ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՐԴԵՀՆԵՐՈՒՄ
Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, հասարակական տրամադրությունների ալիքի վրա ստեղծվեցին տասնյոթ փրկարարական կազմակերպություններ, որոնցից, սակայն, կյանք ունեցան երեքը՝ «Սպիտակը» (Երեւան), «Արցախը» (Ստեփանակերտ) եւ «Լոռին» (Ստեփանավան, ղեկավար՝ Արմեն Առաքելյան): Նրանցից առաջին երկուսին, բացի բնական ու տեխնածին աղետների հետեւանքների վերացմանը մասնակցելուց, վիճակված էր Արցախում քայլել պատերազմի արյունոտ ճամփաներով ու համագործակցելով զինվորական բժիշկների հետ՝ փրկել շատ ու շատ կյանքեր՝ միաժամանակ հավատարիմ մնալով միջազգային «Կարմիր խաչի» բոլոր օրենքներին ու հիմնարար սկզբունքներին: Երկուսի էլ ստեղծման նախապատմությունը նույնն է. երկրաշարժից անմիջապես հետո հասել էին Գյումրի, օր ու գիշեր փլատակներ քանդել, ապա, զգալով իրենց աշխատանքի ցածր արդյունավետությունը, գնացել էին տեսնելու այլ պետություններից ժամանած փրկարարների աշխատանքը եւ հասկացել, որ իրենց եւս վիճակված է տեխնիկական նման զինվածությամբ, աշխատանքի այդչափ մշակված եղանակներով գործող արագ արձագանքման ծառայությունների ստեղծումը: Ու մինչ կայացման եւ առաջին հաջողությունների շրջանն էր, սկսվեց պատերազմը…
1. ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ
Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի լեռնագնացների ակումբի հիմքի վրա 1989 թվականի հունվարի 13-ին, Մովսես Պողոսյանի ջանքերով, հիմնադրվեց Հայկական «Կարմիր խաչի» «Սպիտակ» փրկարարական ջոկատը, որի նպատակն էր բնական ու տեխնածին արհավիրքների դեպքում փրկել հնարավորինս շատ աղետյալների եւ նվազեցնել նրանց տառապանքները: Ակումբը միութենական ասպարեզում հայտնի անուն էր, եւ բավական է միայն նշել, որ անդամներից շատերն ունեին ԽՍՀՄ լեռնագնացության հրահանգչի կոչում ու այն սակավաթիվներից էին, ովքեր աղետյալ Գյումրի էին մեկնել իրենց ունեցած տեխնիկական սահմանափակ միջոցներով եւ կարողացել ինքնուրույն աշխատել: «Սպիտակի» հիմնադրման կազմակերպական խնդիրների լուծման գործում մեծ էր ինստիտուտի ղեկավարների դերը, ովքեր լայնախոհ ու հեռատես մարդիկ էին:
…Ընդամենը մեկ ամիս անց ջոկատն արդեն Տաջիկստանում էր. երկրաշարժի հետեւանքով առաջացած սողքը հողի տակ էր թաղել երեք գյուղ: Աղետյալ երկրի փրկարարների ժամանումը Տաջիկստան հասարակական մեծ արձագանք առաջացրեց: Բայց դեռ ոչ մի գործիք չունեին. միայն մի փոքրիկ գեներատոր, ջուր եւ աղետյալներին օգնելու մեծ ցանկություն: Իսկ մարտին արդեն Նոր Ամբերդում փրկարարների հավաք անցկացրին, որին մասնակցեցին նաեւ գերմանական «Կարմիր խաչի» ներկայացուցիչները, ովքեր տեսնելով լեռնագնացների արհեստավարժությունն ու նվիրումը՝ ԽՍՀՄ «Կարմիր խաչի» ղեկավարությանն առաջարկեցին միացյալ ուժերով «Սպիտակը» դարձնել օրինակելի փրկարար ծառայություն ամբողջ Խորհրդային Միության տարածքում: Նոյեմբերին համաձայնագիր կնքվեց, որից հետո ջոկատի անդամները մասնակցեցին եվրոպական պետություններում փրկարարների համար կազմակերպվելիք դասընթացներին:
Մովսես Պողոսյանի նախաձեռնությամբ սահմանվեց շուրջօրյա հերթապահություն, լեռնագնացների անձնազոհությունն ու նվիրումը համակարգված ձեւ ստացավ, ինչն էլ թույլ տվեց արագ եւ ժամանակին արձագանքել բոլոր վթարներին: Ջոկատը Երեւանում մասնակցեց մի քանի խոշոր վթարների հետեւանքների վերացմանը եւ ճանաչում ու վստահություն ձեռք բերեց: Իսկ Ռուբեն Սիմոնյանը, Արթուր Հակոբյանը, որոնք 15-16 տարեկան պատանիներ էին, փրկարարների համար հզոր ռադիոկենտրոն ստեղծեցին:
Մինչդեռ պատերազմ էր սկսվել, եւ լուրջ քննարկումներից հետո որոշվեց, որ մարտական գործողությունների գոտին նույնպես աղետի գոտի է, եւ եթե փրկարարների կարիք լինի, ապա պիտի մեկնեն, համապատասխան հանձնարարություն ստանան եւ կատարեն: Մովսես Պողոսյանը հիշում է, որ իր «Ով համաձայն է, թող առաջ գա» խոսքին առաջինն արձագանքեցին… պատանիները, որոնց բերել էին իրենց մոտ՝ նրանց եռանդը ճիշտ ուղղորդելու եւ փողոցից կտրելու համար:
«Սպիտակը» հասարակական հիմունքներով գործող կազմակերպություն էր, անդամները կամավորներ էին եւ անհատապես որոշումներ ընդունելու, մարտական գործողությունների գոտում այլ խմբերի հետ իրենց մասնագիտական ու քաղաքացիական պարտքը կատարելու ազատություն ունեին: Մովսես Պողոսյանի հավաստմամբ, այս առումով առանձնանում էին «Սպիտակի» բժիշկները, որոնք իրենց աշխատանքը զուգորդում էին թե՛ միջազգային մարդասիրական օրենքների, թե՛ հայրենասիրության եւ թե՛ մասնագիտական ու քաղաքացիական պարտքի լրիվ կատարման հետ. Գեւորգ Գրիգորյան, Գրիգոր Հարությունյան, Գրիգոր Ամատունի, Արտակ Խաչատրյան (զոհվեց 1993-ի ապրիլի 17-ին, գրավյալ Շահումյանի երկնքում), Գուրգեն Գրիգորյան, Հարություն Առուստամյան: Պատերազմող ԼՂՀ նրանք գործուղվում էին որպես բուժաշխատողներ, որպես փրկարար՝ «Սպիտակի» հետ մեկնում հրթիռակոծվող, ապա օդային ռմբահարվածների ենթարկվող Ստեփանակերտ, ապա եւ կամավոր մեկնում էին ԼՂՀ դաշտային հոսպիտալներ: Գեւորգ Գրիգորյանը, «Սպիտակի» կազմում վերադառնալով Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի գոտուց, հաջորդ օրն իսկ թռել էր Շահումյան, հետախույզների հետ անցել պաշարված Գետաշեն, ադրբեջանական գերության մեջ անցկացրել 17 օր ու մի փոքր կազդուրվելով՝ վերստին մեկնել պատերազմող Արցախ՝ կատարելու իր մասնագիտական պարտքը: Մովսես Պողոսյանը հիշում է, որ արդեն իսկ պատերազմի սկզբին, ի տարբերություն շատ բժիշկների, նրանք գիտեին գազային գանգրենայի մասին եւ ռազմական վիրաբուժության շատ ու շատ գաղտնիքներ:
