ԵՐԳՍ՝ ՄԱՐՏԱԿՈՉ
Զրույց երգիչ, «Ղարաբաղի պատերազմի վետերանների» միության անդամ ԳԵՎՈՐԳ ՀԱՃՅԱՆԻ հետ
-Պարոն Հաճյան, Ձեր համերգին, երբ կատարում էիք ցեղասպանված արեւմտյան պոետների խոսքերով գրված երգերը, բազմաթիվ զինվորականներ եւ ազատամարտիկներ տեսա դահլիճում: Նրանք հրավիրվա՞ծ էին, թե՞ սեփական նախաձեռնությանբ էին մասնակցում:
-Մեծ մասը հրավիրված էր: Կարծում եմ` յուրաքանչյուր մտավորական, արվեստագետ պիտի ներշնչվի զինվորականի կամ ազատամարտիկի հետ շփվելիս եւ իր առաջին պարտքը պիտի համարի հնարավորության սահմանում օգուտ տալու բանակին: Ես երգիչ եմ ու բանակին կարող եմ տալ իմ երգը` հայրենասիրական, խրոխտ, հոգին զորացնող, քաջալերող ազգային երգը: Օրեր առաջ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Վարդան Ավետիսյանին էի հյուրընկալվել: Գեներալին ասացի, որ վաղուց չեմ եղել զորամասերում ու զինվորների համար համերգներով հանդես գալու թույլտվություն խնդրեցի, սիրով համաձայնեց: Կուզեմ, որ Գեւորգ Հաճյան անունը յուրաքանչյուր զինվորի հոգում բարի ու ոգեւորող զգացումներ արթնացնի:
-Ես լսել եմ, որ Հաճյան ազգանունը կապ ունի հաջի բառի հետ: Դուք գիտե՞ք Ձեր ազգանվան ստուգաբանությունը:
-Մեծ պապս գնաց Սուրբ Քաղաք` Երուսաղեմ, ու դարձավ հաջի: Որից հետո մարդիկ նրան սկսեցին կոչել հաջի տիտղոսով, որն էլ ազգանուն դարձավ նրա ժառանգների համար:
-Ձեր կենսագրության մեջ գրված է, որ Դուք Լիբանանում եք ծնվել` Այնճարում: Մուսալեռցի՞ եք…
– Այնճարում բոլորս էլ մուսալեռցի ենք, գաղթական: Մուսալեռցիները գնեցին այդ փոքրիկ հողակտորը եւ հիմնեցին իրենց գյուղաքաղաքը` թաղամասերն անվանելով Մուսալեռի գյուղերի անուններով` Վագըֆ, Հաճի Հապապլի, Պիթիաս, Քեպուսիէ, Խըդր Պեկ,Եոշուն Օլոք…
-Տխուր է…
-Այնճարի քաղաքապետը հայ է, թաղապետերը հայեր են: Երեք եկեղեցի ունենք՝ Առաքելական, Կաթողիկե, Ավետարանչական. ամեն եկեղեցի ունի իր դպրոցը: Ես վեց տարեկանից հաճախել եմ Սուրբ Պողոս եկեղեցի, իսկ 11-12 տարեկանում դպիր դարձա:
-Ո՞վ է եղել Ձեր մանկության հերոսը, ո՞ր մուսալեռցին:
-Պապիս «Մոսին»… Նա էլ մուսալեռցի է:
-Հրացա՞նը….
-Հայրապետ պապս հզոր մարդ էր: Նրա մասին զանազան պատմություններ էին շրջում մուսալեռցիների մեջ: Պատմում էին, թե քանի թուրք է սպանել՝ յուրայիններին պաշտպանելիս: Իսկ «Մոսին», որ Մուսալեռից էր բերել, այդ հերոսական-հեքիաթային պատմությունների վկան էր, մասնակիցը, կենտրոնական դեմքը:
-Ես արդեն սկսել էի Ձեզ հոգեւորականի կերպարի մեջ տեղավորել, քանի որ մանուկ հասակում դպիր եք դարձել…
-Ես շատ երեխա էի: Բոլոր կռիվների մեջ իմ մասնակցությունն ունեի՝ կա՛մ ծեծում էի, կա՛մ բաժանում: Անունս Ուրջ (արջ) էին դրել: Մի օր էլ Սուրբ Պողոս եկեղեցու քահանա Աշոտ քահանա Գարագյոզյանը ձեռքիցս բռնեց ու տարավ Դպրեվանք, ինձ հանձնեց Տաթեւ Սրբազանին, ու ասաց՝ միսը քեզ, ոսկորը մեզ… Ես սարսափեցի: Հետո սրբազանը հարցրեց.
