Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ թիվ 23-ում

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ3

-Երեխա ժամանակ երազում էի գեներալ դառնալ։- Ես Սողոմոնին վերջնականապես ինձնով արեցի, երբ դիրքեր ճանապարհվելու համար ուղեկալի պահականոցում սպասում էինք վերակարգի մեքենայի մոտենալուն։- Լամպասավոր մարդն իմ կուռքն էր, ու թե պատահեր՝ փողոցում գեներալական ուսադիրներով զինվորականի հանդիպեի, շուրջս միանգամից ամեն բան սկսում էր վառվռել, շողշողալ ոգևորությունից՝ ներքուստ հրճվելով, որ ես ապրում եմ մի երկրում, որտեղ ինձ տրված են երջանիկ լինելու բոլոր հնարավորությունները՝ լինելու բախտիս տերը։ Ի վերջո՝ այստեղ են ապրում իմ «հերոսները»՝ հաղթական, գեղեցիկ, որոնք սնել էին իմ մանկական անմեղ երազները՝ գուշակելով վայելուչ ապագա… Երբ ես էլ հագիս կունենայի «հրաշք տաբատը», և մարդկանց մեջ իմ երևալը փառապանծ «ուռաներ» ու «կեցցեներ» կկորզեր հասարակության խանդավառ բերանից՝ հանձին ինձ ճանաչելով իրենց ապահովության երաշխավորին։

Ես ապշած էի Սողոմոնի անակնկալ, անսպասելի փոխակերպությամբ. իմ առջև այժմ հավակնոտ-հանդուգն մարտիկի մարդ-միջուկն էր նստած, որ թոթափել էր արտաքին ամեն պաճույճ ու պատանք՝ ի բաց հանելով հասուն մանկանը, որ տակավին բնակվում էր նրա հոգու երազաշեն ապարանքում։

– 1982-ին մեկնեցի ծառայության՝ «հայրենիքի հանդեպ ինտերնացիոնալ պարտքս կատարելու», և շուտով էլ հայտնվեցի իրականության ու երազիս արանքում՝ օդից դուրս վիճակում… որտեղ այլևս կուռքեր չկային։ Կային միայն գեներալներ, որոնց թեթև ձեռքով մարդկային ճակատագրեր էին խորտակվում։ Պղծում էին պատիվդ, փշրում արժանավայել ծառայել-ապրելու հույս ու հեռանկար՝ դարձնելով քեզ կամայականության, դաժան պարտադրանքի զոհը, քանի դեռ չես յուրացրել մի պարզ ճշմարտություն. «Ուզո՞ւմ ես ծառայել արժանավայել, գետնով չտալ պատիվդ՝ բարի եղիր կատարել «մեծամեծերիդ հրամանները», ինչպես որ երդվել ես…»։

Շարքի առաջ բերելով՝ ինձ բանադրեցին այն բանի համար, որ հրաժարվել էի կատարել գերեվարված մի աֆղանացու՝ ուղղաթիռից ցած նետելու վաշտիս հրամանատարի հրահանգը՝ հիմարաբար կարծելով, թե սարքովի խարդավանք է, բարոյական փորձություն, որից ես «պատվով էի դուրս եկել՝ բարձր պահելով խորհրդային զինվորի նկարագիրը»։ Մինչդեռ քառասուներորդ բանակի գեներալներից մեկը, որ ստուգայցի էր եկել մեր գումարտակ (արտաքո կարգի պատահարների թվում նրան էին զեկուցել նաև իմ հրաժարումի մասին), վաշտի անձնակազմի ներկայությամբ վարմունքս որակեց ամոթալի՝ վախկոտին վայել՝ հրամայելով ցուցադրաբար հագիցս հանել շալվարը, իբրև արժանի պատիժ, ինչն ինձ «դարձի կբերեր»։ Ես, իհարկե, չհնազանդվեցի կամավոր ստորանալու նրա պահանջին, սակայն գեներալի կամակատարները ոլորեցին ձեռքերս՝ արձակելով շալվարիս կոճակները։ Գեներալն ինձ առավել քստմնելի թվաց, երբ հանկարծ մտաբերեցի, հասկացա, որ նրան տեսել եմ մանկությանս օրերին, երբ դեռ պատերազմ չէր… Բաժանվելիս «իմ կուռքը» չմոռացավ մի առանձին հրովարտակով հոգ տանել նաև իմ հետագա ծառայության մասին, համաձայն որի ինձ և էլի մի քանի հոգու մեր գումարտակից տեղափոխեցին Աֆղանստանի անապատներում տեղակայված հեռավոր մի զորամաս, որը պատժագումարտակի համարում ուներ, և որտեղից ողջ-առողջ վերադառնալը հավասարազոր էր հրաշքի։

-Երևի, հիմա ամբողջ հոգով ատում ես նրան… քո կուռքին,- եզրակացրի` մի բան ասած լինելու համար:

-Հը՛…ը՛,- հակաճառեց մանկունակ,- ո՛չ առաջ, ո՛չ էլ հիմա…

-ՈՒրեմն… էլ ի՞նչ…,- ասացի դժգոհ:

