Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ



ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄՆոյեմբերի 22-ին Մոսկվայի ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում կայացավ 5-րդ միջգերատեսչական գիտագործնական համաժողովը, որը նվիրված էր ՌԴ պաշտպանության ոլորտում խնդիրների լուծման միջգերատեսչական տեղեկատվական փոխազդեցության համակարգին: Համաժողովին առաջին անգամ հրավիրված էին նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Ռուսաստանում ստեղծված պաշտպանական համակարգի խնդիրների լուծման արդյունավետ միջգերատեսչական տեղեկատվական փոխազդեցության համակարգին առնչվող հարցեր: Համաժողովի մասնակիցներին ներկայացվել են տարեցտարի ռազմավարական զորավարժություններում արդյունավետությունն ապացուցած տեղեկատվական համակարգի գործառույթներն ու գործիքակազմի առանձին բաղադրիչներ: Անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխանակման խնդիրներին:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄՌազմական գիտությունների թեկնածու, գնդապետ Արտակ Կոստանյանը Հայաստանը ներկայացնող աշխատանքային խմբի ղեկավարն էր: Նրա խոսքով` այս համաժողովը լավ հնարավորություն էր`  ծանոթանալու մեր տարածաշրջանում պաշտպանական գերատեսչությունների տեղեկատվական ղեկավարման  արդի համակարգերի զարգացման հեռանկարներին: «Համաժողովը նվիրված էր ՌԴ միասնական տեղեկատվական դաշտում կառավարման սկզբունքներով գործող կենտրոնի աշխատանքներին, որն իր մեջ ներառում է ամբողջ ՌԴ և հարակից պետությունների տարածքը: Մեր ուշադրությանը ներկայացվեց այն հսկողական գործիքակազմը, որով իրականացվում է զորքերի կառավարումը, մասնավորապես՝ տեղեկատվական դաշտի տեղեկությունների փոխանցման կարգը: Համակարգը կոչվում է «Ճգնաժամային արձագանքման կենտրոն», որն աշխատանքը կազմակերպում է հրամանատարին որոշումներ կայացնելու համար ելակետային ամբողջ տեղեկատվությամբ ապահովելու սկզբունքով: Նշանակվում է «հերթապահ գեներալ», որն էլ որոշումներ է կայացնում ցանկացած տարածաշրջանային մասշտաբի ճգնաժամային իրավիճակի, այդ թվում նաև` տարերային աղետների դեպքում ռազմական միջոցներ կամ ուժեր տրամադրելու վերաբերյալ: Ի դեպ, ՀՀ տարածքում տեղակայված ռազմաբազան ամբողջությամբ ընդգրկված է այդ համակարգում, և որպես ՀԱՊԿ անդամ պետություն` մենք ներկայումս ուսումնասիրում, վերլուծություններ ենք անում»:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄՀամաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել են ՌԴ տարբեր տարածաշրջանների՝ երկրի պաշտպանական խնդիրների լուծմանը նպաստող՝ տեղեկատվական ղեկավարման, այդ թվում նաև՝ ճգնաժամային իրավիճակներում տեղեկատվական հոսքերի կառավարման լավագույն փորձը ներկայացնող ցուցանմուշները:

ՀԱՊԿ երկրներն, իրենց հերթին, մասնակցություն են ցուցաբերել ցուցահանդեսին` ներկայացնելով երկու բաղադրիչից կազմված` հայրենական ռազմարդյունաբերության ցուցանմուշների ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում տվյալ երկրի ներդրումն արտացոլող տաղավարները: ՀՀ ԶՈՒ երկու տաղավարներում  ներկայացվել են նաև ցուցադրություններին նվիրված տեսաֆիլմեր, որոնք բարձր գնահատանքի են արժանացել ՀԱՊԿ դաշնակից երկրների ներկայացուցիչների կողմից:

Հայրենական ռազմարդյունաբերության առաջատարների արտադրանքի ցուցադրությունը կազմակերպած գնդապետ Կոստանյանը նշեց, որ տաղավարում ներկայացվել են հայրենական արտադրության ցուցանմուշներ, մասնավորապես` «Օրբիտ Ա» ՓԲԸ ընկերության արտադրած հետախույզի գիշերային տեսանելիության դիտակներ, պանկրատիկ օպտիկական նշանոցներ, լազերային քանոնով կոլիմատորներ, «Արագած» ՍՊԸ ջերմատեսիլ օբյեկտիվներ, գերմանիումի ոսպնյակներ, «Դ.Վ.Բ.-Կոնարկ» ՍՊԸ մետաղորսիչներ, «Էլեկտրոն» ԲԲԸ արտադրության  ականորսիչներ, ուսումնական ականներ, «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ ՀՕՊ ՄՋ-25 սանտիմետրային X և S տիրույթների ռադարներ (մակետներ), «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոն» ՍՊԸ արտադրած կոշտ բալիստիկ ներդիրներ: Այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացրել բարձրաստիճան սպաների, ՌԴ նախարարությունների և վարչությունների, մարզային գործադիր մարմինների և պետական հիմնարկների ներկայացուցիչների շրջանում:  Հետաքրքրության կենտրոնում են եղել ՀՀ արտադրության ջերմատեսիլ և հեռուստատեսային սարքավորումները: «Նման մասշտաբի միջոցառումներին մասնակցության փորձը ցույց է տալիս, որ բարձր տեխնոլոգիաների առումով մենք բնավ չենք զիջում առաջատար երկրներին, իսկ մասնավորապես օպտիկական սարքավորումների մասով՝ մեր արտադրանքը լիարժեք կերպով մրցունակ  է»,- ասաց գնդապետը:

Համաժողովի շրջանակում հատուկ ուշադրության արժանացավ նաև ցուցադրության մյուս բաժինը` ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի կազմակերպած «ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ.» թեմատիկ տաղավարը: Թանգարանի տնօրենի տեղակալ Լիլիա Առուշանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սա ՀԱՊԿ շրջանակներում առաջին մեծամասշտաբ ցուցադրությունն էր, որին մասնակցելը մեզ համար շատ կարևոր էր, հատկապես փորձի փոխանակման և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով»:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄՀայաստանի Հանրապետության պատմական բաժնի տաղավարում ներկայացվել են հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, հայազգի մարշալների և հերոսների մարտական ուղին և գործած սխրանքները, ինչպես նաև Հայկական ազգային դիվիզիաների անցած մարտական ուղին: «Պետք է նշել, որ ՀԱՊԿ և ՌԴ բարձրաստիճան սպաները` ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի գլխավորությամբ, մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ՀՀ տաղավարի թանգարանային նմուշներին,- ասաց Լիլիա Առուշանյանը,- Ս. Շոյգուին հետաքրքրեց հատկապես այն փաստը, որ 89-րդ  Հայկական Թամանյան Կարմրադրոշ դիվիզիան Կարմիր բանակի ազգային դիվիզիաներից միակն էր, որ մասնակցել է Բեռլինի գրավման գործողությանը»:

Տաղավարի «այցելուների» շրջանում մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև ծովակալ Ի.Ս. Իսակովի ուսադիրները, քանի որ, ինչպես հայտնի է, Խորհրդային Միության նավատորմի ընդամենը երեք ներկայացուցիչ են բարձրագույն այս կոչմանն արժանացել` Ս.Գ. Գորշկովը, Ն.Գ. Կուզնեցովը և մեր հայրենակիցը:

Ինչպես ընթացքում արձանագրել են մասնագետները, ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանը ներկայացրել է թանգարանային յուրօրինակ ցուցադրություն` բովանդակային ճիշտ շեշտադրումներով և ցուցանմուշների պատմական հագեցվածությամբ:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ«Հարկ է նշել նաև,- ասաց գնդապետ Կոստանյանը,- որ այս միջոցառումը շատ կարևոր էր ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական գիտության և ռազմարդյունաբերության հեռանկարային զարգացման միտումները տեղայնացնելու, ինչպես նաև միջթանգարանային նոր կապերի հաստատման, փորձի փոխանակման և նոր համատեղ համաժողովներ ու ցուցադրություններ կազմակերպելու տեսանկյունից: Նմանատիպ միջոցառումների շնորհիվ մեր պետությունը նաև իր ռազմարդյունաբերական ու գիտական ներուժով առավել ճանաչելի է դառնում դաշնակից պետությունների շրջանում: Առավել արդյունավետ ու անմիջական է դառնում նաև հայրենական գիտաշխատողների, ձեռներեցների և բարձրաստիճան սպաների միջև շփումն ու համագործակցությունը, իսկ գիտագործնական համաժողովում բարձրաձայնված տեսակետները թույլ են տալիս առկա խնդիրներին մոտենալու այլ դիտանկյունից և պայմաններ են ստեղծում հետագա բազմակողմ հետազոտությունների համար»:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ5-րդ միջգերատեսչական գիտագործնական համաժողովին ելույթներով հանդես են եկել մի շարք բանախոսներ: Մասնավորապես՝ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Մ. Միզինցևը ներկայացրել է ՌԴ պաշտպանության շրջանակներում 5 տարվա միջգերատեսչական համագործակցության համակարգի զարգացման արդյունքներն ու հեռանկարները: Տուլայի մարզպետ Ա. Դյումինն իր հերթին ներկայացրել է Տուլայի մարզի տարածաշրջանային կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքները: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Ա. Սիդորովը խոսել է ՀԱՊԿ «Ճգնաժամային արձագանքման կենտրոնի» և միջպետական տեղեկատվական համագործակցության համակարգի ՀԱՊԿ ձևաչափի ստեղծման հնարավորությունների մասին: Համաժողովում եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ  Ս. Շոյգուն, որը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին` կարևորելով ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակցությունը և նշելով, որ նրանց մասնակցության շնորհիվ համաժողովը միջգերատեսչական ձևաչափից միջպետականի վերածվեց:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (1318) 4.12.2019 - 10.12.2019, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


06/12/2019