-Եղբայր ունի՞…
Կարելի չէր, որ ընտանիքի միակ արու զավակը եկեղեցուն ընծայեն: Աշոտ քահանա Գարագյոզյանը պատասխանեց.
-Եղբայրը ճանապարհին է, մայրը հղի է:
Ու ես այդ ժամանակ իմացա, որ եղբայր պիտի ունենամ: Ամիսներ անց, երբ Դպրեվանքից առաջին անգամ եկա տուն, մամաս ասաց.
-Աստծո դեմքը վրադ իջած է:
-Խելոքացե՞լ էիք…
-Անշուշտ, խաղաղվել էի:
-Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր երաժշտական գործունեությունը:
-Ես ավարտել եմ Լիբանանի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջը: Աշխատել եմ Քուվեյթի ազգային վարժարանում, որտեղ կինս հայագիտական ամբիոնի պատասխանատուն էր, իսկ ես ղեկավարում էի երգչախումբը: Ղեկավարել եմ նաեւ Ազգային առաջնորդարանի քառաձայն երգչախումբը, ազգային «Յառաջ» վարժարանի երգչախումբը, որը ոսկե մեդալի է արժանացել: Հետագայում ավարտել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
-Իսկ ո՞ւր մնաց Դպրեվանքը: Դուք ինչո՞ւ հոգեւորական չդարձաք:
-Ես աշխարհիկ կյանքն ընտրեցի: Ինձ աշխարհիկ կյանքը ավելի շատ ձգեց: Չուզեցի սրտիս հակառակ գնալ: Ամեն մարդ պիտի իր կոչումը իմանա:
-Վաղո՞ւց եք Հայաստանում ապրում:
-2004թ.-ին վերադարձա: Ասում եմ՝ վերադարձա, որովհետեւ մենք՝ բոլոր հայերս, այս հողուջրից ենք սկիզբ առել, ու անկախ այն բանից՝ երբեւէ տեսել՞ ենք Հայաստանը, թե՞ ոչ, Հայաստան գալիս՝ մենք վերադառնում ենք…
1993թ.-ին Այնճարում կայացավ իմ առաջին մենահամերգը, իսկ 2006թ.-ից սկսվեց իմ շրջագայությունը աշխարհով մեկ: Ես երգել եմ աշխարհի երեւելի երաժշտական քաղաքներում ու մեծ հպարտությամբ ներկայացրել իմ հայ ազգային երգը, տեսել եմ, թե ինչ բարձր գնահատական է տալիս օտարերկրացի բարձրաճաշակ ունկնդիրը մեր ազգային երաժշտական մշակույթին:
…Այդուամենայնիվ, աշխարհի ոչ մի վայրում, ոչ մի բեմում այնպիսի հպարտությամբ ու ոգեւորությամբ չեմ երգում, որքան հայրենիքիս սահմանին՝ դիրքերում, երբ տեսնում եմ խրամատի մեջ կանգնած արծվի աչքերով զինվոր տղերքին: Ու երբ նրանք ձայնակցում են ինձ, երգս մարտակոչ է դառնում:
-Պարոն Հաճյան, օրերս Ձեր ծննդյան տարեդարձն էր: Ընդունեք «Հայ զինվորի» շնորհավորանքն ու բարեմաղթանքները: Թող իրականանան Ձեր բոլոր երազանքները:
-Շնորհակալ եմ: Իմ կյանքի ամենակարեւոր երազանքներն իրականցել են. հայրենիքում եմ ապրում, զավակներս մեծանում են սեփական երկրում՝ Տանը: Իսկ ամենամեծ բարեբախտությունն այն է, որ իմ հայրենիքի սահմանը իմ հայ զինվորն է պաշտպանում… Օտարության մեջ ծնված հայի համար սա մի ուրիշ երջանկություն է…
Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր
Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Բանակ և հասարակություն