Առաջին անգամ Ստեփանակերտ եկած «Սպիտակի» անդամներին դիմավորեցին տեղի փրկարար ծառայության պետ Ասլան Գրիգորյանն ու… Շուշիի «Գրադը»՝ նախկին խորհրդային քիմիական գումարտակի ուղղությամբ արձակված լրիվ համազարկով, եւ փրկարարներն ընթացքից նետվեցին մոտակա փլատակները՝ հանելու վիրավորներին: Մոտ մեկ ամիս մնալով Ստեփանակերտում՝ ցերեկներն աշխատում էին ու սովորեցնում, իսկ գիշերները կանոնադրություն մշակում: ԼՂՀ «Արցախ» փրկարար ծառայության գործունեությունն իրավական հիմքերի վրա դրվեց պատերազմի հրդեհներում: Կազմեցին պարապմունքների ծրագիր, թեեւ պատերազմն իր խմբագրումներն էր մտցնում… Այդպես սկսվեց «Սպիտակի» ու «Արցախի» համագործակցությունը:
Իսկ Հայաստանի սահմանամերձ շրջաններում «Սպիտակի» փրկարարներն անձնական նախաձեռնությամբ էին գործում: Մովսես Պողոսյանը հիշում է, որ եթե սահմանամերձ գյուղերի բնակիչները շատ լավ գիտեին հրետակոծումից պաշտպանվելու եղանակները, ապա չգիտեին՝ ինչ անել հրթիռի խփելուց հետո, եւ փրկարարները նրանց շատ բան սովորեցրին:
«Սպիտակը» մարտական ջոկատ չէր, գործում էր «Կարմիր խաչի» կազմում եւ խստիվ ենթարկվում նրա օրենքներին: Ի վերջո, փրկարարների կոչումը ոչ թե ավտոմատ բռնելն էր, այլ աղետյալներին փրկելը: Իսկ աղետներն անպակաս էին… 1993-ին Օսիայում՝ Ռոնիի կիրճում հսկա ձնահյուսքի տակ մի ողջ ավտոշարասյուն մնաց, ուր նաեւ տասնչորս հայ վարորդներ եւ ուղեկցողներ էին, ովքեր այդ միակ ճանապարհով բենզին ու դիզելային վառելիք էին բերում շրջափակված ու պատերազմող Հայաստան: Ռուս փրկարարները պնդել էին, թե շուտով հաջորդ ձնահյուսքը կգահավիժի ցած, եւ մինչ գարուն անհնար է գտնել զոհվածների մարմինները, բայց «Սպիտակի» չորս փրկարարները գտել էին բոլոր հայ զոհերի մարմինները եւ տեղափոխել Հայաստան:
Ջոկատում սկզբում կար երեսուներկու փրկարար: Ժամանակի ընթացքում այդ թիվը կրկնապատկվեց, ապա նվազեց, ու պատերազմի տարիներին հիմնականում երեք տասնյակ փրկարարներ աշխատեցին: «Արցախ» փրկարարական ծառայության ղեկավար Ասլան Գրիգորյանը հիշում է, որ հրթիռակոծումներից մեկի ժամանակ, երբ շուրջն ամեն ինչ այրվում ու քանդվում էր, իսկ հիվանդանոցը հեռու էր, «Սպիտակի» փրկարարներն անգամ… ծնունդ ընդունեցին:
Փրկարարները վիրավորներին փլատակների տակից հանում ու, եթե մեքենա չկար, պատգարակների վրա ձեռքով հասցնում էին հիվանդանոց: Իսկ եթե քաղաքում հանգիստ էր, «Սպիտակի» բժիշկներն իսկույն գնում էին հիվանդանոց ու հոսպիտալ, որտեղ նրանց կարիքը միշտ կար: Փրկարարներն ու բժիշկները նույն խնդիրն էին կատարում, եւ 92-ի ամռանը, Ասլան Գրիգորյանի խնդրանքով, Գրիգոր Ամատունին խմբով մեկնեց Ստեփանակերտ եւ սանհրահանգիչների դասընթացներ կազմակերպելով՝ սովորեցրեց առաջին բժշկական օգնության, ինքնօգնության ու փոխօգնության գիտելիքները մարտիկներին փոխանցելու եղանակները:
