ԲԱՆԱԿԸ ԲՈԼՈՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին և նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին շրջանում իրականացված ինժեներական, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: ՀՀ վարչապետը և ԱՀ նախագահը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Վարչապետը կարևորել է զինված ուժերում սննդի նոր կարգի ներդրումը և նկատել, որ այն կարող է խթանել նաև գյուղատնտեսության զարգացումը, քանի որ գյուղմթերքը ձեռք է բերվելու ուղիղ գյուղացուց:
Զինծառայողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանապահ դիրքեր այցելելու նպատակին, զինված ուժերի զարգացմանը, զինծառայողների շրջանում միջանձնային հարաբերություններին և այլ հարցերի:
Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, ասել է.
«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի պետ,
Պաշտպանության բանակի հարգելի հրամանատար,
պարոնայք սպաներ, գեներալներ, զինվորներ,
շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մեր շրջայցի նպատակն է պարզել` արդյոք զինվորների կյանքում դրական փոփոխություններ տեղի են ունենում, թե ոչ, և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ առումով: Այսինքն` կարճաժամկետ առումով ի՞նչ է տեղի ունեցել, և երկարաժամկետ առումով ինչ պետք է տեղի ունենա: Եվ, իհարկե, ամենակարևոր նպատակը ձեզ տեսնելն է, ձեր աչքերը տեսնելը, փորձել կարդալ, թե ձեր աչքերում ի՞նչ է գրված: Ուրախ եմ արձանագրել, որ ձեր աչքերի մեջ ես վստահություն եմ տեսնում ձեր սեփական ուժերի նկատմամբ, վստահություն եմ տեսնում մեր հայրենիքի նկատմամբ և վստահություն եմ տեսնում մեր ապագայի նկատմամբ:
Իհարկե, ոմանց հայացքի մեջ դա ուժեղ է երևում, ոմանց հայացքի մեջ թույլ, բայց մեր ընդհանուր նպատակը մեր հավաքական վստահությունն առաջին հերթին միմյանց նկատմամբ, յուրաքանչյուրս մեր ուժերի նկատմամբ և մեր հավաքական ուժի նկատմամբ բարձրացնելն է: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ դուք մշտապես զգում եք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Արցախի Հանրապետության իշխանությունները ոչ մի վայրկյան չեն մոռանում սահմանը պահող զինվորի մասին:
Վերջերս պաշտպանության նախարարությունում կոչումներ շնորհելու առիթ ունեինք` արձանագրումը հետևյալն էր. այն, ինչ կատարվում է թիկունքում, ցանկացած գործունեություն իմաստ ունի այնքանով, թե ինչքանով է սահմանը պահող մեր զինվորն ամուր: Բիզնեսը, քաղաքական գործունեությունը, կապ չունի` ընդդիմադիր, թե իշխանական, իմաստավորվում է բացառապես ձեր շնորհիվ, որովհետև, եթե դուք, մենք, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության զինված ուժերը պինդ կանգնած չլինեն բանակի թիկունքին` մնացած ամեն ինչը կլինի անիմաստ, ամեն ինչը` սկսած սրճարաններից, թատրոններից, կինոներից, ավտոմեքենաներից, տաղավարներից, ժամանցից, բացարձակ ամեն ինչը կլինի անիմաստ:
Եվ ես ուզում եմ, որ այդ գիտակցումը ձեր մեջ լինի, որովհետև երբեմն կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ ենք մենք այստեղ կանգնած: Դուք այստեղ կանգնած եք մեր ամբողջ պետության, ամբողջ ժողովրդի կյանքը, գործունեությունը, ամեն օրը և ամեն պահը իմաստավորված դարձնելու համար, որովհետև, եթե դուք այստեղ չլինեք, այնտեղ ոչ մի իմաստ չի ունենա ընդհանրապես որևէ բան անելու: Հետևաբար, անձամբ ես, մեր կառավարությունը ուզում ենք, որ դուք ամեն րոպե զգաք, թե մենք ինչքան բարձր ենք գնահատում այն ծառայությունը, որ դուք կատարում եք հայրենիքի առաջ:
…Այժմ զինված ուժերում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ: Իհարկե, այդ փոփոխությունները ձեզնից մի մասը կզգա շուտ, կապված տեղակայման վայրից, այլ հանգամանքներից, բայց դուք մի բան պետք է իմանաք. սովորաբար ընդունված է ասել, որ անվտանգությունը, բանակն առաջնահերթություն են, բայց ես ասում եմ, որ անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն են: Զինված ուժերի մարտունակությունից, ամրությունից է կախված ձեր թիկունքում տեղի ունեցող ցանկացած բան, ցանկացած բանի իմաստ ունենալը, հակառակ դեպքում որևէ բան իմաստ չի ունենա:
… Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ իմ ամենամեծ նպատակն է, որ դուք ամեն օր, ամեն պահ զգաք իմ անձնական հարգանքը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, զգաք իմ անձնական հարգանքը ձեր ծնողների նկատմամբ, զգաք, որ չկա այդպիսի խնդիր, դարդ, որի լուծումն ինձ համար նույնքան կարևոր չէ, որքան ձեզնից յուրաքանչյուրի համար, ձեր ծնողների համար: Մեր խնդիրն է, իմ խնդիրն է, որ դուք զգաք իմ անձնական սերը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, ձեր ծնողների նկատմամբ, ձեր անցած ճանապարհի նկատմամբ, բայց ամենակարևորը` ձեր ապագայի նկատմամբ, որովհետև ապագան այն է, ինչ մենք այսօր ձևակերպում ենք:
Հիմա ամենակարևոր խնդիրը, որ ես դնում եմ մեր զինված ուժերի առաջ, հետևյալն է. բանակը նաև պետք է լինի կրթության շատ կարևոր տեղ: Իմ ընկալմամբ` զինվորական գործն ամենաինտելեկտուալ գործերից է, որովհետև կան զորահրամանատարներ, որոնք լեգենդ են, լեգենդար են: Կան զորահրամանատարներ, որոնք միշտ հաղթել են: Ինչպես է լինում, որ, ենթադրենք, 5 հազարանոց զորախումբը հաղթում է 25 հազարանոց զորախմբին, միայն մի բանի արդյունքում. առաջինը` հրամանատարի, ըստ աստիճանակարգության` հրամանատարական անձնակազմի ինտելեկտի և սրանից բխող նվիրվածության, գիտելիքի:
Այսօր շատ են խոսում ռազմական հաշվեկշռի մասին, ասում են` Ադրբեջանն այս ունի, այս ունի, այս ունի: Մենք ի՞նչ ենք ասում. նախ՝ մենք, բնականաբար, ամեն ինչ անում ենք, այսօր մենք նոր տեխնիկա տեսանք, այսօր այնպիսի ձեռքբերումներ ունենք, որոնք էկրանների առաջ ցույց տալու չէ, ու կշարունակենք ունենալ այդպիսի ձեռքբերումներ, բայց մեր պատմությունը մեզ ի՞նչ է ասում. 88, 90, 91 թվականներին մենք ավելի պատրաստ էինք պատերազմի, քան Ադրբեջա՞նը, իհարկե` ոչ, նրանք ի՞նչքան զենք ունեին, մե՞նք ինչքան զենք ունեինք: 1918 թվականին` Սարդարապատի ժամանակ, մենք ավելի՞ պատրաստ էինք: Բայց մենք այսօր կանք, մենք այսօր նստած ենք Մատաղիսում` որպես հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ, և մենք իրար աչքերի մեջ նայում ենք և տեսնում ենք այդ հաղթանակի կամքը, որը դաստիարակվել է մեր անցյալ հաղթանակներով, և որը մեզ մոտ դաստիարակում է ապագա հաղթանակների վճռականություն: Սա է մեր անելիքը, և ես ուզում եմ բոլորիդ` շարքային անձնակազմիդ, սպայական անձնակազմիդ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ ձեր ընտանիքների անդամներին` և՛ սպայական կազմի, և՛ շարքային կազմի, և՛ պայմանագրային զինծառայողների, որովհետև զինվորական լինելու համար առավել ևս պետք է ունենալ ընտանիքի աջակցությունը: Եվ ուզում եմ բոլորիդ ընտանիքների անդամներին շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար, ձեր նվիրվածության համար, ձեր դուխի համար, ձեր ուժեղության համար, և խնդրում եմ առիթի դեպքում իմ անունից ձեր ընտանիքների բոլոր անդամներին բարևել:
Շնորհակալություն»:
Այնուհետև վարչապետը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: