ՊԱՅՔԱՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ, հակառակ գերատեսչական ենթակայության բոլոր նախադպրոցական հաստատությունները տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեկշռին փոխանցելու վերաբերյալ նախագահ Մեդվեդևի կարգադրության, տեղական իշխանությունները հրաժարվում են իրենց հաշվեկշռին վերցնել ՊՆ ենթակայության 491 մանկապարտեզից 104-ը` պատճառաբանելով նորոգման ու պահպանման համար անհրաժեշտ միջոցների բացակայությունը:
Առայսօր ՊՆ ենթակայությունից հանվել է 136 մանկապարտեզ, իսկ քաղաքապետարանների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր դրանք որպես մանկապարտեզներ պահպանելու վերաբերյալ:
Եվս 230 նախադպրոցական հաստատություն գտնվում է փակ զինավաններում, որոնց կեսը պաշտպանության նախարարությունն արդեն կարող է փոխանցել տեղական իշխանությունների հաշվեկշռին:
Լսելով խնդրի վերաբերյալ Անատոլի Սերդյուկովի զեկույցը` Դմիտրի Մեդվեդևը խոստացել է լրջորեն զբաղվել բոլոր այն ղեկավարներով, որոնք չեն կարեւորում գերատեսչական ենթակայության նախադպրոցական հաստատությունների պահպանման անհրաժեշտությունը:
Խորագիր՝ Նորություններ