-Ոչինչ… Շնորհիվ գեներալի առանձնահատուկ «հոգածության»՝ ես սովորեցի ողջ մնալ՝ համբերել, որտեղ էլ լինեի, ուր էլ ինձ ափ նետեր ճակատագիրը՝ շարունակ փափագելով այն օրը, երբ դիպվածը գուցե մեզ նորից կհանդիպեցներ։- Սողոմոնը, մի սիգարեթ վառելով, ագահաբար ներս քաշեց թանձր ծուխը, ասես առավել ներշնչված դրսևորելու բանասացի իր անուրանալի ձիրքը։- Փուչ, դատարկ բան է կյանքը. հաճախ չես էլ իմանա՝ ի՞նչ ցանեցիր, ի՞նչ կհնձես։ Քառասուներորդ բանակի գեներալը, եթե իմանար իր գլխի գալիքը, հազիվ թե ինձ հետ անիրավ վարվեր։

– Մի՞թե դիպվածը…,- հարցրի սարսուռով։

– Հապա էլ ի՜նչը. 1992 թվականի գարնանը մենք նորից հանդիպեցինք, երբ մեր փոքրաթիվ ջոկատը, պատսպարվելով անտառում, հայդուկային մարտեր էր մղում հայկական շեները բռնազավթած խորհրդային բանակի կանոնավոր ստորաբաժանումների և թուրք օմոնի դեմ, որպեսզի դուրս բերեինք ընկած գյուղերի վերջին հայ ընտանիքները բնաջնջման «օղակից»։ Մեզ հաջողվեց գիշերային մի հարձակումով վնասազերծել թշնամական պահակակետը և գերի վերցնել ադրբեջանցի աշխարհազորայիններով համալրված «ինտերնացիոնալ» կարգախումբը, որոնց մեջ էր նաև նա՝ նորին գերազանցություն բանակի գեներալը, որ քողարկիչ կոմբինեզոն էր հագել՝ թաքցնելով իր պերճանքն ու շուքը։ Յոթ տարի էր անցել, սակայն սրիկան մազաչափ անգամ չէր կորցրել իր նախկին տեսքն ու ազդեցիկությունը, նույնիսկ լավացել-լցվել էր։ Եվ դեռ համառում էր, չքմեղանում, թե երբևէ Աֆղանստանում չի ծառայել, և որ շփոթում եմ նրան ուրիշ մեկի հետ՝ իրեն վերագրելով ուրիշի մեղքերը (կարծես հայկական բնակավայրերը հրո ճարակ դարձնելը իսկապես էլ հակառակն էր ապացուցում)։ Ու երբ զենքի սպառնալիքով ստիպեցի քանդել կոմբինեզոնը, սողունն սկսեց ծամածռվել, ձևեր թափել՝ խոսելով սպայի պատիվ-արժանապատվությունից, մարդկային խղճմտանքից, և դեռ խոստացավ զորքը ետ քաշել, միայն թե շնորհազուրկ չլինի։ Արյունը գլուխս ընկավ, երբ նորից ու նորից հիշեցի անարգանքի ամոթալի պահը, երբ ինքս էի խնդրում… «Նորին գերազանցությունը» դիմակազերծ եղավ՝ ի հայտ բերելով գեներալական ուսադիրներն ու լամպասավոր տաբատը։ «Հանի՛ր շալվարդ, ընկե՛ր գեներալ,- ասացի նրան,- հերթն ի՛մն է։ Այս կռվում ե՛ս եմ գեներալը»։

Ես նրան բացատրեցի, որ չեմ կարող հրաժարվել հազվագյուտ բախտից և չպահանջել այն, ինչը ճակատագրով ինձ է պատկանում։ Այնպես որ, դու ճիշտ կռահեցիր, ժուռնալիստ, շարքայինից մինչև գեներալ։

– Հետո ի՞նչ արեցիք նրան,- հետաքրքրվեցի անհամբեր։

– Հետո, արժանապատվության դասեր առած, գեներալը վերադարձավ զորքի գլուխ… ես նրան ներել էի։ Նրանից ինձ հիշատակ այս ոսկեկար շալվարը մնաց, որ հագիս է մեր բաժանման օրից. ո՞վ գիտի՝ գուցե իմն էլ մինչև օրս նրա հագին լինի…

Մեզ ծանուցեցին, որ երեկոյան հերթափոխի մեկնող մեքենան ժամանել է, և որ կարող ենք հետախուզական խմբի հետ ուղևորվել առաջապահ տեղամաս: ՈՒ եթե նույնիսկ ռազմաճակատային լրագրության ասպարեզում իմ նորամուտը հաջողված համարեինք, միևնույն է` գնալով ավելի ու ավելի տենդագին էի զգում, թե ինչպես է շունչս կտրվում ինձ անհայտ, տագնապալի հուզմունքից, երբ հանկարծ սկսում ես գիտակցել, հասկանալ` « ևս մի քանի քայլ, և գլխովին կխմրճվեմ մարդկային հոգու ամենակուլ խորխորատները, որից հաճախ գլուխ չի հանում սատանան ինքը, էլ ուր մնաց` ես: Հենց այս դժվարին – դժոխային առաքելությունը պետք է որ նկատի ունենար Սողոմոնը, երբ զգուշացնում էր` « Մեղքը քո վիզը… » :

