Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԿՓՈԽԱՆԱԿՎԻ 25 ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ



Իսրայելի իշխանությունները համաձայնվել են Կահիրեի բանտերից մեկում պահվող իսրայելցի ենթադրյալ լրտես Իլան Գրապելին փոխանակել իսրայելական բանտերում պահվող 25 եգիպտացիների հետ: ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի հետ համաձայնության գալու փաստը հաստատել է նաև Եգիպտոսը: Փոխանակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ:

Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող 27-ամյա Գրապելը ձերբակալվել է 2011թ. հունիսին իսրայելական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեղադրանքով: Եգիպտացիները պնդում են, որ նա նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ փետրվարյան ապստամբության ժամանակ մասնակցել է սադրիչ գործողությունների` երիտասարդներին հրահրելով զինվորականների հետ բախումների:

Իսրայելական կողմը չի ընդունում մեղադրանքները, իսկ Գրապելի հարազատները հայտնել են, որ նա աշխատել է Կահիրեում գործող ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունում:

Գրապելին ազատ արձակելու շուրջ ընթացող բանակցություններում գրանցված հաջողությունը շատերը պայմանավորում են երկու գործոնով: Նախ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրեց Սինայի թերակղզում օգոստոսին եգիպտացի 5 զինծառայողների սպանության առթիվ, բացի այդ, Եգիպտոսը միջնորդական հաջող գործունեություն ծավալեց իսրայելցի զինծառայող Հիլադ Շալիթին պաղեստինյան գերությունից ազատելու համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


25/10/2011