Երբ հրթիռները պայթում էին Ստեփանակերտում, իսկ վարձկանների վարած ՍՈՒ-երը ռմբանետումներ էին կատարում, ու շատերը ապաստարաններում էին, «Սպիտակի» փրկարարները շարունակում էին աշխատել, հաճախ՝ առանց համապատասխան գործիքների քանդել փլատակներն ու ամենայուրօրինակ լուծումները գտնելով՝ փրկել վիրավորներին: Մովսես Պողոսյանը պատմում է, որ չունենալով ոչ մի վիրաբուժական գործիք, փոշու, պայթյունների եւ հրդեհների մեջ Գրիգոր Ամատունին «120-անոց» մեխով անցք էր բացել վերին շնչուղիները լրիվ վնասած ու մահացող վիրավորի կոկորդին եւ փրկել նրա կյանքը: Երբ Ստեփանակերտ հերթական գործուղումներից մեկը համընկել էր Մարտակերտի ազատագրման հետ, ու երբ պիտի վերադառնային, հանկարծ պարզվել էր, որ Գեւորգ Գրիգորյանը չկա: Ավելի ուշ Պողոսյանը նրան գտել էր Մանիքլուի դաշտային հոսպիտալում ու մեկ շաբաթ Գրիգորյանի «սանիտարը» դարձել, մինչ վիրավորների հոսքը հանդարտվել էր, ու իրենք եւս վերադարձել էին: Պատմում են, որ դաշտային հոսպիտալում եղած Գրիգորյանը Մովսես Պողոսյանի գտած ալյումինե մետաղալարի միջոցով վիրավորի մարտիկի ջախջախված, երկու մասի բաժանված ծնոտը ներսից ճիշտ դիրքով անշարժացնելով՝ ուղարկել էր Ստեփանակերտ ու փրկել…
Մովսես Պողոսյանի խոստովանությամբ, իրենք «ուրբանիզացված» փրկարարներ էին, գիտեին քաղաքային պայմաններում աշխատելու եղանակները, իսկ մարտադաշտում գործելու համապատասխան փորձ չունեին եւ կրակի գծից վիրավորների դուրս չէին բերել: Բայց պատերազմի ողջ ընթացքում անընդհատ մեկնել են ԼՂՀ, որտեղ էլ «Սպիտակի» վերջին հերթապահությունն ավարտվեց մայիսյան հաղթական զինադադարի հաստատումից հետո: «Սպիտակի» անդամները մասնակցեցին նաեւ հյուսիսարեւելքում Հայաստանը երիզող լեռնաշղթաների ձյուներում մնացած զինվորների փրկությանը:
2. ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՎՐԱ ՈՒ ԿՐԱԿԻ ՏԱԿ
«Արցախ» փրկարարական ծառայությունը հիմնվեց 1984-ին, Ասլան Գրիգորյանի նախաձեռնությամբ ստեղծված ԼՂԻՄ տուրիստական ակումբի հիմքի վրա: Հիմնադրումից երկու տարի անց ակումբը դարձել էր Ադրբեջանի չեմպիոն, ապա միշտ մրցանակային տեղեր զբաղեցրել միութենական տարբեր ստուգատեսներում, Մեծ Կովկասյան լեռնաշղթայում լեռնագնացության 6-րդ կարգ լրացրել, եղել Արևելյան Սիբիրում ու Պամիրում: Էվերեստն ու Կարակումն էին ուզում հաղթահարել, սակայն եկավ 88-ը:
Ակումբի հիմնադրման նպատակը Լեռնային Ղարաբաղում զանգվածային տուրիզմի և հայրենաճանաչողության զարգացումն էր, որը Ասլան Գրիգորյանի համոզմամբ, հայրենասիրական դաստիարակության հիմքն է: Ակումբի հենակայանները Ստեփանակերտում ու Մարտակերտում էին, իսկ անդամների մեծ մասը ֆիզկուլտուրայի ու ռազմագիտության ուսուցիչներ էին: Փոխնախագահը Սերգեյ Թովմասյանն էր, նա զոհվեց Մարտակերտում, դաշտային հոսպիտալի շեմին՝ Ասլան Գրիգորյանի ձեռքերի վրա: Իսկ Նելսոնը, նույն Մարտակերտում իր մարմնով ծածկելով ականը, մարտընկերների կյանքը փրկեց:
Գրիգորյանը, որ համոզված էր, թե Ադրբեջանը, ի վերջո, պատերազմ է սանձազերծելու, աղետյալ Գյումրիից Ստեփանակերտ վերադառնալուն պես հիմնեց հասարակական հիմունքներով գործող «Արցախ» փրկարարական ծառայությունը, ապա ծանոթացավ «Սպիտակի» տղաների հետ, որոնք բավական բան էին սովորեցրել:
Միայն վրաններ, քնապարկեր ու լեռնագնացության միջոցներ ունեին, և առաջնահերթը տեխնիկական միջոցների ձեռքբերումն էր, մանավանդ որ «Սպիտակը» քիչ բանով կարող էր օգնել. գերմանական «Կարմիր խաչը» նրանց տեխնիկական միջոցներ էր տրամադրում՝ դրանք երրորդ կողմին չհանձնելու պայմանով, իսկ երկու ջոկատներն էլ հստակ պահպանում էին միջազգային «Կարմիր խաչի» օրենքները:
Երբ իմացվեց՝ Մոսկվայից ինչ-որ բարձրաստիճան հանձնաժողով է գալու, գիշերը Ստեփանակերտի երկու ինը հարկանի բնակելիների միջև Հայաստանի հսկայական դրոշը հայտնվեց, և հանձնաժողովին ուղեկցող Ադրբեջանի փոխներքգործնախարարի հրամանով Գրիգորյանն իսկույն ձերբակալվեց մեկ պարզ և համոզիչ պատճառաբանությամբ. «Դա միայն դու կարող էիր անել…»:
1990-ի մայիսի 24-ին ԼՂԻՄ մարզկոմի որոշմամբ՝ «Արցախն» ընդգրկվեց պետական կառույցում, իսկ օգոստոսի 1-ին Երևանից Ստեփանակերտ թռչող «ՅԱԿ-40»-ը Լաչինում Ֆարաջ գյուղի մերձակայքում կործանվեց: Հակառակ Բաքվի դիմադրությանը, «Արցախի» փրկարարները խորհրդային հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ երկու անգամ ուղղաթիռներով մեկնեցին աղետի լեռնային ու դժվարամատչելի վայր՝ դուրս բերելու զոհվածների աճյուններն ու կործանված ինքնաթիռի բեկորները՝ փորձաքննության ուղարկելու համար: Տեղացիները, որ արյան ու ծխացող բեկորների մեջ դիակապտությամբ էին զբաղված, ինչով ասես զինված հարձակվել էին լեռնագնացների վրա, բայց ետ էին շպրտվել հատուկ ջոկատայինների կողմից:
Նույն 1990-ին, երբ Ստեփանակերտում պայթեցին «Ալազանները», առաջինը «Արցախի» փրկարարները տեղ հասան: Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանով՝ Գրիգորյանը շուտով նշանակվեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կենտրոնական շտաբի անդամ և ԻՊՈՒ փրկարար ծառայության պետ: Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանով փրկարարներից պարետային վաշտ էր կազմավորվել, որն իրականացնում էր շտաբի պահպանությունը: Ի պատասխան Գրիգորյանի զարմացած հայացքի, նա բացատրել էր. «Լեռնագնացները հավատարիմ տղաներ են»:
Նախկին խորհրդային զորքերի հեռանալուց հետո Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանով փրկարարներն էին նետվել հատուկ ջոկատայինների թողած Ստեփանակերտի երկաթուղային կայարան և արգելափակել Մալիբեյլիի կողմից ադրբեջանական ՕՄՕՆ-ի մուտքը: Բայց շուտով, երբ «Արցախը» սկսեց գործել «Կարմիր խաչի» դրոշի ներքո, ԼՂՀ իշխանությունների հրահանգով կտրականապես բացառվեց նրանց մասնակցությունը մարտական գործողություններին:
Շուշիից «Գրադի» գործելով փրկարարների աշխատանքի ծավալը մեկեն մեծացավ: Եվ նրանց դյուրակիր ռադիոկայանքներ բաժանվեցին, ու փլատակների տակ մնացած վիրավորներին հանելու համար տեղանքում կողմնորոշվելու աշխատանքն արդեն իսկ ավելի ճշգրիտ ու արդյունավետ դարձավ:
«Կարմիր խաչի» ներկայացուցիչները, գալով Ստեփանակերտ, փրկարարներին ընդունեցին իրենց շարքերը, շարժական գեներատորներ ու տեխնիկական որոշ միջոցներ տրամադրեցին: Այս ասպարեզում «Արցախը» պարտական է նաև բարոնուհի Քերոլայն Քոկսին. տեսնելով նրանց աղքատիկ վիճակը՝ հաջորդ այցելության ժամանակ բարոնուհին ժամանեց Մեծ Բրիտանիայի փրկարար ծառայության պետի հետ: Վերջինս, զարմացած դիտելով ծառայության դատարկ պահեստները, հաջորդ անգամ իր հետ տեխնիկական զգալի միջոցներ բերեց:
Ապա Ասլան Գրիգորյանն ու փրկարարները մասնակցեցին Ասկերան-Աղդամ սահմանագծում «Կարմիր խաչի» նախաձեռնած առաջին բանակցություններին, որոնք բավական տարօրինակ ընթացք ունեին: Հայկական կողմը պահանջում էր գերիներին ու զոհվածների մարմինները չխոշտանգել, Ադրբեջանի ժողճակատի ներկայացուցիչն առաջարկում էր Շուշին գրավել ու վերջ տալ այս անիմաստ պատերազմին, քանի որ, ի տարբերություն հայերի, իրենք չգիտեն, թե ինչի համար են կռվում, որին ի պատասխան, ադրբեջանցի գեներալը վերջինիս վրա բղավելով, նրան «դավաճան» էր անվանել… Ադրբեջանցիները խրամատի միջից էին բանակցում, հայերը՝ խրամատի վերևից: Բանակցությունների ավարտին թուրքերը գնդացրային կրակ էին բացել ինչպես հայերի, այնպես էլ «Կարմիր խաչի» իրենց իսկ ներկայացուցիչների վրա:
Ստեփանակերտի հրթիռակոծումները գնալով սաստկանում էին, ու փրկարարները ստիպված հերթապահում էին… բարձրահարկ շենքի տանիքին: Դիտորդը ռադիոկապով իսկույն հաղորդում էր ավերածությունների վայրը, և փրկարարների «ՈՒԱԶ»-ները սլանում էին այնտեղ: Քաղաքը, ըստ հատակագծի, բաժանված էին քառակուսիների, որոնց ազդականչերն ամեն օր փոխում էին, որպեսզի թշնամին լսելով գլխի չընկներ: Քանի որ մարդկային ռեսուրսներն անգամ ճակատում չէին հերիքում, ու շրջաններում շատ դժվար էր, Ասլան Գրիգորյանը տարեց մարդկանցից փլատակները մաքրող խմբեր ստեղծեց, իսկ երիտասարդներից՝ կրակի դաշտից վիրավոր հանող խմբեր: Շուտով այնքան մասնագիտացան, որ Ստեփանակերտ այցելող արտասահմանյան փրկարարները ապշում էին տղաների գրանցած հաջողություններից, իսկ «Սպիտակի» տղաները խոստովանեցին, որ սովորեցնելու բան այլևս չունեն և միայն կարող են օգնել:
Փրկարարները առաջինը վիրավորներին սկսեցին դուրս բերել Ստեփանակերտին սպառնացող կրակակետերի նշանառության դիրքերից, ապա՝ Մարտակերտի ճակատից: Ըստ Ասլան Գրիգորյանի, փրկարարի գործն անհայտության մեջ է. մարտիկը գիտի, ճանաչում է մարտադաշտն ու իր ուղղությամբ աշխատող կրակակետերի տեղադրությունը, իսկ փրկարարը՝ ոչ ու նաև չի կարող, առանց վիրավորի, ավելի անվտանգ վայր տեղափոխվել:
Սանիտարական «ՈՒԱԶ»-ներն առաջին գծի գրունտային ճանապարհներով վիրավորին հասցնում էին ասֆալտե ճանապարհ, որտեղից փրկարարները՝ «Շտապ օգնության» «ՌԱՖ»-երով տանում էին դաշտային հոսպիտալ: «ՈՒԱԶ»-ները հաճախ են շրջապատման մեջ մնացել, ծակծկվել ու ցանց դարձել, բայց անձնակազմը մարտով դուրս է եկել ու փրկել վիրավորներին: Այնուհետեւ միանգամից ավելի շատ վիրավոր տեղափոխելու համար «ՊԱԶ» ավտոբուսի սրահը վերաձևելով՝ ներսում վիրահատական սեղան ու պատգարակներ էին դրել, և անհամեմատ մեծ թվով վիրավորներ էին հասցրել դաշտային հոսպիտալ: Օրական մինչև 30 վիրավոր էին հանում կրակի գծից: Ասլան Գրիգորյանը ջերմությամբ է հիշում Գրիգոր Սայիյանին, Արթուր և Աշոտ Մկրտումյաններին, Ֆելիքս Միքայելյանին, ինչպես նաև «Սպիտակի» փրկարարներին ու բժիշկներին, որոնք պատերազմի տարիներին անպատկերացնելին էին անում…
Փրկարար ծառայությունը բաղկացած էր վեց ջոկերից, յուրաքանչյուրում վեց մարդ՝ ջոկի հրամանատարը, բուժակը, վարորդը և փրկարարները: Ամեն ջոկ իր «ՈՒԱԶ»-ն ուներ և առանձին ու ինքնաբավ միավոր էր: «Արցախը» գործեց բոլոր ռազմաճակատներում, բայց 92-ին հիմնականում Մարտակերտում էին, իսկ Քելբաջարն ազատագրելիս՝ կենտրոնական ուղղությունում: Խաչմերուկում ադրբեջանցիները դեռ դիմադրում էին, գնդացրային կրակահերթերով «հերոսաբար» իրենց փախստականների բեռնատարը հրդեհեցին, փրկարարներից Գրիգոր Սայիյանը կրակի տակ հասավ ու այրվող տենդը դեն նետելով՝ փրկեց բոլորին, որոնց թվում՝ մի հղի կնոջ, որին էլ հասցրեց Ստեփանակերտի ծննդատուն:
Ապա սկսվեց առաջին գծի անմիջապես թիկունքում հակաշոկային կետերի հիմնումը: Օրինակ, Մարտակերտի հակաշոկային կետը, որտեղ վիրաբույժ Ալեքսանդր Արամյանը և անզգայացնող Վալերի Կոստանյանը 94-ի հունվարին Հակոբ Կամարիի մարտերի օրերին այնքան կյանքեր փրկեցին, անասելի ջանքերով պահվող ճակատի գծից ընդամենը մեկուկես կիլոմետր էր հեռու:
Որպես այս ամենի գին, «Արցախը» չորս փրկարարների կյանքով, վիրավորներով ու ցանց դարձած մեքենաներով վճարեց, իսկ Ասլան Գրիգորյանը Ստեփանակերտում ու Մարտակերտում կոնտուզիա ստացավ:
Ստեփանակերտի հրթիռակոծումների ու օդային ռմբակոծումների հետևանքով ԼՂՀ քաղպաշտպանության շտաբը դադարել էր գոյություն ունենալ, փաստաթղթերի մեծ մասն այրվել կամ ցրիվ էր եկել: 1993-ին, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի որոշմամբ, «Արցախ» փրկարարական ծառայությանը հանձնվեցին ԼՂՀ քաղաքացիական պաշտպանության շտաբի բոլոր գործառույթները: Այդպիսով, «Արցախին» հանձնարարվեց հրթիռային, օդային և այլ հարվածներից բնակչության պաշտպանությունն ու տարհանումը ռմբապաստարաններ կամ այլ անվտանգ վայրեր կազմակերպելու գործը: Եվ կարճ ժամանակում մշակվեցին քիմիական հարձակման հակազդման, ինչպես նաև ճակատի ճեղքման դեպքում բնակչության տարհանման բոլորովին նոր ծրագրեր, քանի որ նախկին պլաններով նախատեսված երթուղիները, բնակչության կենտրոնացման կետերն ու մնացյալ ամեն ինչը Բաքվում անգիր գիտեին:
Ասլան Գրիգորյանն էր համակարգում նաև ԼՂՀ հակահրդեհային ու հակահամաճարակային ծառայությունները: Նրան օրը չորս անգամ էին զեկուցում քամիների ուղղության և ջրերի վիճակի մասին:
Միայն 1995-ին, երբ զինադադարն ամրապնդվել էր, «Սպիտակ» փրկարարական ծառայությունը ԼՂՀ պաշտպանության բանակից վերստին փոխանցվեց պետական ղեկավարման համակարգ, իսկ Ասլան Գրիգորյանը մինչև կենսաթոշակի անցնելը՝ 2005 թվականը, ղեկավարեց ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչությունը:
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