– Գալի՞ս ես, թե մնում, ժուռնալիստ,- ասես կարծիք էր հայտնում, այլ ոչ թե հարցնում…

4

Սողոմոնը անվերապահ հեղինակություն էր զինակիցների շրջանում։ Եվ մեր դիրքեր ժամանելուն պես իսկույն արժանացավ եղբայրական ջերմ ընդունելության։ Ամենքը հավասարապես ողջունում-ողջագուրվում էին Գեներալին, ինչպես երկարատև օտարությունից հարազատ վայրերը դարձած սիրելի մարդուն։ «Թուրքի աչքը ճամփիդ վրա ջուր կտրեց, Գեներալ ջան»,- հրավերք էին անում բլինդաժից մի խումբ կամավորականներ։

– Վաղո՞ւց է՝ չեք տեսնվել,- հարցրի՝ սրտագին ընդունելությունից զգացված։

– Երկու օր և երկու գիշեր,- պատասխանեց։

– Երկու օ՞ր…,- կրկնեցի թերահավատորեն։

– Հա՛, ի՛նչ է որ։- Հընթացս խեթեց «անողոք» հայացքով, որ թերևս նշանակում էր, թե գտնվում ենք մի այնպիսի միջօրեականում, որտեղ տարածության և ժամանակի չափումները տարբեր են սովորականից, և որ ճանաչողական արժեքներն այս կողմերում հակառակ համեմատական են հասարակ մահկանացուներիս՝ մարդկային հարաբերությունների մասին ունեցած պատկերացումներին։- Կարծում ես՝ երկու օրը քի՞չ է, որպեսզի իրար չկարոտենք. մեզ մոտ, մեկ տեսար, օրը մի ամբողջ հավերժություն է թվում, մեկ էլ տևում է ակնթարթից կարճ, և չես հասցնի աչքդ թարթել, երբ միանգամից այնքան թանկ անուններ ենք կորցնում, որոնց հիշատակելու համար մի կյանքը չի հերիքի…

Երեկոյան դեմ Գեներալն ինձ ուղեկցեց ռազմաճակատի ուժեղացված հսկողության տեղամաս, որտեղ ինքը դիրքապետ էր նշանակված, և որտեղ ամենամոտ տարածությունից (հակառակորդի հետ ճակատ-ճակատի հիսուն մետրից քիչ ավելի) կարելի կլիներ դիտարկել պլացդարմը՝ մտովի տեղափոխվելով մարտական գործողությունների թատերաբեմ։ Տեղանքը տափաստանային էր՝ սակավ բուսականությամբ, և այրված խաղողայգիներից բացի հսկայածավալ հարթավայրի ստորգետնյա հոսանքներով համեմատաբար հարուստ տեղերում հատուկենտ ծառատեսակներ էին աճում։ Միակ ուշագրավ բանը համատարած ամայության մեջ ահռելի ականային տոփանն էր, որ ընկած էր ադրբեջանական գրոհայինների դիրքերին մոտ և ամբողջովին ժանգոտել էր անձրևներից, արևից՝ պատվելով փարթամ մոլախոտով, որպես իր դարն ապրած երկրային մարմին՝ խորհրդանշելով հակառակորդ բանակի բարոյալքումը։ Ամեն գարնան կավահող տափաստանը տեղատարափ անձրևներից վերածվում էր անանցանելի՝ ամեն ինչ սոսնձող ցեխախյուսի, բացառելով որևէ երթևեկ (լինի գազան, թե մարդ արարած)։ Եվ հիմա տափարակի հյուսիսային հարթության վրա, դեպի ուր ծնկաձև լիսեռի պես տարածվել էր չեզոք գոտին, ընդգրկելով Արաքսի հովիտը, նկատելի էին անհայտ թշնամու՝ կավահողի մեջ քարացած սապոգների ճտքերը, որոնք դեռևս անցյալ գարնանից էին այդտեղ հանգչում՝ մատնանշելով հավերժական շարժման փուլային դրսևորումներից մեկը՝  փախուստ։

Երբ մթնեց, հեռվում՝ շամբուտներից այն կողմ, ցոլցլացին սահմանային լուսարձակները, որոնց բեկբեկուն շողերի ներքո պեծին էր տալիս նվիրական գետի արծաթ երիզը։ Եվ ես ակամա՝ գաղտնատես ոգու թելադրանքով, ուխտելու պես ինքս ինձ ասացի. «Ոչինչ այլևս անհույս կորած չէ…»։

Շարունակելի

Խորագիր՝ #24 (1093) 25.06.2015 – 1.07.2015, Հոգևոր-մշակութային


01/07/2015