ԻՍՐԱՅԵԼՑԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՕԳՆԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Իսրայելի պաշտպանության բանակի (Ցախալ) մի շարք գեներալներ առաջարկել են իսրայելական բանտերից ավելի մեծ թվով պաղեստինցիների ազատել «Համաս» ծայրահեղական շարժման դեմ պայքարում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին աջակցելու նպատակով:
Ինչպես գրում է իսրայելական «Հաարեց»-ը, գեներալները առաջարկել են Հիլադ Շալիթի հետ փոխանակելու նպատակով ազատ արձակվող 1027 պաղեստինցի բանտարկյալներից բացի բաց թողնել նաև Աբասի ղեկավարած ՖԱԹՀ կուսակցության անդամներին: Նրանք անհրաժեշտ են համարել նաև Պաղեստինի ազգային ինքնավարության վերահսկողությանը հանձնել որոշ տարածքներ Հորդանան գետի արևմտյան ափին, ուր բնակվում են առավելապես պաղեստինցիներ: Այժմ այդ տարածքները խառը կարգավիճակ ունեն. քաղաքացիական վերահսկողությունն իրականացնում է Պաղեստինը, իսկ զինվորականը` Իսրայելը:
Գեներալների նախաձեռնությունը միանշանակ արձագանք չի գտել: Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ իսրայելցի մեկ գերված զինծառայողին հարյուրավոր պաղեստինցիներով փոխանակելու պրակտիկային պետք է վերջ դնել, քանի որ այն «Համասի» գրոհայիններին հրահրում է մարդկանց առևանգելու: Միևնույն ժամանակ Բարաքը նշել է, որ պայմանավորվածությունը, որի շրջանակներում ազատվել է Հիլադ Շալիթը, բոլորովին չի թուլացրել Իսրայելը, այլ նպաստել է բնակչության շրջանում համախմբվածության աճին:
Իսրայելի կառավարության մի շարք նախարարներ էլ պնդում են, որ Մահմուդ Աբասը արժանի է «պատժի» պաղեստինյան պետության անկախությունը 1967թ. սահմաններում ճանաչելու հայտը միակողմանիորեն ՄԱԿ ներկայացնելու համար:
Իսրայելի բանակի զինծառայող Հիլադ Շալիթը պաղեստինյան գերության մեջ էր 2006թ. հունիսից և ազատ է արձակվել այս տարվա հոկտեմբերին: Դրա դիմաց Իսրայելը պետք է ներում շնորհի 1027 պաղեստինցի բանտարկյալների, նրանցից 477-ին արդեն բաց են թողել, մյուսները ազատ կարձակվեն մոտ ժամանակներում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական