շատ կոկիկ էր, ձիգ։ Համազգեստը այնքան լավ էր նստում վրան։ Բայց էլի անընդհատ ուղղում էր հագուստը։ Ինքնավստահ էր, հավաք, եռանդուն։ Առաջին օրերի անվստահության հետքն էլ չէր մնացել։ Տուն դարձա հանգիստ խղճով ու բարձր տրամադրությամբ։ Երջանիկ եմ, որ որդիս օրինակելի զինվոր է դարձել։ Ջերմությամբ ու սիրով է խոսում ծառայակից ընկերների մասին։ Հարգում է հրամանատարներին։ Ես՝ որպես մայր, պատասխանատու եմ բանակի առաջ ու պարտավոր եմ արժանավոր զինվոր տալ հայրենիքին։ Ես մանկավարժ եմ, ու իմ պատասխանատվությունը բազմապատկվում է, քանի որ պարտավոր եմ աշակերտներիս նույնպես դաստիարակել։ Փոխարենը՝ վարձատրվում եմ ոչ միայն զավակիս, այլեւ յուրաքանչյուր աշակերտիս հաջողություններով։ Նրանցից յուրաքանչյուրի պատվոգիրը, զորամասից ուղարկված շնորհակալական նամակը համարում եմ իմ անձնական ձեռքբերումը։ Երբ անծանոթ համարից զանգ է գալիս, մտածում եմ՝ բանակից է, ու սիրտս թրթռում է։ Բանակից է՝ կա՛մ տղաս է, կա՛մ աշակերտներիցս որեւէ մեկը։ Ու հոգիս փառավորվում է, երբ լսափողի մեջ հնչում է զինվորի ամուր, ինքնավստահ ձայնը՝ լավ եմ, ամեն ինչ լավ է։ Դուք հանգիստ քնեք՝ մենք սահմանին ենք։

ԼԻԼԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #48 (863) 8.12.2010 – 15.12.2010, Բանակ և հասարակություն


16/12/2010